Հրազդանի երկաթահանք` անվտանգության խնդիր

Հրազդանի երկաթահանք` անվտանգության խնդիր

ԷկոԼուր

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներին մասնակցում են նաեւ ընդդիմադիր կուսակցությունները: Իր տեսակետն է հայտնում ՀԱԿ-ի Հրազդանի կառույցը: Նախկին քաղբանտարկյալ, Հրազդանի ՀԱԿ-ի կառույցի անդամ Արամ Բարեղամյան. «Չնայած բնապահպանական հարցերը սովորաբար չպետք է քաղաքականացվի, բայց սա անմիջապես մարդու հետ է կապված: Երկաթահանքի շահագործումը ոչ միայն Հրազդան քաղաքի բնակիչներին է վերաբերվում, այլեւ ես սա համարում եմ համապետական հարց, նույնիսկ անվտանգության հարց եմ համարում: Երեք ակցիա կատարեցինք: Վերջին ակցիայի ժամանակ կոշտ միջոցառումներ ձեռնարկեցինք, իրենց մի քանի ամսվա աշխատանքը, որոնք իրենք արդեն հանել էին ուսումնասիրելու համար, ամբողջությամբ գետին տապալվեց: Դրանից հետո մենք զգուշացրեցինք իրենց, որպեսզի չշարունակեն, եթե շարունակեն, մենք մի 10 օրից նստացույց ենք կազմակերպելու եւ ընդհանարապես թույլ չենք տալու, որպեսզի շարունակեն աշխատանքը: Բայց ձմեռ էր գալիս, արդեն ցուրտ էր, իրենք էլ (չինական «Fortune Resources» ընկերություն) տեխնիկան հանեցին: Ինչքան գիտեմ, ուզում են օրենսդրական ձեւով միջամտել այս հարցին, որպեսզի նոր շարունակեն: Նորից պետք է լսումներ կազմակերպեն: Բայց ես համոզված եմ, որ չի շահագործվելու, դա իմ անձնական կարծիքն է, մենք թույլ չենք տալու: Սրանից հետո եթե լսումներ կազմակերպեն, կարծում եմ` Հրազդան քաղաքը լրիվ ոտքի կկանգնի»:

…………………………………………………………………………………

ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ   Հակոբ Ավագումյան.   «Այսօր եթե մենք չընդվզենք, էկոլոգիական աղետը չկանխենք, վաղը ուշ է լինելու, անկախ նրանից, թե որ իշխանությունը ինչ խոստումներով է գալու եւ ինչ խոստումներ է տալիս բնակչությանը: Իսկ Հրազդանն այն տարածաշրջանն է, որն ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Երկաթահանքի հետ կապված ուզում եմ նշել, որ մենք մի երկու ակցիա ենք կազմակերպել, եւ այդ ընդվզումից չզգացվեց, որ բոլոր քաղաքական ուժերը կամ հասարակական կազմակերպություններն են միավորված, ես կասեի` նույնիսկ պասիվ էր Հրազդանի բնակչությունը: Ճիշտ է, որոշակի զարթոնքի պահ կա, եւ մեր քարորզարշավի ընթացքում էլ մենք ամեն հանդիպման անպայման նշում ենք, որ բնապահպանական հարցերն անկախ քաղաքականությունից պետք է միշտ լինեն մեր բնակչության ուշադրության կենտրոնում:

…Իհարկե, սոցիալական խնդիրներ կան, Հրազդանում էլ դրանք առավել սրված են, եւ հենց երկաթի հանքավայրի հետ կապված մարդկանց առաջին հերթին հրապուրել էր այդ աշխատատեղեր բացելու խոստումը: Աշխատատեղերի խնդիրը մարդկանց ավելի գայթակղիչ էր թվում, քան այն վնասները, որ հետո կարող էին աղետ դառնալ մեր ժողովրդի գլխին: Եթե Հայ Ազգային Կոնգրեսը լիարժեք իշխանություն ձեւավորի, առաջնահերթ լուծվելու են նաեւ սոցիալական խնդիրները: Երբ որ մարդկանց մտահոգությունների մի բեռը թեթեւանա, էկոլոգիական խնդիրները, կարծում եմ, կդառնան առաջնային բոլորի համար»: «ԷկոԼուր»-ի հարցին` բայց մտադիր չեք չէ փակել Հրազդանի ցեմենտի գործարանը,  Հակոբ Ավագումյանը պատասխանեց. «Ցեմենտի գործարանը, իհարկե, չենք փակի, բայց ցեմենտի գործարանին, որպես մասնավոր հիմնարկի, կարող ենք պարտադրել, որ բոլոր նախատեսված ֆիլտրները տեղադրվեն եւ գործեն: Կարող է հիմա էլ է ձեւական ֆիլտր տեղադրված, բայց երբ որ իրենց պետք է լինում ինտենսիվ շահագործել, որպեսզի նախատեսված քանակի ցեմենտ ստանան, բնականաբար, բնապահպանական խնդիրները կողքի են դնում, ֆիլտրներն անջատում են, որպեսզի իրենց տեխնոլոգիան ավելի ինտենսիվ արտադրանք տա»: Անդրադառնալով Կոտայքի մարզի` հատկապես Հանքավանի ձորի խնդրին`  Հակոբ Ավագումյանն ասաց. «Կոնկրետ ինչ վերաբերվում է Հանքավանի ձորի էկոլոգիական խնդիր առաջացնող նախագծերին` կապված ոսկու հանքավայրերի հետ, ես չեմ կարող այս պահին ասել, որովհետեւ տեղյակ չեմ, թե ինչպես են շահագործելու: Եթե ասենք Մեղրաձորի ոսկու հանքի ներկայիս շահագործման նման հորատանցքեր են փորելու ներսում, մի գուցե դա այդքան էլ էկոլոգիապես վնասակար չլինի, բայց եթե բաց շահագործում լինի, իհարկե, մենք նույն կերպ բոլորին տեղյակ ենք պահելու, որ, ասենք, Հանքավանի ձորի չքնաղ բնությունը մեր աչքի առջեւ կործանվելու է, եթե դա լինի բաց շահագործում: Բնականաբար, գյուղական ավելի սոցիալապես ծանր վիճակում ապրող մարդկանց համար աշխատատեղերի խնդիրը գերակա է մնում: Պիտի փորձենք բացատրական աշխատանքներ տանել: Վերջին հաշվով եթե մի կողմից լինի այդ աշխատատեղը, իսկ մյուս կողմից այդ ձորը նաեւ անասնապահությամբ է զբաղվում, կարող է դա իրենց գյուղատնտեսական աշխատանքներին ավելի վնաս բերի, քան այդ աշխատատեղերը, որ պետք է մի քանի դրամ աշխատավարձ ապահովի այն էլ մի քանի ընտանիքի ընդամենը: Բայց գյուղատնտեսությամբ շատերն են զբաղվում այդ ձորում: Ինձ թվում է, որ եթե բաց շահագործում լինի, եւ այդ վնասակար նյութերը լցվեն Մարմարիկ գետը, աղետը լինելու է համընդհանուր եւ այդ ձորի, եւ Հրազդան քաղաքի, եւ Արարատյան դաշտավայրի համար: Ուզում եմ նշել Հրազդան քաղաքի մի գլոբալ էկոլոգիական խնդիր եւս, դա Քաղսիի մաքրման կայանի անգործության մատնված լինելն է: Ամբողջ Սեւանի ավազանից կոլեկտորը գալիս է, Հրազդանում` Քաղսիում, մաքրման կայան կա, որը պիտի գործի, բայց չի գործում եւ ամբողջ կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են Հրազդան գետ: …. Եթե խնդիրը վերաբերվում է 1992-1998թթ. ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ եղած թերություններին, միանշանակ, եթե մարդը հայտ է ներկայացնում իշխանության գալու, իհարկե, առաջին հերթին, այդ սխալներն ուղղելու պահանջից ելնելով է այդ իշխանությանն ուզում գալ, որպեսզի այդ սխալները վերացվի: Բայց նաեւ ես մյուս կողմից համարում եմ, որ պատերազմական շրջանում իհարկե, առաջնահերթը էկոլոգիական խնդիրները չէին կարող լինել, իսկ պատերազմի ավարտից հետո էլ կային առաջնահերթ` պետականության հիմքերը դնելու, օրենսդրական բազա ապահովելու խնդիրներ: Բայց այդ ժամանակ, դուք էլ կարող եք վկայել, որ ընդերքի նման ինտենսիվ շահագործում էր հնարավոր չէր իրականացնել: Եթե Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկա ընտրություններում գա իշխանության, իհարկե, ուրիշ իրավիճակ է լինելու մեր երկրում, եւ բնապահպանական խնդիրները լինելու են օրակարգային»:

Այն հարցին, թե ինչպես են իրավիճակը փոխելու, երբ արդեն բավականին հանքերի համար լիցենզիաները տրված են, փաստաթղթերը պատրաստ, Հակոբ Ավագումյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի Բնապահպանության նախարարություն, որովհետեւ Բնապահպանության նախարարությունը բնության համար մեկ հակառակորդն է այս պայմաններում: Այնքան լղոզված են նրանց տված թույլտվությունները, որ իբր բնապահպանական ոչ մի աղետ չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնը` հենց մեր երկաթահանքի վերաբերյալ. բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվությունը բացարձակապես իրականության հետ կապ չունի, թե ինչ են իրենք նկարագրել: Մասնավորապես հոսքային ջրերի վերաբերյալ իրենց տված թույլտվության մեջ գրված է, որ քանի որ քաղաքի կոլեկտորը գտնվում է այսքան հեռավորության վրա, մենք այդ մեխանիկական մաքրած կեղտաջրերը կտանենք կոյուղի եւ վերջ: Նրանք համարում են դրանով հարցը փակված, բայց քանի որ մենք լավ գիտենք, որ մաքրման կայան չկա, որ կեղտաջրերը նորից լցվում են Հրազդանի ջրամբարը ու այնտեղից ոռոգման ցանցերով` մինչեւ Արարատյան դաշտավայր, բնականաբար, աղետն անխուսափելի է: Ինչ վերաբերվում է տրված լիցենզիաներին, իհարկե, կարելի է վերանայել հենց բնապահպանական թույլտվությունների ճշմարտացի լինելը: Որը տրված է իրական փորձաքննության տվյալների վրա, դա իրոք վնաս չի տալու, կամ վնասները նվազեցված են հնարավորին չափ, իհարկե, մենք հո մեր երկրի թշնամին չենք, որ նորմալ տրված լիցենզիան բեկանվի կամ նորից կասեցվի: Ինչ վերաբերվում է այս երկաթահանքի հետ կապված, չլինելով անգամ մասնագետ, առաջին հայացքից կարդալով Բնապահպանական նախարարության թույլտվությունը, ես համարում եմ, որ այդ թույլտվությունը կարելի է միանշանակ համարել չեղյալ, նոր փորձաքննություն նշանակել, նոր իրական նորմալ ցուցանիշներ: Նրանք եւ փոշին են այնքան քիչ գրել, որ այնտեղ փոշի չի առաջանա, հաշվի չի առնված խորքային ջրերի վրա ազդելու արդյունքը, որովհետեւ նույն իրենց փորձագիտական եզրակացության մեջ տրված է, որ 270մ խորությամբ պետք է ամբողջ այդ կատլավան փորվի 1800մ տրամագծով,  բայց այդ հանքի սարի բարձրությունը բացարձակ մեծությամբ կազմում է 230 մ: Այսինքն, 270 մ իջնելով, նրանք իջնելու են աղբյուրների մակարդակից մի 30-50 մ ներքեւ: Բնականաբար, ջրային ներքին աղբյուրների համակարգը խառնվելու է, եւ ինչ ասես կարող է աղբյուրի ջրի մեջ հայտնվել»:



Մայիս 04, 2012 at 18:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր