Օրհուսի կոնվենցիայի ներքո ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցողը՝ էկոակտիվիստների նկատմամբ ճնշումների մասին

Օրհուսի կոնվենցիայի ներքո ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցողը՝  էկոակտիվիստների նկատմամբ ճնշումների մասին

Օրհուսի կոնվենցիայի ներքո ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթն իր «Ղեկավարող սկզբունքներ՝ խաղաղ բնապահպանական բողոքի և քաղաքացիական անհնազանդության իրավունքների մասին» զեկույցում խորին մտահոգություն է հայտնել էկոակտիվիստների վրա աճող ճնշումների վերաբերյալ։ Զեկույցը տարածվել է քաղաքացիական հասարակության շրջանում՝ քննարկման և մեկնաբանությունների համար։

Զեկույցը Միշել Ֆորսթի նախորդ զեկույցի՝ «Պետության ճնշումները բնապահպանական բողոքի և քաղաքացիական անհնազանդության նկատմամբ՝ լուրջ սպառնալիք մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը» տրամաբանական շարունակությունն է, որը հրապարակվել էր 2024թ. փետրվարին։

Ֆորսթը վերլուծում է էկոակտիվիստների դեմ կիրառվող ճնշումների կոնկրետ տեսակները, ներառյալ դատական հետապնդումները։ Նա մատնանշում է Օրհուսի կոնվենցիայի կողմ հանդիսացող այն երկրները, որտեղ արձանագրվել են ճնշումների առավելագույն թվով դեպքեր, և կոչ է անում պետություններին կատարել իրենց պարտավորությունները Օրհուսի կոնվենցիայի և մարդու իրավունքների ոլորտում։

Միշել Ֆորսթի հիմնական կոչերը Օրհուսի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետություններին․

1. Պետությունները պետք է վերացնեն բնապահպանական մոբիլիզացիայի արմատական պատճառները, ամբողջությամբ իրականացնեն Փարիզյան համաձայնագիրը, կատարեն գլոբալ տաքացումը մինչև 1,5°C -ի սահմանափակելու իրենց պարտավորությունները, նվազեցնեն օդի աղտոտումից մահացության ու հիվանդության ցուցանիշները և մինչև 2030թ. վերականգնեն բոլոր դեգրադացված էկոհամակարգերի 30%-ը։ Նրանք պետք է կիրառեն մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում էներգետիկ անցման հարցում և հետևեն Օրհուսի կոնվենցիայի պարտավորություններին։ Պետք է խթանեն այս սկզբունքները միջազգային բնապահպանական հարթակներում և ապահովեն շրջակա միջավայրի պաշտպանների անվտանգ մասնակցությունն այդ հարթակներին։

2. Մեդիայի և քաղաքական դիսկուրսի տեսանկյունից պետությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այն նարատիվների դեմ, որոնք շրջակա միջավայրի պաշտպաններին և նրանց շարժումները ներկայացնում են որպես հանցագործներ և հանցագործություն։ Պետությունները պետք է հանրայնորեն ճանաչեն շրջակա միջավայրի պաշտպանների կարևոր դերը և պաշտպանեն նրանց ազատորեն արտահայտվելու, խաղաղ հավաքների և միավորման իրավունքները։ Նրանք պետք է խուսափեն այն գաղափարի տարածումից, որ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և դրանից բխող խախտումները  բռնի են կամ հանցավոր գործունեություն։ Եվ հետևաբար խուսափեն խաղաղ քաղաքացիական անհնազանդություն իրականացնող էկոլոգիական շարժումները դասակարգել որպես հանցավոր կազմակերպություն:

3. Օրենսդրության և քաղաքականության առումով պետությունները չպետք է օգտագործեն էկոլոգիական քաղաքացիական անհնազանդության աճը՝ որպես պատճառ քաղաքացիական տարածքը սահմանափակելու կամ հիմնական ազատությունները խախտելու համար։ Պետությունները պարտավոր են աջակցել ազատ արտահայտվելու, խաղաղ հավաքների և միավորումների իրագործմանը՝ ապահովելով անվտանգ և նպաստավոր միջավայր։ Պետք է վերանայեն միջազգային մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան որևէ առաջարկվող կամ կիրառվող օրենսդրություն, որը կարող է խոչընդոտել խաղաղ բողոքի իրականացումը։ Նրանք պետք է գնահատեն ցանկացած օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, որն առաջարկվում և/կամ իրագործվում է քաղաքացիական անհնազանդությանն ի պատասխան, զերծ մնան ցանկացած նոր օրենքներ և քաղաքականություններ ընդունելուց, որոնք խոչընդոտում կամ դժվարացնում են խոսքի ազատության, խաղաղ հավաքների և ասոցիացիաների իրականացումը կամ սահմանափակում և քրեականացնում են խաղաղ բողոքը, և վերանայեն գոյություն ունեցող օրենքներն ու քաղաքականությունը, որոնք դա անում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան: Պետությունները նաև պետք է ապահովեն, որ իշխանությունները բոլոր մակարդակներում պատրաստված լինեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ աջակցելու խաղաղ բողոքին, ներառյալ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը, որպեսզի չձեռնարկվեն անհիմն սահմանափակումներ կամ արգելքներ խաղաղ բողոքների նկատմամբ:

4. Օրենքի կիրառման տեսանկյունից պետությունները պետք է պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բողոքների և քաղաքացիական անհնազանդության դեպքում, որոնք կապված են խոսքի ազատության, խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության հետ, և անմիջապես դադարեցնեն այն միջոցների կիրառումը, որոնք նախատեսված են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, բայց կիրառվում են շրջակա միջավայրի պաշտպանների նկատմամբ: Պետությունները պետք է ապահովեն, որ խաղաղ բողոքներն ու քաղաքացիական անհնազանդությունն ունենան նույն երաշխիքները, ինչ հավաքների այլ ձևերը, և որ ցանկացած սահմանափակում, որ դրվում է, լինի նվազագույնի հասցված, խստորեն վերահսկվող և համապատասխանի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: Դա ներառում է կանխարգելում և վերացում այն միջոցների և պրակտիկաների, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ բնապահպանական ակտիվիզմի և բողոքների վրա, ինչպիսիք են փաստաթղթերի ոչ ընտրողական կամ վիրավորական ստուգումները, ինչպես նաև խաղաղ բողոքողների և լրագրողների ձերբակալությունները, կալանքները և դատական հետապնդումները: Պետությունները նաև պետք է արգելեն ոստիկանության կողմից կիրառվող այն մեթոդները, որոնք ցավ են պատճառում բողոքողներին, խստորեն վերահսկեն ուժի կիրառումը բողոքների ժամանակ, անհապաղ քննեն և պատժեն ոստիկանության կողմից չափազանց մեծ ուժի կիրառման ցանկացած դեպք և ապահովեն, որ բողոքողների դեմ առաջադրված ցանկացած մեղադրանք խստորեն համամասնական լինի բողոքարկողի սեփական գործողություններին: Պետությունները նաև պետք է կազմակերպեն ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուսուցումը խաղաղ հավաքներին նպաստելու և վերահսկելու համար և սովորեն այլ պետությունների լավագույն փորձից:

5. Ինչ վերաբերում է դատարաններին, պետությունները պետք է ապահովեն, որ դատարանների մոտեցումը, ներառյալ ցանկացած դատավճիռ, չի նպաստի քաղաքացիական տարածության սահմանափակմանը, և որ բնապահպանական պաշտպանության համար պայքարողների նկատմամբ, ներառյալ խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեջ մասնակցած անձանց նկատմամբ, գրավով ազատման ցանկացած պայմաններ նվազագույնի հասցվեն, լինեն մարդկային և չխախտեն նրանց հիմնարար ազատությունները:

Դատարանները պետք է զերծ մնան կանխարգելիչ և նախնական կալանքի կիրառումից բնապահպանության համար բողոքողների նկատմամբ, ներառյալ խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեջ մասնակցած անձանց նկատմամբ: Պետությունները պետք է կանխեն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենքների, ներառյալ այդ օրենքների, հսկողության միջոցների կիրառումը շրջակա միջավայրի պաշտպանների և շարժումների դեմ:

Դատարանները չպետք է սահմանափակումներ դնեն շրջակա միջավայրի պաշտպանության համար բողոքողների պաշտպանության իրավունքի վրա, ներառյալ բողոքի մեջ մասնակցելու նրանց շարժառիթների բացատրությունը, և պետք է հաշվի առնեն այդ շարժառիթներն իրենց որոշումներում: Դատարանները պետք է ապահովեն, որ բողոքների վերաբերյալ իրենց որոշումները, ներառյալ ցանկացած կիրառված պատժամիջոց, համահունչ լինեն և պաշտպանեն խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրականացումը: Նրանք նաև պետք է սովորեն այլ իրավասությունների լավագույն փորձից բնապահպանական բողոքների վերաբերյալ գործեր քննարկելիս», - նշված է 2024թ. զեկույցում:

Միշել Ֆորսթը նաև նշում է եռակի էկոլոգիական ճգնաժամի մասին, որը կապված է աղտոտման, կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության հետ: Ըստ զեկույցում ներկայացված տվյալների՝ պետությունները չեն հասել առաջընթացի ո՛չ ջերմաստիճանի աճը 1,5 °C-ով սահմանափակելու, ո՛չ էլ  քայքայված էկոհամակարգերի վերականգնման, ո՛չ էլ օդի աղտոտումից մահացության և հիվանդությունների նվազեցման ցուցանիշներում: Ընդհակառակը, պետությունները դիմում են որոշումների, որոնք խրախուսում են քաղաքացիական ակտիվիզմի վրա ճնշումը և այն քրեականացնելու միջոցառումները:

Միշել Ֆորսթը կոչ է անում պետություններին ստանձնել հետևյալ հիմնական սկզբունքների և համապատասխան գործողությունների պարտավորությունները.

Ղեկավարող սկզբունք 1. Պետությունները պետք է վերացնեն էկոլոգիական բողոքների արմատական պատճառները։

Ղեկավարող սկզբունք 2. Պետությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այն նարատիվների դեմ, որոնք շրջակա միջավայրի պաշտպաններին ներկայացնում են որպես հանցագործներ։

Ղեկավարող սկզբունք 3. Պետությունները չպետք է օգտագործեն էկոլոգիական քաղաքացիական անհնազանդության աճը որպես պատճառ քաղաքացիական տարածքը սահմանափակելու և հիմնական ազատությունները խոչընդոտելու համար։

Ղեկավարող սկզբունք 4. Պետությունները պետք է պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները ՝ կապված հիմնական ազատությունների, օրենքի պահպանման իրենց մեթոդների հետ՝ էկոլոգիական բողոքների և քաղաքացիական անհնազանդությանը արձագանքելու համար, և խուսափեն շրջակա միջավայրի պաշտպանների դեմ անհարկի կամ անհամաչափ ուժի կամ միջոցների կիրառությունից։

Ղեկավարող սկզբունք 5. Պետությունները պետք է երաշխավորեն, որ դատարանների մոտեցումը խաղաղ բնապահպանական բողոքներին, ներառյալ կիրառվող ցանկացած պատժամիջոց, չի նպաստի քաղաքացիական տարածքի սահմանափակմանը բնապահպանական բողոքների վերաբերյալ գործերի քննության ընթացքում։

Փետրվար 24, 2025 at 13:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր