

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում գործող ՀԷԿ-երի ու հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից բնական ռեսուրսների ոչ ռացիոնալ շահագործումն ու շրջակա միջավայրի աղտոտումը խոչընդոտում են համայնքի զարգացմանը: Սիսիանի բնակիչներն ու տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակմանը, ինչը թույլ կտա բարելավել տեղի բնակչության սոցիալական և էկոլոգիական վիճակը և նպատակային օգտագործել համայնքի ֆինանսական միջոցները:
Սիսիան քաղաքում և Շաքի գյուղում «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի թիմը բնակչությանը և ՏԻՄ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ին, որի միջոցով պետք է հավաքագրվեն համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ տվյալները: «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում ստեղծվող տվյալների բազան հիմք կծառայի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար:
Ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց, թե որոնք են Սիսիանի սոցիալ-էկոլոգիական հիմնական խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, թե համայնքի զարգացման ինչպիսի հեռանկարներ կարելի է դիտարկել այս տարածաշրջանի համար: Բնակիչները խոստացան առաջիկա ամիսների ընթացքում ակտիվորեն ներգրավվել տվյալների հավաքարգման աշխատանքում՝ համայնքին անհրաժեշտ սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակելու համար:
Սիսիանում տեղի ունեցած հանդիպումները նախաձեռնվել են «Սոցիալ-Էկոլոգիական» կոնսորցիումի անդամ-կազմակերպությունների՝ «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:
Սիսիան համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակն արտացոլող հրապարակումը կներկայացվի հաջորդ հոդվածում:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունվար 31, 2022 at 14:57