«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության կողմից իրագործված բռնությունը

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության կողմից իրագործված բռնությունը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ

Այսօր, ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ: Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից` ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները:

Մեր ունեցած տեղեկություններով ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ մարմնական տարբեր չափի վնասվածքներով դիմել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց՝ հետազոտության և բուժօգնության համար:

Քաղաքացիներից մի քանիսը նաեւ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, սակայն քիչ անց ազատ են արձակվել:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է  ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: 

Ապրիլ 30, 2012 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր