Արդյո՞ք բնապահպանության նախարարությունը շահերի բախում ունի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, հարցնում է ՀԿ-ն

Արդյո՞ք բնապահպանության նախարարությունը շահերի բախում ունի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, հարցնում է ՀԿ-ն

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը բաց նամակ-հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) իրականացված ծրագրերի արդյունքների և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստեղծվեց 2013թ-ին: Այն ընդգրկում է «Շիկհողի արգելոց» ՊՈԱԿ-ը, «Արեւիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Կենսոլորտային համալիրը զբաղեցնում է մոտ 60 000 հեկտար տարածք:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նամակում ասված է.

«KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի բյուջեն կազմում է 8.25 մլն եվրո, և այդ գումարի ինչ որ մի մասը նախատեսված է  ՀՀ Սյունիքի  մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:

Մեր կազմակերպության փորձագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լիարժեք չեն հստակեցվել Սյունիքի  մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների սահմանները: Դիտարկումների արդյունքում, համադրելով մինչև այժմ իրականացված ծրագրերը և դրանց համար ծախսված գումարները, կարծիք է ձևավորվում, որ Սյունիքի  մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներում մինչև հիմա իրականացված ծրագրերն արդյունավետ չեն եղել և այդ գումարների բախշման ձևաչափը թափանցիկ չէր:

Նաև պարզվել է, որ Սյունիքի  մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների ներսում և հարակից տարածքներում հատկացվել են ընդերքի ուսումնասիրության և ընդերքօգտագործման լիցենզիաներ: Իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ը ենթակետում նշված է, որ ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը, իսկ 3-րդ կետի ը ենթակետում նշված է, որ ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով, իսկ թ ենթակետում նշված է, որ արգելվում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխում:

Խնդրում ենք Ձեզ նախատեսված ժամկետներում մեզ տեղեկատվություն տրամադրել` 

- այն կազմակերպությունների ցանկը, որոնք պետք է իրականացնեն KfW գերմանական բանկի ֆինասավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագիրը,

- ՀՀ Սյունիքի  մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և հարակից համայնքների տարածքների սահմանները ճշգրտման գործընթացի արդյունքների և աշխատանքը իրականացնող կամ իրականացրած կազմակերպությունների ցանկի վերաբերյալ,

-  2008 թվականից մինչև այսօր ՀՀ Սյունիքի  մարզի բնության պահպանվող տարածքներում իրականացված ծրագրերի դրական արդյունքները և ծրագրերը իրականացրած կազմակերպությունների ցանկը,

- Ինչպե՞ս եք հիմնավորում իրար հակազդող գործունեությունը, այսինքն` բնության հատուկ պահպանվող տարածքների ներսում և հարակից տարածքներում հանքարդյունաբերություն,

-  տրամադրեք մեզ KfW գերմանական բանկի և ՀՀ բնապահպանության նախարարության  միջև ստորագրված «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին վերաբերվող փաստաթղթերը,

- վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում, KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ ինչպիսի՞  ծրագրեր են իրականացվել,

- վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացված բնապահպանական ծրագրերը ո՞ր կազմակերպություններն են իրականացրել

-  խնդրում ենք տրամադրեք մեզ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում, KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կամ մասնակցությամբ  իրականացված ծրագրերի արդյունքները և ֆինանսական հաշվետվությունները»:

Փետրվար 04, 2015 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր