Օձուն և Մղարթ բնակավայրերի խնդիրները տեղի բնակիչների աչքերով

Օձուն և Մղարթ բնակավայրերի խնդիրները տեղի բնակիչների աչքերով

Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքն ու Մղարթ բնակավայրը զարգացման լուրջ խոչընդոտներ ունեն՝ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով աղտոտված տարածքներ, խմելու և ոռոգման ջրի հասանելիության խնդիրներ, երիտասարդների՝ ստեղծարար միտքն առաջ մղելու համար ենթակառուցվածքների բացակայություն: Թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրները և համայնքային կյանքում ակտիվություն առաջացնել, առաջարկում են տեղի բնակիչները՝ որպես համայնքի խնդիրներին, հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին քաջատեղյակ ռեսուրս: «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Օձունում և Մղարթում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ բնակիչներն ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ համայնքում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրումն ու դրանում իրենց կողմից արված առաջարկությունների ներառումը համայնքի հետագա զարգացման բանալին կդառնա:

Մղարթ

Մղարթ բնակավայրի գրեթե բոլոր խնդիրները սկսվում և վերջանում են խմելու ջրից: ԷկոԼուրի հետ զրույցում տեղի բնակիչները նշեցին, որ ցանկացած գաղափար ու ծրագիր իր սաղմնային փուլից առաջ չի գնում, քանի որ բախվում է համայնքի՝ խմելու ջուր չունենալու խնդրին: Մղարթի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը նշեց, որ գյուղը կարող է զարգանալ գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և դաշտավարությամբ: Մինչդեռ գյուղացիներն աշնանից գարուն անասունների համար ջուրը հարևան գյուղերից են բերում: «Գյուղի բոլոր խնդիրները սկսվում են ջրից: Երիտասարդությունը խուսափում է գյուղում ապրելուց և որևէ աշխատանք սկսելուց, որովհետև սոցիալական նվազագույն խնդիրները չեն լուծվում, եթե ջուր չկա»,- ասաց նա: 

Մղարթի մյուս խնդիրը հանքարդյունաբերական գործունեությունն է: Այստեղ է գտնվում Մղարթի ոսկու հանքավայրը, որի թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինների ընդերօգտագործման իրավունքը պատկանում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին: 2018թ. «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպահպանական փորձաքննության ներկայացրեց 2018-2037թթ. Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման հայտը: Սակայն մինչ օրս հայտը փորձաքննական եզրակացություն չի ստացել: 

Մղարթում ի հայտ եկած ջրի պակասը տեղի բնակիչները նաև կապում են ժամանակին հանքում իրականացված պայթեցումների հետ: «Ընդերքի պայթեցումներն ազդել են սարից եկող ջրերի վրա։ Գյուղում ջուր չկա. հողի շարժվելու ընթացքում հավաքված ջրերը կորել են»,- ասացին նրանք:

Հանքարդյունաբերությունը բացասաբար է անդրադարձել նաև մեղվաբուծության վրա: «Մեղվաբուծությամբ զբաղվող մարդիկ ասում են, որ երբ հանքը գործում է, մեղրի քանակը քիչ է լինում, քան այն դեպքում, երբ հանքը չէր գործում: Եթե մեղուների քանակը պակասի, բնությունը կտուժի»,- նշեցին բնակիչները: 

Իր հերթին Աղաբեկ Մոսինյանը նշեց, որ Մղարթի զարգացման համար շատ կարևոր է ջրի խնդրի լուծումն ու հանքարդյունաբերական ընկերությունների՝ օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունների կատարումը: 

Նշենք, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև 2012թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագրում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններ նշված չեն եղել, ինչը հակասում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի հոդված 54-ի 4-րդ մասի 9-րդ կետի պահանջներին։ Որպես Մղարթի համար սոցիալական ծրագիր «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը 2019թ. Մղարթի հանդիսությունների սրահի վերանորոգման համար 2 միլիոն դրամ գումար է հատկացրել, 2008թ. դպրոցի գազաֆիկացման և վառարանների համար՝ մեկ միլիոն դրամ: Բացի այդ, մինչև 2020թ. ընկերությունը ներառված չէր «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանվող ընկերությունների ցանկում, ինչի հետևանքով էլ ընկերության բնապահպանական վճարներից Մղարթը չի օգտվել բնապահպանական ծրագրերի իրականացման համար: 

Օձունի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ նշեցին, որ բնակավայրը ներկայում էլ որևէ բնապահպանական հարկ չի ստանում, որովհետև Մղարթի հանքավայրը չի գործում: Սակայն, միևնույն ժամանակ, տեղի բնակիչները տեղեկացրին, որ ընկերությունն առանց փորձաքննական եզրակցության անօրինական կերպով հանքավայրի շահագործում է իրականացնում:

Օձուն

Օձունում գյուղատնտեսության զարգացման լուրջ խոչընդոտներ կան: «Մեր բնակավայրը շատ քիչ արոտավայր ունի: Մարդիկ ուզում են անասնապահությամբ զբաղվել, սակայն մոտակայքում արոտավայր չկա, անասունը պետք է մի քանի կիլոմետր գնա, որ արածի, հետ գա: Մյուս կողմից էլ՝ ճանապարհներն են վատ»,- նշեցին բնակիչները: Այստեղ առկա է նաև ջրի խնդիր: «Ամռանը գալիս է մի շրջան, որ երեքից-չորս ամիս բավարար քանակի ջուր չի լինում: Ոռոգման ջուրը չի բավականացնում, օգտագործվում է նաև խմելու ջուրը»,- բացատրեցին նրանք: Բնակիչները բարձրաձայնեցին նաև մթերքի իրացման խնդրի մասին. «Ես չեմ կարողանում մեկ լիտր կաթը երկու հարյուր դրամից ավելիով վաճառել»: Ի պատասխան, տեղի բնակիչներից ոմանք առաջարկեցին մտածել համայնքում կաթի մթերման մինի ֆաբրիկա ստեղծելու մասին: 

Օձունի  երիտասարդ բնակիչներն էլ մատնանշեցին ինքնազարգացման համար համայնքում համապատասխան կենտրոնների բացակայությունը: «Չունենք ժամանցի կենտրոն: Ով գնում է Երևան ու ուսանող դառնում, այլևս չի վերադառնում: Մեծահասակներն էլ աշխատանք չլինելու պատճառով արտերկիր են մեկնում: Գյուղը դատարկվում է...»,- նշեց մի բնակիչ: «Շատ կուզեի, որ իմ գյուղում լիներ որևէ երիտասարդական կենտրոն, որ ինքնազարգացման համար չհասնեինք այլ համայնք: Մեկ ժամ ծախսում ենք տրանսպորտի վրա, հոգնած այնտեղ դաս անում: Բայց եթե իմ համայնքում լիներ, ավելի արդյունավետ կլիներ: Տեղում կծանոթանայինք համայնքի զարգացման մեթոդներին: Եվ իմ տարեկիցները դպրոցից անմիջապես տուն գնալու փոխարեն այդ կենտրոնում ոչ ֆորմալ կրթության միջոցով կզարգանային: Մենք ունենք դրա պոտենցիալը»,- նշեց Օձունի բնակիչը:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Դեկտեմբեր 14, 2021 at 12:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր