

Մշակվում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս աշխատանքը պատվիրակել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» փորձագիտական ընկերությանը: Նախորդ մի քանի ամիսների ընթացքում ռազմավարության մշակման համար ստեղծված փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների որոշակի արդյունքներ ներկայացվեցին 2021թ. դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումի ժամանակ: Ֆորումին ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես եկան ընդերքօգտագործման ոլորտը բարելավելու և դրանք ռազամավարության մշակման փուլում ներառելու առաջարկներով:
Լևոն Գալստյան, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ. «Եթե ուզում ենք փոխել քաղաքականությունը, պետք է փոխենք մեթոդաբանությունը: Հանքարդյունաբերության ռազմավարություն մշակող խմբի առնվազն երեք անձ 15 տարի աշխատել են հանքարդյունաբերական ընկերություններում։ Նրանք շահագրգիռ կողմ են։ Մենք կրկնում ենք նույն պատմությունը, ինչ եղել է 10-15 տարի շարունակ: Այդ խմբում պետք է լինի նույնպիսի երեք անձ, ովքեր համայնքների, ՏԻՄ-երի ներկայացուցիչ են, ովքեր բնապահապանական ու սոցիալական տեսանկյունից են շահառու: Այդ խմբում պետք է լինի հակառակ կողմի հավասարաչափ մասնակցություն:
Ռազմավարության կարևոր բաղադրիչը պետք է լինի նաև այն, թե ինչպես է ստացվել, որ վերջին 20 տարվա բոլոր նոր հանքավայրերի շահագործումը ձախողվել է. դրանք կամ չեն գործում կամ թողել, գնացել են: Այսօր ասում ենք՝ եկեք նոր հանքեր բացենք։ Սակայն պետք է գնահատել ախտորոշիչները: Ի՞նչն էր այդ ձախողման պատճառը»:
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ. «Ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթը կարելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ е-draft-ում, տեղադրել, առավել շատ մեկնաբանություններ և արձագանքներ հավաքագրել: Կա նման փորձ: Փաստաթղթերը դրվել են, ստացվել են արձագանքներ: Դա ամենաուղիղ հարթակն է կարծիքներ հավաքագրրելու համար:
Ինչ վերաբերում է փորձագիտական խմբի կազմին, չպետք է խոսենք քաղաքացու, հանրային շահի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կարծիքների արդյունավետ ներառման մասին։ Մենք պետք է խոսենք մշակման փուլում դրանց հավասար հիմքերով, հավասար սկզբնակետից մասնակցության մասին։ Սակայն մասնագիտական խումբը չի ներառում ոչ մի ներկայացուցիչ այս հսկայածավալ սեկտորից, որտեղ կան շատ լավ փորձագետներ։ Պետության կողմից համակարգման աշխատանքը պետք է ենթադրեր երկու կողմի հավասար մասնակցություն՝ և՛ բիզնես շահի, և՛ հանրային։
Միևնույն ժամանակ, ցանկալի կլինի, որ ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումների մեթոդաբանությունը, փուլայնությունը բավական հստակ ներկայացվի, նախապես հանրայնացվի, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերի համար հասանելի լինի մասնակցությունը»:
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ. «Գործընթացը չպետք է դառնա մի բան, որի դեմ սկսի պայքարել քաղաքացիական հասարակությունը: Խոսում ենք սպանիչ, ձախողված ոլորտի մասին: Եթե ճիշտ դեղատոմս չհրամցվի, պայքար կգնա փաստաթղթի և ոլորտի դեմ: Այստեղ պետք է բացառել շահերի բախման սկզբունքը, հակադիր կողմերի հավասարակշռում լինի: Բացի այդ, պետք է կարևորել համայնքային մակարդակում մարդկանց հետ առերեսվելը։ Իրական պատկեր ստանալու համար դաշտային աշխատանքների մեծ մասը պետք է լինի տուժած համայնքներում: Եթե ՏԻՄ-ի հետ հանդիպենք, պետք է հանդիպենք նաև բնակիչների հետ, ում առողջությանը և հողատարածքներին վնասներ են հասցվել: Պետք է թիրախային լինի ներքին մակարդակում դաշտային աշխատանքների իրականացումը»:
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն. «Մինչև չհասկանանք՝ որոնք են ոլորտի ձախողման ախտանիշները, մենք չենք կարող քաղաքականություն ունենալ: Պետությունը պետք է այդ ձախողման պատասխանները տա: Շահերի բախման մասով նշեմ, որ նույնսիկ եթե մարդիկ գործեն շատ պրոֆեսիոնալ, շահերի ինստիտուցիոնալ բախման խնդիրն առնվազն կասկածներ կարող է առաջացնել: Կան բազմաթիվ բախվող շահեր, և այս պարագայում՝ հանրային և մասնավոր շահը պետք է հստակ տարանջատվի»:
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն. «Գործընթացի մեթոդաբանության մեջ պետք է փոփոխություն լինի: Ռազմավարության գործընթացին տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությունը պետք է ապահովված լինի հենց այն փուլից, որտեղ կանգ ենք առել: Պետք է հանրությունը վստահություն ունենա այդ փաստաթղթի նկատմամբ, որպեսզի հետագայում կիրարկման ժամանակ խնդիրներ չառաջանան: Այն, որ այսօր հանքարդյունաբերությունը գնահատվում է որպես շահավետ ոլորտ Հայաստանում, խոսում է այն մասին, որ միակողմանի ուղղվածություն կա այս ռազմավարության մեջ: Որևէ շահույթ պետությանը չեն տվել այդ ընկերությունները: Պետք է գնահատական տրվեր՝ մենք ինչ ունենք: Մինչդեռ չեն գնահատվել տնտեսական վնասները, ոլորտի վիճակը։ Մենք չենք կարող նորմալ ռազմավարություն ունենալ, եթե տնտեսական և բնապահպանական վնասները չեն գնահատվել։ Գործըթնացի ընթացքում պետք է տարանջատել խորհրդային տարիների հանքերը, անկախությունից հետո բացված ձախողված հանքերը և նոր հանքերը: Մինչև այս բոլորը չբերվի օրինական դաշտ, նորմալ չաշխատեն, վնասները չմինիմալիզացվեն, նոր հանքերի մասին չենք կարող խոսել, և դրան պետք է անդրադարձ կատարվի քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ մարդու առողջության գնահատումը պետք է մտնի այդ գործընթացների մեջ»:
Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, Գնդեվազի բնակիչ. «Նորմալ պետությունում պետք է ունենայինք փոխզսպման մեխանիզմներ։ Եթե կառավարությունը ի դեմս երկու նախարությունների՝ նշում է, որ Հայաստանի ռազմավարությանը զարգացման հեռանկարները հանքարդյունաբերությունն է, ապա դատավարությունների տեսակետից քաղաքացին պետք է կարողանար իր իրավունքները լիարժեք պաշտպանել դատարանում։ Մինչդեռ ապացուցման ամբողջ բեռը դրված է քաղաքացու վրա: Պետությունը որևէ ֆունկցիա չի վերցնում իր վրա։ Նոր հանքերի շահագործման կամ չշահագործման, կամ բալանսավորման հետ կապված պետք է հասկանանք, թե ում ձեռքին է բալանսի գործիքը, ով է կշռելու, ինչ նժարներով են կշռվելու»։
Գեղամ Մարգարյան, Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ. «Վայոց ձորի մարզի բազմամետաղ հանքավայրերի հետ կապված բազմաթիվ դիմումներ ունենք, մեծ մասը՝ թերի փաստաթղթերով։ Շրջակա միջավայրի նախարարություն տասնյակ նամակներ ենք գրում, սակայն որևէ պատասխան չենք ստանում։ Հանքարդյունաբերական ընկերությունը հանքավայրի շահագործման վերաբերյալ համայնքի մերժումը ստանալուց հետո իր անունը փոխում է, նոր անունով գալիս համայնք: Այսօր՝ «Վայք Մետալ» է, վաղը՝ «Ոսկե Վայք», բայց գործը նույնն է։ Նախարարությունը չի՞ տեսնում, որ փաստաթղթերը նույնն են։ Եթե համայնքում կազմակերպված երկու հանրային լսումներից հետո համայնքը չի համաձայնվում հանքավայրի շահագործմանը, ուրեմն պետք է սահմանափակել այդ ընկերության մուտքը համայնք»:
Դեկտեմբեր 22, 2021 at 09:38