

Շուրջ երկու տարի է՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչները զրկված են մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Պարբերաբար տեղի ունեցող վթարների հետևանքով ջրատար խողովակների միջով հոսող խմելու ջուրն աղտոտվում է, բնակարաններում ծորակից դեղնավուն հեղուկ գալիս: «Մեր տներում արդեն տևական ժամանակ է՝ խմելու ջրի որակը սարսափելի է: «Վեոլիա Ջրին» ահազանգում ենք հերթական վթարի մասին, գալիս են, ջրի նմուշներ տանում քիմիական և մանրէաբանական անալիզի, սակայն արդյունքների մասին մեզ տեղյակ չեն պահում... Նախորդ անգամ պահանջել էինք գրավոր, կնիքով տրամադրել արդյունքները, որպեսզի անկախ լաբորատորիայում արված արդյունքների հետ համեմատենք, սակայն ոչ մի պատասխան չեղավ նրանց կողմից։ Այսպես շաբաթը մեկ նույն վթարներն են, նույն խայտառակ դրությունը... Այդ գարշահոտ ջրով ո՛չ լինում է լողանալ, ո՛չ լվացք անել, էլ չասեմ խմելու մասին... Մեր թաղամասը վերածվել է հակասանիտարահիգիենիկ մի վայրի, ուր վտանգված է այստեղ ապրող մանուկների և մեծահասակների առողջությունը, կյանքը»,- «ԷկոԼուրին» ահազանգում է Զովունիի բնակիչ Մարիամ Սուխուդյանը։
Բնակչի խոսքով՝ նախկինում արված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից միայն հայտնում են, որ դրանք նորմայի սահմաններում են: Մարիամ Սուխուդյանը նշեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներն օրերս կրկին ջրի փորձանմուշ են վերցրել, սակայն բնակիչներին այդ հետազոտությունների արդյունքների վերաբերյալ գրավոր որևէ տեղեկատվություն չեն տրամադրել: Երբ բնակիչները փորձել են փորձաքննության արդյունքների համար կապ հաստատել ընկերության լաբորատորիայի հետ, այնտեղից հայտնել են, որ բնակիչների կողմից նշված հասցեից որևէ փորձանմուշ չեն ստացել: Մինչդեռ «Վեոլիա Ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջից բնակիչների հարցմանը պատասխանել են, թե բնակչի նշած հասցեի վերաբերյալ լաբորատորիայից ճշտել են, որ վերցված փորձանմուշներում որակապես շեղումներ չեն հայտնաբերվել:
Մարիամ Սուխուդյանը նշեց, որ ջրի հաճախակի աղտոտման պատճառը ջրատար խողովակների անմխիթար վիճակն է: Ըստ նրա՝ Զովունի համայնքում խմելու ջրի համակարգի խողովակաշարի ամբողջական փոփոխություն է պետք իրականացնել: «Մենք հասկանում ենք, որ դա ժամանակ է պահանջում: Բայց պետք է գոնե ժամանակավոր լուծումներ տալ, զոդել այդ խողովակները... Բայց վթարի դեպքում բանվորները գալիս, փայտեր ու շիվեր են խրում անցքերի մեջ, իսկ դրանք ջրի ճնշումից հեշտությամբ դուրս են թռնում: Շրջակա միջավայրի կեղտաջրերն էլ կրկին մտնում են խմելու ջրի խողովակի մեջ: Շաբաթը մեկ նման կենցաղային խնդրի առաջ ենք կանգնում... Մեր կյանքի որակն էլ է փոխվել այս ամենի պատճառով», - նշեց Մարիամ Սուխուդյանը: Ըստ նրա՝ տեղի բնակիչներից մեկին ընկերությունից հայտնել են, որ ցրտերի պատճառով ընդհանուր մագիստրալի խողովակաշարի փոփոխման աշխատանքները, որոնք նախատեսվում էր մեկնարկել հունվարին, երկարաձգվել են մեկ ամսով:
Նշենք, որ «ԷկոԼուրը» հունվարի 14-ին կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու վթարված խողովակների վերանորգում չի իրականացվում: Վերջինս խոստացավ պարզել, թե խողովակաշարի որ տեղամասում է տեղի ունեցել վթարը՝ և տեղեկացնել արդյոք այդ հատվածի պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է: Սակայն թե՛ հունվարի 14-ին, թե՛ հաջորդ օրերին՝ Մուրադ Սարգսյանն այլևս չարձագանքեց մեր զանգերին:
Հունվար 17, 2022 at 19:41
