ԶՊՄԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվել է, ընկերությունը աշխատավարձերի և աշխատանքային պայմանների փոփոխություններ է խոստանում

ԶՊՄԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվել է, ընկերությունը աշխատավարձերի և աշխատանքային պայմանների փոփոխություններ է խոստանում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է։ Աշխատակիցներն ընդունել են առաջարկը, որը վերաբերում է հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցմանը»։ Այս մասին հայտնել է  ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում։

Իսկ գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը, ում ի թիվս ևս 7 աշխատակցի ԶՊՄԿ-ն ազատել է աշխատանքից,  ուղիղ եթերով նշել է․ «Որոշում ենք կայացրել վերսկսել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։ Մեր գործընկերների աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը քննարկելու ենք վերադասության սկզբունքով և անհրաժեշտության դեպքում դատական կարգով»։

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ սույն թվականի հունվարի 31-ից սկսեցին բողոքի ակցիա՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունն աշխատակիցների գործողությունները որակեցին որպես «անօրինական գործողություններ»:

Ընկերությունը փետրվարի 10-ին տարածեց պաշտոնական հայտարարություն՝ խոստանալով սահմանված ժամկետներում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների փոփոխություններ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ, ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։

Ըստ հաղորդագրության՝ վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։

Նշենք, որ բողոքի ակցիայի օրերին ընկերությունը ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդումներ։ Քննչական կոմիտեից հայտնել են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»։

ԶՊՄԿ-ի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին ծանոթանալու Սյունիքի մարզ էին մեկնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։  Ըստ Օմբուդսմենի հաղորդագրության՝ կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ: Վերջիններս բարձրացրել են օդի աղտոտվածության հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ:

Փետրվար 11, 2025 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր