

ԷկոԼուր
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Եւ թեպետ վերջնական արդյունքները դեռ ներկայացված չեն, արդեն պարզ է, որ ամենաշատ տեղերը խորհրդարանում կզբաղեցնեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Արդյոք դա նշանակու՞մ է, որ որեւէ փոփոխություն չի լինելու: Մեր կարծիքով` այդ փոփոխություններն արդեն եղել են եւ ոչ միայն նրա համար, որ խորհրդարան է մտել Հայ Ազգային Կոնգրեսը: Փոփոխությունն այն է, որ մեր հասարակությունը մտադիր չէ հաշտվել իշխանությունների քաղաքականության հետ: Վերջին տարիների ընթացքում հանրությունը հաղթանկել է այն ժամանակ, երբ գործել է հետեւողականորեն եւ համառորեն:
Հիշեցնենք հիմնական դեպքերը:
2008-2009թթ.` S.O.S. Սեւան հասարակական կամպանիան ընդդեմ Արարատից դեպի Սեւանա լճի ավազան` Սոտք, ոսկու կորզման ֆաբրիկայի տեղափոխման: Կամպանիան միավորեց հարյուրավոր մարդկանց, հասարակական գործիչների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների, գրողների, քաղաքական գործիչների, ձկնորսների եւ գյուղացիների: Ի պաշտպանություն Սեւանի հանդես եկան Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի բնակիչներ: Որպես բողոքի նշան իրենց ստորագրությունները բոլոր աշխարհամասերից բացի երեւի Անտարկտիդայից: Արդյունքում գործարանը մնաց Արարատում:
2010թ. S.O.S. Գիլան: Հասարակական կազմակերպությունները եւ կանաչ շարժման ակտիվիստները հանդես էին գալիս «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» տեղամասի կառուցապատման դեմ: Կամպանիային ներգրավվեցին փորձագետներ, եւ արդյունքում «Գիլան»-ին վերադարձվեց արգելոցային գոտու կարգավիճակը, շինարարությունը ճանաչվեց անօրինական:
2010թ.` S.O.S. Արգիճի: Փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի արդյունքում 5 համայնք մնում էր առանց ջուր: Բնակիչների դժգոհությանը միացան հասարակական կազմակերպությունները եւ քաղաքական գործիչները: Պայքարը ձգվեց 6-7 ամիս իրավապահ մարմինների, դատախազության կողմից տեղի բնակչության նկատմամբ ճնշումների պայմաններում: Ի վերջո, այդ կառուցապատումը ճանաչվեց անօրինական եւ դադարեցվեց:
2010թ.` Վիշապների պուրակ: Երիտասարդական շարժման ակտիվիստները, տեղի բնակիչները կանգնեցրեցին բազմահարկ շենքի անօրինական կառուցումը: Պուրակը վերադարձվեց մեզ որպես հանրային տարածք:
2011թ.` կամպանիա Թռչկանում փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Երկու շաբաթ ակտիվիստները մնացին ջրվեժի մոտ վրաններում, թույլ չվեցին ծանր տեխնիկային աշխատել: Հանրային նախաձեռնությունը գրավեց շատերին: Այժմ Թռչկանը վերականգվում է որպես էկոհամակարգ եւ հատուկ պահպանվող տարածք:
2012թ.` Մաշտոցի այգի: Իհարկե, Մաշտոցի այգում հնարավոր էր տեսնել բոլորին, նույնիսկ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր, որպես կանոն, քիչ են հետաքրքրվում հասարակական նախաձեռնություններով: Բայց մշտապես անկախ եղանակից` ցրտից եւ ձյունից, անձրեւից եւ քամուց, Մաշտոցի այգում էին մի կողմից երիտասարդ ակտիվիստները, մյուս կողմից` ոստիկանությունը: Այդպիսով` Մաշտոցի այգին դարձավ հանրային շահի պաշտպանների եւ իշխանության պաշտպանների դիմակայության հարթակը: Ընտրություններից անմիջապես առաջ իշխանությունն այդ հարթակը տվեց հասարակությանը, որը չընդունեց իշխանության տվածը եւ պնդում է իրավական գնահատական տալ իրավիճակին:
Մեր նոր իշխանությունն այդքան էլ նոր չէ: Այն, ինչ մեզանից վերցրել են, հեշտ չեն տալիս: Մեզ սպասվում են փորձություններ եւ նոր դիմակայություններ: Հատկապես եթե խոսքը մեծ գումարների մասին է, ընդերքի մասին, ոսկու, մոլիբդենի, պղնձի, ուրանի մասին: Նոր փուլ է մտնում Քաջարան գյուղի համար պայքարը, որից (ինչպես նաեւ 5 գյուղերից) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հողեր խլեց:
Շարունակվում է S.O.S. Սեւան կամպանիան. Սոտքում «GeoProMining Gold» ընկերությունն առանց թույլտվության կառուցել է արտադրության առաջին փուլը` ջարդող-տեսակավորող սարք:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ ուղղված S.O.S. Թեղուտ կամպանիան շարունակվում է ոչ միայն Թեղուտում, այլեւ Երեւանի եւ Սփյուռքի հանրային հարթակներում:
«Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունն ակտիվացնում է ջանքերը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումից Ջերմուկ առողջարանի համար ռիսկերի կանխման ուղղությամբ:
Հրազդանցիներն իրեն ձեռքը պահում են Հրազդանի երկաթահանքի նախագծի զարկերակի վրա, եւ պատրաստ են հետ համարժեք արձագանք տալ գործողություններին, որոնք սպառնում են ամբողջ տարածաշրջանին:
«Կանաչ Կապան» կամպանիան ուղղված է Կապանում Շահումյանի ոսկու հանքավայրի բաց շահագործման դեմ:
S.O.S ուրան կամպանիան գտնվում է ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում: Այդ հարցերը դրվելու են նոր իշխանության առջեւ եւ պատասխան են պահանջելու: Ժամանակը գնաց:
Մայիս 08, 2012 at 15:30
