

www.ombuds.am
ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Մտահոգիչ է եղել մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: Միայն 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
- Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն սկսվել:
- Մտահոգիչ է եղել հանքարդյունահանման հետ զուգակցվող և շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող ևս մեկ խնդիր՝ այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները և պոչամբարները: Նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):
- Առանձին դեպքերում Նախարարությունը թերացել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին սահմանված կարգով հասարակությանը իրազեկելու գործընթացը կազմակերպելու ժամանակ: Որոշ դեպքերում էլ հասարակական կառույցների հետ չի քննարկել իրավական ակտերի նախագծերը:
- 2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:
Արձանագրված դրական զարգացումները
- Պահպանվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը և Սևանա լճի հարակից տարածքներում ստեղծվել են հանրային լողափեր:
- Կասեցվել են «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները, և ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում` որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան:
- Մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (4) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/608 հասցեով։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Ապրիլ 03, 2012 at 13:41
