

ԷկոԼուր
Այսօր` մայիսի 14-ին, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանից ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերման են ենթարկել համալասարանի ուսանող, քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից Միքայել Նազարյանը: Նրան չի ներկայացվել ոչ մի փաստաթուղթ կամ ծանուցագիր: Պարզվել է, որ նա որպես վկա հրավիրվել է հարցաքննության` մայիսի 4-ին ՀՀԿ-ի միտինգ համերգի ընթացքում Հանրապետության հրապարակում փոչիկների պայթյունի հետ կապված, որի արդյունքում տուժեց 154 մարդ: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց իրավաբան-բնապահպան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, նրանք Նազարյանի եւ մի քանի այլ ակտիվիստների հետ միասին պայթյունի վայրից մոտ 10 մետր հեռավորության վրա են գտնվել. Կազմակերպում էին Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիան: «Եթե հարյուրավոր մարդկանց միջից, ովքեր մոտ էին կանգնած, ոստիկանությունն ընտրել է ակտիվիստներին, ովքեր ավելի հեռու էին, եւ բերման է ենթարկել առանց բացատրության եւ առանց ծանուցագրի, ապա կարելի է կարծել, որ դա անուղղակի ճնշում է ակտիվիստների նկատմամբ»,- հայտարարեց Գրիգորյանը: Ներկայումս Միքայել Նազարյանը դուրս է եկել ոստիկանությունից:
Մայիս 14, 2012 at 16:40
