Բնակիչները պետք է ունենան կյանքի համար բարենպաստ պայմաններ

Բնակիչները պետք է ունենան կյանքի համար բարենպաստ պայմաններ

2022թ. հունիսի 30-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ամփոփեցին «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բանախոսներն ընդգծեցին, որ թիրախ համայնքների ընտրությունը կապված է եղել հանքարդյունաբերական բիզնեսի և հիդրոէներգետիկ օբյեկտների սոցիալական և էկոլոգիական ազդեցության հետ: «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրում որպես թիրախ համայնքներ ընդգրկվել են Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս և Լոռու մարզի Ախթալա ու Օձուն համայնքները: Ծրագրի շրջանակներում թիրախ համայնքների համար մշակվել է սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն՝ այն հետագայում զարգացման հնգամյա ծրագրերում ներառելու նպատակով: 

«Իրականացվել են համայնքային քննարկումներ, հանդիպումներ, դաշտային աշխատանքներ ու դիտարկումներ: Ամբողջ հավաքագրված տեղեկատվությունը վերլուծության է ենթարկվել ծրագրի փորձագետների կողմից: Տվյալների ամփոփումից հետո մեկնարկել է ՏԻՄ-երի հետ բուն քաղաքականությունների մշակման գործընթացը, և ստեղծվել են թվով վեց փաստաթղթեր: 

Ամենակարևորն այն է, որ տվյալ փաստաթուղթը սկզբունքներ է սահմանում և կարգավորում է տվյալ համայնքներում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի հետ փոխհարաբերությունները»,- ասաց Օլեգ Դուլգարյանը: 

«Մեր վերջնական նպատակն է, որ համայնքը ստանա կանաչ զարգացում, որ կանաչ տնտեսությունն ավելի լավ ներկայացված լինի համայնքի զարգացման ծրագրերում, որ ունենանք ֆինանսավորում ոչ թե «սև բիզնեսի» կողմից, այլ՝ կանաչ բիզնեսի:

Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ պատասխանատվություն է կրում բիզնեսը համայնքների նկատմամբ: Ավելի թափանցիկ ու հաշվետու մթնոլորտում ստեղծելու համար համայնք-բիզնես-Կառավարություն հարաբերությունները՝ տեղեկատվական բազայի մեջ ներառել ենք այնպիսի տվյալներ, որոնք հրապարակված են պաշտոնական փաստաթղթերում, օգտագործել ենք Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) հարթակն ու «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տվյալների բազան, փորձագետների գնահատականները: 

Քաղաքականության մյուս կարևոր բաղադրիչը՝ օրենսդրական բազան է: Եվ վերջապես շատ կարևոր էին համայնքների հետ անցկացված կլոր սեղանների, հանդիպումների, ֆորումների ժամանակ ներկայացված կարծիքներն ու առաջարկները, որոնք ներառվել են քաղաքականության մեջ»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցին հետևյալ հարցերը. 

Համայնքների խոշորացումը որքանո՞վ էր բարենպաստ կամ հակառակը փաստաթղթի արդյունավետության հարցում:

Ինգա Զարաֆյան. «Մենք ունեցանք նման խնդիր Գեղարքունիքի մարզում: Ի սկզբանե ընտրվել էին Գեղամասար և Վերին Գետաշեն համայնքները: Հատուկ էին ընտրվել՝ տարանջատելու համար հանքարդյունաբերական բիզնեսը հիդրոէներգետիկ ազդեցության բիզնեսից: 2-3 ամիս հետո սկսվեց խոշորացման գործընթացը՝ Վերին Գետաշենը ներառվեց Մարտունի, Գեղամասարը՝ Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: Մենք միանգամից վերանայել ենք հավաքագրված տվյալները, ավելացրել նոր տվյալներ»: 

Օլեգ Դուլգարյան. «Ախթալայի և Օձունի համար մշակված քաղաքականությունները կարծես թե ռիսկ են պարունակում, քանի որ այդ համայնքները խոշորանում են Ալավերդի համայնքի հետ: Սակայն դա իրականում ոչ թե ռիսկ է, այլ՝ հնարավորություն: Եթե Օձուն և Ախթալա համայնքներն ավագանու կազմով հաստատում են սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, խոշորացումից հետո Ալավերդին ժառանգում է բոլոր համայնքերին վերաբերող փաստաթղթերը և արդեն իսկ ունի խորը վերլուծության ենթարկված երկու փաստաթուղթ: Իրեն կմնա իրականացնել ուսումնասիրություն նույն սկզբունքով Ալավերդիի և Շնողի համար՝ ձևավորելով ամբողջական փաստաթուղթ Ալավերդի խոշորացված համայնքի համար: Ալավերդիի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն ունենալու 50%-ից ավելի աշխատանքն արդեն արված է: Այդ քաղաքականությունը կարող է բալանսի բերել, որպեսզի Ալավերդիի բնապահպանական խնդիրները ևս անտեսված չմնան»:

Համայնքների ավագանին ու ղեկավարները որքանո՞վ են պատրաստակամ ընդունել այս փաստաթուղթը:

Օլեգ Դուլգարյան. «Փաստաթղթերը մշակվել են իրենց հետ լայն համագործակցության ճանապարհով: Գործընթացում ներգրավված են եղել համայնքների ղեկավարները, աշխատակազմի առանցքային մասնագիտական պաշտոնյաները և բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք կարողացել են ճիշտ ներկայացնել իրենց բնակավայրերի խնդիրները»:

Ի՞նչ խնդիրներ են փորձագետները վերհանել համայնքներում և ի՞նչ խնդիրներ են բարձրացրել բնակիչները: Փորձենք զուգահեռներ տանել, ի՞նչ համըկնումներ կային:

Օլեգ Դուլգարյան. «Համայնքի բնակիչները և ՏԻՄ-երն են մատնանշել խնդիրների մասին: Փորձագետները փորձել են հասկանալ վերհանված հարցերի ակունքը, պատճառները, ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել: ՏԻՄ-երի ու բնակիչների կողմից խնդիրների վերհանումը իրականացվել է առանձին և դրանք 90%-ի դեպքում համընկնում են: Համայնքների բնակիչները կարևորել են հանքարդյունաբերական թափոնների մաքրման խնդիրները և դա կարևորել է նաև ՏԻՄ-ը, այլընտրանքային էներգիայի վերաբերյալ եղել են առաջարկություններ, ոռոգման և խմելու ջրի խնդրի ու արդի գյուղատնտեսության հետ կապված: Գործընթացը թույլ է տվել ամբողջ համայնքի խնդրի քարտեզը ուրվագծել»:

Ինգա Զարաֆյան. «Հիմնական խնդիրները վերաբերում էին բնական ռեսուրսների մատչելիությանը համայնքի համար: Որքանով են բնակիչները կոնկրետ օգուտներ ունենում բնական ռեսուրսների օգտագործումից: Իսկ ռեսուրսը հիմնականում օգտագործում է բիզնեսը: Այստեղ գալիս է համայնք և բիզնես փոխհարաբերությունը: Ե՛վ ջուրը, և՛ հողը, և՛ անտառը, և՛ կենսաբազմազանությունը բնական ռեսուրս է: Մենք փորձել ենք համայնքին տալ այն գիտելիքները, որպեսզի համայնքն էլ հասկանա իր օգուտը որն է, և այդ օգուտն առաջին տեղ դնի բնական ռեսուրսների օգտագործումից և բիզնեսի հետ խոսի համապատասխան բալանսավորված ձևաչափով»: 

Ազդակիր համայնքների և բիզնեսի փոխհարաբերություններն ինչպե՞ս են կարգավորվում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթղթով:

