Շրջակա միջավայրի նախարարությունն անտեսեց ՇՄԱԳՓ օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկները

Շրջակա միջավայրի նախարարությունն անտեսեց ՇՄԱԳՓ օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկները

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (www.e-draft.am) շրջանառության մեջ էր դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳՓ) օրենքի նախագիծը: Օրնագծի վերաբերյալ 2021թ-ի հուլիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդի անդամ շահագրգիռ կողմերին ու բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին խնդրեց 10-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել նախագծի հետ կապված իրենց առաջարկները, որոնք համապատասխան կարգով կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքում։ 

Մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն առաջարկներ են ուղարկել նախարարություն օրինագծի վերաբերյալ: Սակայն www.e-draft.am կայքում շրջանառության մեջ դրված օրինագծում որևէ առաջարկություն չի ընդունվել: Նշենք, որ առաջարկների վերաբերյալ որևէ քննարկում նախարարությունը չի կազմակերպել, ոչ էլ գրավոր նամակով հիմնավորել է առաջարկների մերժման հիմքերը, ինչն անհրաժեշտ էր առնվազն հասարակական խորհրդի անդամների հետ նախարարության աշխատելու ցանկությունն ընդգծելու համար:

«ԷկոԼուր»-ի առաջարկները ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը 2022թ. մարտի 2-ին ներբեռնեց www.e-draft.am կայք: Դրանք պետք է տեսանելի լինեին կայքում 2 օրվա ընթացքում: Սակայն դրանք առ այսօր տեսանելի չեն, գտնվում են մոդերացիայի փուլում: Մինչդեռ օրինագծի քննարկումն ավարտվել է մարտի 5-ին: Առկա է ընդամենը մեկ անձի 2 առաջարկ, որոնք Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունել է: Սա էլ փաստում է այս կայքի միջոցով նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ անցկացնելու ձևական բնույթի մասին:

Նման գործելաոճն անհասկանալի և անընդունելի է մեզ համար: Հնարավոր չէ կառուցողական երկխոսություն, քննարկում կամ աշխատանք երկու կողմերի միջև, եթե կողմերից մեկը մյուսին անտեսում է:

«ԷկոԼուր»-ը Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրել է հետևյալ առաջարկները.

  1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում ամրագրել ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հստակ և իմպերատիվ պայմաններ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Այս կարգավորումը միանշանակ չի կարելի մեկնաբանել՝ հաշվի առնելով, որ հանքի շահագործման թույլտվություն տրամադրելու համար իրականացվում է մեկ միասնական ՇՄԱԳ փորձաքննություն, որը վերաբերում է ինչպես արդյունահանման, այնպես էլ դրան նախորդող՝ շինարարության փուլերին։ Ստացվում է, որ եթե սկսել են շինարարական աշխատանքները, սակայն երեք տարվա ընթացքում չեն սկսել արդյունահանումը, դա չի կարող հիմք հանդիսանալ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ «գործունեություն» եզրույթի տակ կարող է մեկնաբանվել նաև շինարարական աշխատանքների իրականացման փուլը։ Առնվազն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի պրակտիկայում չեն արձանագրվել դեպքեր, երբ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվել այս հիմքով։

  1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել «էկոլոգիական գործոններ», կամ «էկոլոգիական նոր գործոններ» եզրույթները:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5 ենթակետը կիրարկելու համար չկա «էկոլոգիական գործոններ», կամ «էկոլոգիական նոր գործոններ» եզրույթների հստակ և հասկանալի սահմանում, և դրա մեկնաբանությունը փորձագետի կողմից կարող է ընկալվել սուբյեկտիվ և վերլուծության գործընթացում ծնել կոռուպցիոն ռիսկ։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ հասկացությունն ընկալվի միատեսակ և միանշանակ, ապահովի Օրենքի էությունից բխող դրա կիրառելիությունը: Սա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն է։ Սա հնարավորություն կստեղծի նաև ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի անաչառ վերլուծության և համապատասխան եզրակացության համար։ Կբացառի փորձագետի կոռուպցիոն ռիսկերը:

  1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում «ազդակիր համայնք» եզրույթը փոխարինել «ազդակիր բնակավայր կամ բնակավայրեր» եզրույթով:

Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում մի համայնքի մեջ միավորվել են մի քանի՝ այդ թվում նաև տվյալ ընդերքօգտագործման ծրագրին ազդակիր չհանդիսացող բնակավայրեր։ Մետաղական հանքավայրերի արդյունահանման և ուսումնասիրության գործընթացում հանրային կարծիքի հաշվի առնելու նպատակով կազմակերպվող հանրային լսումների բոլոր փուլերում Օրենքով սահմանվում է ազդակիր համայնքներում քննարկումների կազմակերպում։

Հանրային քննարկումներին ազդակիր համայնքների ներկայացուցչական կազմը, սովորաբար շատ սակավ է լինում, քանի որ հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպիչը՝ համայնքի ղեկավարը, մասնակիցների թիվը համալրում է հիմնականում իր աշխատակազմի, կամ համայնքի ղեկավարի նստավայր հանդիսացող բնակավայրի ներկայացուցիչներով։ Համայնքների խոշորացման հետ կապված, ազդեցություն կրող բնակավայրի բնակիչները ստիպված են գնալ խոշորացված համայնք` դրա ազդեցություն չկրող բնակավայրերի բնակիչների հետ քննարկմանը մասնակցելու: Եվ շատ տրամաբանական է, որ ընդհանուր մասնակիցների թվի մեջ նրանց կարծիքի տեսակարար կշիռը հնարավոր է, որ լինի փոքր և ոչ լսելի: Անհրաժեշտ է փոփոխություն մտցնել ՇՄԱԳ օրենքի 4-րդ հոդվածի 20-րդ եզրույթում և այն ձևակերպել հետևյալ կերպ՝ «ազդակիր բնակավայր` շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա բնակավայրի (բնակավայրերի) բնակչություն` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք»։

  1. Օրենքի նախագծում ներառել դրույթ ազդակիր բնակավայրերի սահմանման մեթոդաբանության մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու մասին:

Հիմնականում ազդակիր համայնքների կարգավիճակ է տրվում այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում են գտնվում տնտեսվարողների ենթակառուցվածքները, չնայած որ ազդեցության տակ կարող են գտնվել այլ բնակավայրեր:

  1. Օրենքի հոդված 9-ում ամրագրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից կարծիքների ստացման կարգի սահմանման մասին դրույթ:

Օրենքի նախագծի հոդված 7-ի12) կետի՝ ազդեցությունների հետ կապված առողջապահական և մնացած ոլորտային գործոնները գնահատելու համար նախագիծը չի ապահովում բավարար պայմաններ։ Մասնավորապես, նախագծի 15-րդ հոդվածի համաձայն, փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ այս դեպքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը,  գործընթացին պետք է ներգրավի այլ մասնակիցների: Այդ նպատակով նախագիծն  ուղարկվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, այդ թվում նաև ՀՀ առողջապահության նախարարություն կարծիքների ստացման համար։ Միաժամանակ, ըստ հոդվածի, նշված մարմինների կողմից առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական։

Քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը մյուս գերատեսչություններից պարտադիր կարծիք պահանջելու լիազորություն չունի, առաջարկում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից կարծիքների ստացման կարգի սահմանումը ևս ամրագրել գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության  իրավասությունները սահմանող հոդված 9-ում։  

Մարտ 18, 2022 at 10:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր