

ԷկոԼուր
Այսօր` ապրիլի 17-ի հատուկ նիստում, ՀՀ Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրեց իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի, որպես Հայաստանի նախագահ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվեց ապրիլի 9-ին: ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը ստանձնեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է «Իմ քայլը» նախաձեռնությունը իրականացնում է խաղաղ բողոքի ակցիաներ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նախաձեռնությունը գլխավորում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին Փաշինյանը հայտարարեց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը:
Մայրաքաղաք Երևանում ցուցարարները փակեցին գրեթե բոլոր կենտրոնական փողոցները, դպրոցականները, ուսանողները հայտարարեցին դասադուլ, զուգահեռ բողոքի ցույցեր են անցկացվում նաև հանրապետության այլ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում: Ոստիկանությունն արգելափակեց դեպի Ազգային ժողովի շենք տանող ճանապարհները:
Մինչ ԱԺ-ում պատգամավորները վարչապետ էին ընտրում, ցուցարարները շրջափակում էին կառավարության շենքերը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ «առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար»:
Ապրիլ 17, 2018 at 18:46