Ինգա Զարաֆյան. «Բիզնեսն ունի իր կոնկրետ պարտավորությունները, որոնք ամրագրված են տարբեր փաստաթղթերով: Համայնքը ծանոթանալով այդ պարտավորություններին և պատասխանատվությանը՝ արդեն իսկ պահանջատեր կլինի: Մենք տրամադրել ենք տեղեկատվություն ֆինանսական աջակցության մասին, որը համայնքին տրամադրում է բիզնեսը: Շատ համայնքներ արձագանքել են, որ բիզնեսի կողմից համայնքին տրվող մասհանումները պետք է ավելացվեն, պետք է բարեփոխումներ լինեն: Դրա հետ կապված մենք պատրաստվում ենք նման բարեփոխման փաթեթի փաստաթուղթը ներկայացնել Կառավարությանը»:

Օլեգ Դուլգարյան. «Քաղաքականության միջոցով համայնքը սահմանել է սկզբունքներ: Եթե դրանք վավերացվում են՝ դառնում են տվյալ համայնքի օրենքները, որոնք չեն հակասում ազգային օրենքներին: Այդ սկզբունքները համահունչ են տվյալ համայնքի զարգացման հետ»:

Ի՞նչ հեռանկարներ են նախանշվել Ախթալա և Օձուն համայնքների զարգացման համար:

Օլեգ Դուլգարյան. «Ընդհանուր առմամբ այն շատ կոնսենսուսային փաստաթուղթ է: Համայնքն ուզում է զարգանալ կանաչ ուղղությամբ, բայց այնպես, որ հանքարդյունաբերությունը չխաթարի այդ զարգացմանը: Մղարթում գործում է ոսկու հանքավայր, այնտեղ կա հողերի աղտոտվածություն, բայց տվյալ գյուղը չի տեսնում իր զարգացումը հանքարդյունաբերության մեջ, որովհետև այն տվյալ գյուղին ոչինչ չի տվել:  Քաղաքականությունը փորձելու է բերի ընկերություններին պատասխանատվության դաշտ, որպեսզի ընկերությունն աջակցի այլտընրանքի զարգացմանը»:

Ներկայում կա՞ գործընթաց, որով փաստաթուղթը պետք է ներառվի համայնքի զարգացման ծրագրում: 

Օլեգ Դուլգարյան. «Նախ փաստաթղթերը պետք է վավերացվեն ավագանիների կողմից, դրանից հետո միայն որոշակի բաղադրիչներ կտեղափոխվեն համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ»:

Համագործակցություն կլինի՞ Կառավարության հետ, փաստաթուղթը կներկայացվի ազգային մակարդակում, թե փաստաղթի ներդրման գործընթացը կլինի տեղական մակարդակից դեպի ազգայինը:

Ինգա Զարաֆյան. «Այս փաստաթուղթը հիմնականում տեղական մարմինների համար է: Բայց կան առաջարկություններ, որոնք կապված են բարեփոխումների հետ: Մեզ համար պարզ է, որ չենք կարող բավարարվել միայն առկա օրենսդրական դաշտով և պետք են բարեփոխումները: Դրանց վերաբերյալ առաջարկությունները մենք անպայման կներկայացնենք Կառավարությանը»:

Ինչո՞ւ որոշվեց նման քաղաքականություն մշակել, ծրագիրը ե՞րբ և ինչպիսի՞ գործողություններից հետո կարող է հասնել իր վերջնական նպատակակետին: 

Օլեգ Դուլգարյան. «Վերջին երկու տարիներին տարբեր համայնքներում առկա է սոցիալական լարվածություն ՏԻՄ-երի և բնակիչների, հանքարդյունաբերական ընկերությունների և բնակիչների միջև: Որպեսզի ապահովենք համայնքի բնականոն զարգացումը, պետք է համայնքին տանք գործիքներ խնդիրները լուծելու համար: Դրա համար էլ որոշվեց նման քաղաքականություն մշակել: 

Ինգա Զարաֆյան. «Վերջնական նպատակն այն է, որ մենք համայնքներում կյանքի համար բարենպաստ պայմաններ ունենանք, որ բնակիչների առողջությունը չենթարկվի ռիսկերի և բիզնեսը հասկանա, որ ունի պարտավորություններ համայնքի և բնակչության նկատմամբ, և կատարի դա, իսկ Կառավարությունը պետք է վերահսկի այդ ամենը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:

ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:

 



Հուլիս 01, 2022 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր