

2021թ. նոյեմբերի 26-ին «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում: Քննարկման բանախոսներն էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակչությունը հիմնականում իրազեկված է լինում հանքերից առաջացող աղտոտվածության, վնասների մասին, սակայն բնակիչների սոցիալական և տնտեսական վիճակը, ապրելու կենսամակարդակն այնքան ցածր է, որ իրենց համար ամենակարևորն աշխատատեղն ու գումար ձեռք բերելն է: Ըստ նրա՝ ներկայում աղտոտվածությունը մեծ ծավալների է հասել՝ կապված նաև հանքարդյունաբերության ծավալի ու քանակի մեծացման հետ: «Մենք ունենք մոտ մեկ միլիարդ տոննա պոչեր, որոնք հավաքված են փակված և չփակված պոչամբարներում: Ամեն տարի 20-25 միլիոն տոննա պոչեր են լցվում պոչամբարներ: Ներկայում 8000 հա տարածք գտնվում է բաց և փակ հանքերի տակ: Եթե ավելացնենք այն տարածքները, որոնք հաշվարկված չեն և գտնվում են լցակույտերի և դատարկ ապարների տակ, հասկանում ենք, որ մեր երկրի տարածքի մի տոկոսից ավելին աղտոտոված է»,- նշեց նա: Ինգա Զարաֆյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերությունները շրջակա միջավայրի աղտոտման ու բնակչության առողջությանը վնաս հասցնելուն զուգահեռ չեն իրականացնում այդ ռիսկերի նվազմանը կամ մեղմմանն ուղղված միջոցառումներ: «Ընկերությունների կողմից չի իրականացվում պարտավորությունների մեծ մասը: Նույնիսկ ահազանգերի դեպքում տեսչական մարմնի նշանակած տուգանքն անհամաչափ է ընկերության կողմից հասցրած վնասներին: Մի քանի ժամ պոչերի արտահոսք կարող է լինել, հողի աղտոտում լինել, որի համար սահմանված 300 հազար դրամ տուգանքը ընկերության համար չնչին բան է: Եթե չփոխենք այս վիճակը, ապա կունենանք ընդհանուր ոչ թե 10 հազար հա խախտված ու վերականգնման ոչ ենթակա տարածք, այլ՝ տասն անգամ ավելին»,- ընդգծեց նա:
Տուգանքների՝ հասցրած վնասի հետ անհամաչափ լինելու վերաբերյալ Նազելի Վարդանյանը նշեց. «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը միակն է, որ գործում է խորհրդային տարիներից: Փոփոխություն կատարելիս՝ տուգանքների չափերը միայն դրամային է փոխանցվել: Ու ոչ մի տարանջատում չկա: Եթե դու ավտոճանապարհային խախտում ես արել, նույն չափի տուգանք է նշանակվում, ինչը և հանքարդյունաբերողին, ով բիզնես է անում և վնասում շրջակա միջավայրը»,- նշեց նա:
Անդրադառնալով օրենսդրական բացերին՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Օրենսդրության մեջ մի կողմից կարգավորումների կիրարկման խնդիր ունենք, մյուս կողմից բացակայում են նորմերը, որոնք անհրաժեշտ են ոլորտի կարգավորման համար: Տեղում փորձաքննություն չի արվում, այլ նախարարության կողմից փաստաթղթերի հիման վրա տրվում է եզրակացությունը: Չեն տեսնում տեղանքը, թե ինչ կենսաբազմանություն կա այդտեղ, սոցիալական ինչ խնդիրներ կարող է առաջացնել այդ գործունեությունը: Բացի այդ, ծրագիրը պետք է անցնի տեխնիկական փորձաքննություն, որը նույնպես գրասենյակներում է իրականացվում: Մեր փորձաքննությունը ռեալ փորձաքննություն չէ: ՇՄԱԳ օրենքում նշված է, որ փորձագետը փորձաքննության մեջ գնահատում է մարդու առողջության վրա ազդեցությունը, ինչը չի իրականացվում, որովհետև նման մասնագետներ չկան Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնում: Երկրորդ, ռեսուրսներ նույնպես չկան, որևէ տվյալների բազա չկա անգամ: Առողջապահության նախարարությունից էլ ասում են, թե դրա մեթոդաբանությունը չունեն, բայց մի՞թե դժվար է մի զարգացած երկրի մեթոդանություն վերցնել և տեղայանացնել»,- նշեց նա:
Ինգա Զարաֆյանը հավելեց, որ օրենսդրական դաշտի փոփոխման արդյունքում թուլացել են դրանում առկա խիստ նորմերը: «2002թ. ունեինք պոչամբարների դասակարգում: Երեք ամենավտանգավոր՝ առաջին կատեգորիային պատկանող պոչամբար կար՝ Արարատի ցիանային, Գեղանուշի և Նահատակի: Հետո դասակարգումը որպես վտանգավոր թափոն հանեցին, և պոչամբարները դասակարգվեցին որպես երկորդային տեխնածին հանքավայրեր»,- նշեց նա:
Անդրադառնալով հանքարդյունաբերության՝ շրջակա միջավայրին և մարդկանց հասցված վնասների փոխհատուցման խնդիրներին և ՏԻՄ-երի կողմից այդ խնդիրների վերհանման բացին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց. «Տեղական ինքնակառավարման մարմինները սոցիալ-տնտեսական կախվածություն ունեն հանքարդյունաբերական ընկերությունից: Իրենք մեծ լծակներ չունեն, բայց մինիմալ լծակներն էլ չեն կարողանում օգտագործել: Մինչդեռ պետք է խոսեն ընկերության հետ ինչպես պետությունը, մտածեն շրջակա միջավայրի և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մյուս կողմից, մենք չունենք փոխհատուցման մեխանիզմներ: Սակայն պետական միջամտություն պետք է լինի: Քաղաքացիական հասարակությունն իր հերթին պատրաստ է դիմելու միջազգային հանրությանը, որպեսզի իրենք աջակից լինեն մեր պետությանը ներդնելու անհրաժեշտ մեխանիզմները»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նոյեմբեր 29, 2021 at 13:20