Օձուն համայնքի զարգացում vs հանքարդյունաբերություն

Օձուն համայնքի զարգացում vs հանքարդյունաբերություն

Օձուն համայնքը միավորում է Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի և Մղարթ գյուղերը: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ անասնապահություն, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակում, այգեգործություն: Համայնքը հայտնի է իր բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններով: Աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական մթերքների վերամշակման և մթերման ոլորտներում ենթակառուցվածքների ձևավորման համար:

Օձունի խոշորացված համայնքի Մղարթ բնակավայրում է գտնվում Մղարթի ոսկու հանքավայրը: Հանքավայրը շահագործվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից: Ընկերությունը Մղարթում վարձակալում է 40.09 հեկտար հող: Մղարթի ոսկու հանքի շահագործումը հանգեցրել է համայնքի տարածքների քիմիական աղտոտմանը:

Օձուն համայնքը աղտոտում են նսև Հագվի գյուղից մոտ 1,4 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ընդերքօգտագործման թափոնների լցակույտերը, որոնք առաջացել են Հագվիի պղնձի հանքավայրում մակերեսային և ստորգետնյա լեռնային փորվածքների անցկացման արդյունքում:

Օձուն խոշորացված համայնքի բնակչությունը՝ ներառյալ ՏԻՄ-ի ներկայացուցիչները, բավարար չափով իրազեկված չեն հանքարդյունաբերական աղտոտման ռիսկերի մասին: Առավել ևս մարդիկ պահանջատեր չեն այդ աղտոտվածության վերացման և ռիսկերի նվազեցման առումով: «Այդ թափոնները շատ հեռու են գտնվում մեզանից: Նախկինում չեն եղել մեր տարածքում, հիմա համայնքը խոշորացվել է, մեր ընդհանուր տարածքի մեջ է մտնում: Միգուցե 200 տարի առաջ ֆրանսիացիներն են թողել: Բացի այդ, ո՞վ գիտի, որ դրանք վնասակար են»,- նշեց հանդիպման մասնակիցը Հագվիից:

Մասնակիցները չկարևորվեցին նաև հանքարդյունաբերողի սոցիալ-տնտեսական պարտավորությունները համայնքի հանդեպ: Նշենք, որ մինչև 2020թ-ը «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը ներառված չէր «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանվող ընկերությունների ցանկում, ինչի հետևանքով էլ Ընկերության բնապահպանական վճարներից Մղարթը չի օգտվել բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար: Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված Ընկերության հաշվետվության համաձայն՝ Ընկերությունը 2017 թվականին բնապահպանական վճար չի էլ վճարել պետական բյուջե, ինչպես նաև չի վճարել բնօգտագործման վճար, քանի որ հանքը 2017թ-ին չի գործել: Ըստ նույն հաշվետվության՝ Ընկերությունը 2017թ-ին չի վճարել նաև մշտադիտարկումների իրականացման վճար: Զրոյական է նաև Ընկերության 2017թ-ի հաշվետվության Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (ՇՄՊԴ) հատկացումների տողը:  Շրջակա միջավայրի նախարարության 2017թ-ի հաշվետվության մեջ նշված է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի կողմից ՇՄՊԴ-ին վճարվելիք գումարի բազային չափը 6315000 դրամ է: Դրամագլխին հատկացման ենթակա գումարի ընդամենը հաշվարկված մեծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3514430, որից վճարվել է 1180630 դրամ: Դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար կազմել է 233381 դրամ, որը չի վճարվել:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ մինչև 2018թ. ընկերությունը 2 միլիոն դրամի չափով հատկացում է արել համայնքին, սակայն 2018թ. հետո դադարեցրել: «Հիմա չի աշխատում, չի վճարում… Աշխատում է, ուղղակի՝ անօրինական»,- արձագանքեցին հանդիպման մասնակիցները:

Մղարթի վարչական ներկայացուցիչ Ավագ Մոսինյանը նշեց, որ ընկերությունները հանքի փակումից հետո պետք է գյուղի համար այլընտրանքային զարգացման առաջարկներ ունենան: «Նոր ենք սկսել այդ ուղղությամբ աշխատել: Դիմել ենք իրենց (խմբ.՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ), տեսնենք՝ ինչ կարող են անել: 2013թ. պարտավորություն ունեին, որ համայնքում պետք է սոցիալական ծրագիր անեն, ընդամենը մեկ տարի են մի փոքրիկ գումարով օգնել, մյուս տարիներին ոչինչ չեն արել: Ամրագրված պետք է լինեն այդ ծրագրերը: Ցանկալի կլինի, որ այդ ամենն օրենսդրորեն ձևակերպված լինի, օրենքի ուժ ստանա, որպեսզի մենք չգնանք հանքին խնդրենք»,- նշեց նա: 

Ավագ Մոսինյանն անդրադարձավ նաև Մղարթի այլընտրանքային զարգացման հնարավորությանը. «Գյուղի աշխարհագրական դիրքը, անտառներով շրջափակված լինելը թույլ է տալիս տուրիզմի զարգացման հեռանկարը դիտարկել: Արդեն կան ընտանիքներ, որ ցանկանում են հանգստանալ մեզ մոտ: Մեր գյուղում գյուղատնտեսության հիմնական ճյուղը ցորենն է: Մարդիկ կան, որ գաղափար ունեն այդ ավել ծղոտից վառելիք ստանալ, արտադրություն են ուզում կազմակերպել, ջրի խնդրին են բախվում: Ցանկացած գործունեություն ձեռնարկելիս գալիս ենք ջուր չունենալու խնդրին: 2019թ. կառավարությունը որոշում է ընդունել խմելու ջրագծի կառուցման վերաբերյալ, նախագիծը գծվում է: Հույս ունենք, որ շուտով գոնե մրցույթի կդրվի, իսկ 2022թ. արդեն կառուցման համար ֆինանսավորում կլինի: Ջրի հարցը եթե լուծվի, գյուղում շատ հարցեր կարելի է լուծել»,- ասաց Ավագ Մոսինյանը:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունվար 11, 2022 at 19:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր