Դիտարկումներ համայնքների համար մշակված՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու հարմարվողականության ուղեցույցի նախագծի վերաբերյալ

Դիտարկումներ համայնքների համար մշակված՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ու հարմարվողականության ուղեցույցի նախագծի վերաբերյալ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն շահագրգիռ նախարարությունների մասնագետներին և անկախ փորձագետներին էր ուղարկել իր կողմից մշակված «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցի նախագիծը՝ փաստաթղթի բարելավման նպատակով դիտարկումներ և առաջարկություններ հավաքագրելու նպատակով։ Ուղեցույցի նախագծի լավարկման նպատակով իրականացվել են նաև խորհրդատվություններ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ուղեցույցի նախագիծը մշակվել է ՄԱԶԾ «Հայաստանի կլիմայական հեռանկարները. խոստումից դեպի արդյունք» ծրագրի աջակցությամբ։ Այս հոդվածում ներկայացնում ենք ուղեցույցի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները և խորհրդատվությունների վերլուծության արդյունքում վերհանված դիտարկումները: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լառա Սարգսյանն առաջարկել է ուղեցույցում ներառել գործնական առաջարկներ, որոնք կնկարագրեն տվյալ միջոցառման ենթանպատակը, մոտիվացիան և գործողությունների փուլերը։ «Փաստաթուղթը պետք է լինի պարզ, մատչելի և ուղղորդող, որպեսզի համայնքները հստակ պատկերացնեն, թե ինչ գործողություններ իրականացնել»,- ասել է նա։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանն առաջարկել է օգտագործել արդեն գոյություն ունեցող տվյալները՝ 2025թ. համար նախատեսված ծրագրերի մշակման համար։ Նրա խոսքով՝ մի քանի համայնքներ կարող են օգտվել նույն տվյալների հիմքից՝ գործողությունների ծրագրեր կազմելու համար։ «Միաժամանակ առաջարկում եմ ուղեցույցում ներառել կանանց ներգրավվածության հարցը համայնքային ծրագրերում, որոշումների կայացման գործընթացներում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքների նկատմամբ կանանց առավել խոցելի լինելու հանգամանքը»,- նշել է նա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կատարվել է ռիսկի գնահատում մոտ 400 բնակավայրերի համար։ Նա պատրաստակամություն հայտնեց տրամադրել մշակված փաստաթուղթը, որը կօգնի համայնքներին հասկանալ, թե ինչպես հավաքագրել տվյալներ, իրականացնել մոնիթորինգ և նախատեսել բյուջե կլիմայական խնդիրների լուծման համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տարածքային /կապիտալ/ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սոնա Հայրապետյանը ուշադրությունը  է հրավիրել հողի որակի կարևորության վրա ոռոգման ծրագրերի իրականացումից առաջ։ Նա նշել է, որ պետք է ուսումնասիրել հողի պիտանելիությունը մշակաբույսերի աճեցման համար։ Նաև շեշտել ջրային ռեսուրսները խնայելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով համայնքներին մտածել այլընտրանքային օգտագործման եղանակների մասին։ «Շատ կուզեմ, որ մեր համայնքներն իրենց կարողություններով ի վիճակի լինեն հասկանալու, որ մենք այլևս այնքան ջուր չունենք, որ բերենք, հասցնենք հողին: Համայնքները պետք է զարգանան այնպես, որ հասկանան՝ ջրի պաշարները սահմանափակ են, և պետք է խելամիտ օգտագործվեն»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ոչ միայն ջրապահանջ մշակաբույսերի աճեցման վրա, այլև՝ ավելի արդյունավետ ու ջրախնայող տարբերակների վրա։

Սոնա Հայրապետյանն անդրադարձել է նաև կենցաղային թափոններից ջերմոցային գազերի արտանետումների գնահատման խնդիրներին։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության, համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Եղիազար Դավթյանը ուղեցույցի լավարկման համար առաջարկել է հաշվի առնել կլիմայի փոփոխության հարմարվողականության առնչվող՝ ՀՀ համայնքներին տրամադրված «Բնակավայրերի համար կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի մշակման» մեթոդական ուղեցույցը կրկնություններից խուսափելու համար, որը հասանելի է ՀՀ ՏԿԵՆ կայքում, և  ուսումնասիրել ՀՀ որոշ համայնքների համար ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացված համայնքների կլիմայական ռիսկերի գնահատաման հաշվետվությունները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն շահագրգիռ նախարարությունների մասնագետներին և անկախ փորձագետներին էր ուղարկել իր կողմից մշակված «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցի նախագիծը՝ փաստաթղթի բարելավման նպատակով դիտարկումներ և առաջարկություններ հավաքագրելու նպատակով։ Ուղեցույցի նախագծի լավարկման նպատակով իրականացվել են նաև խորհրդատվություններ Լոռու, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

WWF-Հայաստանի «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանն առաջարկել է առաջարկել է համայնքի տարեկան բյուջեի ֆինանսական նշագրում բաժնում ավելացնել երկու նոր բաղադրիչ՝ Արոտային ենթակառուցվածքների հիմնում և Արոտների բարելավման աշխատանքներ: Նա առաջարկել է ներառել գոմաղբի կառավարման հարցը, կենսահումուսի կամ կենսագազի ստացման հնարավորությունները։ 

Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ իրականացված խորհրդատվությունների արդյունքում վերհանված դիտարկումներն են.

- Համայնքներում կլիմայի փոփոխության ոլորտում տարվող գործողությունների վերաբերյալ իրազեկվածությունը բավարար չէ: Թեև որոշ համայնքներում իրականացվել են իրազեկման աշխատանքներ, ընդհանուր պատկերն այն է, որ տեղական մակարդակում գիտելիքի մակարդակը ցածր է, իսկ համայնքների ներկայացուցիչները հաճախ դժվարանում են ընկալել ԱՍԳ 3.0-ի նպատակներն ու կիրառման մեխանիզմները։ 

- Համայնքները պատրաստակամ են աջակցելու ջերմոցային գազերի կրճատման միջոցառումներին, սակայն առկա են զգալի խոչընդոտներ։ Շատերը նշել են, որ իրենց կարողությունները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին։ Ֆինանսական ռեսուրսների սղությունն ու մասնագիտական կադրերի պակասը խոչընդոտում են տեղական մակարդակում արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ Չնայած այդ դժվարություններին, որոշ համայնքներից առաջարկեցին կոնկրետ քայլեր, ինչպես օրինակ՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, ծառատնկման ծրագրերի իրականացում և թափոնների կառավարման մեխանիզմների բարելավում։ Բարձրացվեց աղբավայր չունենալու, աղբը տարանջատելու և վերամշակելու խնդիրը: Նշել են, որ համայնքներում կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման ծրագրերի իրականացման համար առկա են լուրջ ֆինանսական և կադրային սահմանափակումներ։ Բյուջեի սղության պատճառով առկա ֆինանսական միջոցները ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը և սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Համայնքները չունեն էներգետիկ ոլորտի մասնագետներ, ինչը խոչընդոտում է ոլորտային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Առաջարկվել է ապահովել լրացուցիչ ֆինանսավորում և համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակների մեջ պարտադրել ունենալ էներգետիկ մասնագետի հաստիք, ինչպես նաև պետական բյուջեից համայնքներին տրամադրել ֆինանսական միջոցներ՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու մեղմմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։ Հարցվածները բարձրացրել են նաև համապատասխան դասընթացներին մասնակցության անհրաժեշտությունը՝ կլիմայի փոփոխության ոլորտում միջոցառումների իրականացման և որոշակի արդյունք գրանցելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռքբերելու նպատակով:

Հարցվածների մեծ մասը տեղեկացված չէ կլիմայական ուղեցույցներից: Նշել են, որ նման ուղեցույցների կարիք կա։

Փետրվար 25, 2025 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր