Մարդիկ նախընտրական կաշառք էին ստացել եւ առավոտվա 7:00-ից գալիս էին ընտրատեղամաս` իրենց պարտքը կատարելու

Մարդիկ նախընտրական կաշառք էին ստացել եւ առավոտվա 7:00-ից գալիս էին ընտրատեղամաս` իրենց պարտքը կատարելու

ԷկոԼուր

Թիվ 23 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) առաջադրված 4 թեկնածուներից ոչ մեկը  իր նախընտրական քարոզարշավում Սեւանա լճի հարցը չի բարձրացրել: Այդ մասին «ԷկոԼուր»-ին ասաց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը: «Ընդհանրապես քարոզարշավներում մենք չենք լսել, որ որեւէ պատգամավորի թեկնածու անդրադառնա բնապահպանական խնդիրներին կամ Սեւանա լճի պրոբլեմներին,- ասաց նա,- Գիտենք, որ ամենամեծ բնապահպանական խնդիրներն այսօր Սեւանում են, Գեղարքունիքի մարզում են` կապված Սեւանա լճի հետ, ու որ լիճը էկոլոգիական կաթվածահար վիճակում է այսօր: Սակայն ժողովրդի գիտակցությունն այդ աստիճանի դեռ չի հասել, որ գնահատեն իրական իրավիճակը»:

Անդրադառնալով բուն ընտրություններին` Սաթիկ Բադեյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն ունեցել է 314 դիտորդ, որոնցից 170-ը քվեարկության օրը աշխատել է Կոտայքի մարզում, մյուսները` Գեղարքունիքում: Նրա խոսքերով այս խորհրդարանական ընտրությունները մյուս ընտրություններից տարբերվել են ընտրողների ակտիվությամբ:

«Առավոտ շուտ` ժամը 7:30-ից, սկսվեց ընտրողների մեծ հոսքը տեղամասեր: Մասնակցության բարձր տոկոս ապահովվեց այս ընտրություններին եւ մոտիվացիան, իմ կարծիքով այն էր, որ փողեր էին բաժանվել, եւ ժողովուրդը գալիս էր ընտրելու, որ իր պարտքը կատարի փող բաժանողի հանդեպ: … Բայց կարեւոր ձեռքբերում էր այն, որ փող բաժանողները չկարողացան վերահսկել` իրականում  այդ ընտրողն ընտրեց իր ուզած մարդուն, թե չէ, որոշ չափով  քվեարկության գաղտնիությունն ապահովվեց»,- ասաց Սաթիկ Բադեյանը: Այս ընտրություններում մեկ այլ տարբերությունն էլ այն է, որ լցոնումներ չեն եղել, բայց մյուս տեսակի ընտրախախտումներ` մեծ թվով: «…Ընդհանրապես լցոնումներ լրացուցիչ չեն եղել: Դեպքեր եղել են, որ փորձել են ուրիշի փոխարեն ընտրել, կամ մարդը եկել է ու տեսել, որ իր անվան տակ ստորագրած է: Դեպքեր եղել են, որ հանձնաժողովի անդամը, չգիտես ինչու, ստորագրության կողքին, որ պիտի իր անհատական կնիքը դնի, նախօրոք անհատական կնիքը դրել է մի քանի դեռ չստորագրած տեղեր:

…Մեր դիտորդները տեղերում ամեն ինչ տեսել են, ամեն կարգի ընտրախախտման ականատես են եղել, բայց կարողացել են բացահայտել ու դրա առաջն առնել: Անգամ հայտնաբերել են քվեախցիկում քվեաթերթիկը լուսանկարելու դեպք. տեսախցիկ է տեղադրված եղել վստահված անձի այն դիրքով, որ կարողանում է նկարել, թե ինչ է ներսում կատարվում: Աբովյանում դիտորդները արձանագրել էին, որ անվավեր քվեաթերթիկները, որոնց վրա պտիչկան դնելու փոխարեն ընտրողը գրել է այո, հանձնաժողովը որոշել է, որ դա համարեն վավեր, որովհետեւ ընտրողի կամարտահայտությունը երեւում է: Կամ նշում արածներ եթե չեն եղել, իրենք իրենց ձեռքով նշում են արել ու դրել են, ուր ուզել են: Հրազդանի գյուղերից մեկում` Մարմարաշեն գյուղում, դիտորդները մտել են ու տեսել են, որ մի թիկնեղ տղամարդ նստած է քվեատուփերի մոտ, չի կրում ոչ մի վկայական,  ընտրողների ձեռքից վերցնում է ծրարները ու գցում է քվեատուփերի մեջ: Քանի որ գյուղ է, բոլորն իրար ճանաչում են, ինքը գիտի` այդ մարդն իր ուզածին է ընտրել, թե ոչ: Եթե ոչ, ինքը հակառակն է գցում, որ դա հետո հանվի ու համարվի չսահմանված նմուշի: Այսինքն մեծամասնականը գցում է համամասնականի տուփի մեջ, համամասնականը` մեծամասնականի: Դիտորդները նրա հետ վեճի մեջ են մտել, նորից ահազանգել են, երբ հետ են գնացել, տեսել են, որ ինքն արդեն հանգստացել է ու ասում է, լավ եկեք տեսեք, արդեն ամեն ինչ ձեր ասածով եմ անում, էլ չեմ խախտում օրենքը: Ժողովրդի հետ կապված վեճեր է եղել, որ ուզեցել են ընտանիքով մտնեն, ընտրեն:

… Մեկ զանգ ունեցել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մարտունու ներկայացուցչությունից, որը ասել են, թե իբր իրենց վստահված անձանց ծեծել են ու տեղամասերից դուրս են հանել Զոլաքար համայնքում: Մենք այդտեղ դիտորդ ունեինք, զանգահարեցինք, ու պարզվեց, որ դիտորդը հայտնաբերել է, որ Բարգավաճի ներկայացուցիչը տեսախցիկով նկարահանում քվեախցիկում կատարվածը: Դիտորդը պահանջել էր, տեսախցիկը ձեռքից վերցրել էին ու արձանագրություն էին կազմել, դրանից հետո էր այդ կռիվն ու քաշքշուկը եղել, ու Բարգավաճն այնպես ներկայացրեց, որ ծեծել են, ատամները կոտրել են: Մենք անմիջապես Զանգակ հեռուստաընկերությունից լրագրող ուղարկեցինք, գնաց, տեղում նկարեց, իրենց վստահված անձը խոսեց ու ցույց տվեց, որ իր ատամները տեղում են, նման բան չի եղել: Ահազանգ ենք ստացել ՀԱԿ-ից` կարծեմ Մարտունու տարածքից: Ասում էր` իմ վստահված անձը չի արդարացնում իրեն ու մեզ հակառակ գործեր է կատարում  տեղամասում, ինչ անենք»,- պատմեց Սաթիկ Բադեյանը:

Անդրադառնալով ընտրական հանձնաժողովների պատրաստվածությանը` նա ասաց. «Կուզենայի շեշտել ընտրական հանձնաժողովների խիստ ցածր մակարդակը: Բազմաթիվ դասընթացներ արվեց ընտրական հանձնաժղովների համար: Իրենք նաեւ ստուգարք էին հանձնել եւ ստուգարքով էին ստացել հանձնաժողովի անդամ լինելու այդ թույլտվությունը: Ու մեզ համար ահավոր ափշեցուցիչ էր, որ այդքանից հետո մարդիկ այդ աստիճանի չէին տիրապետում իրենց գործին, ինչով որ զբաղվում էին: Իհարկե, կային պրոֆեսիոնալ հանձնաժողովի նախագահներ կամ անդամներ, որոնք իրենց գործին շատ լավ էին տիրապետւմ, բայց հիմնականում սարսափելի վիճակ էր: Ես առավոտյան մինչեւ ժամը 8:00-ը դիտորդություն եմ արել թիվ 23 ընտրատարծքային հանձնաժողովում, որտեղ բերվում էին բոլոր տեղամասերից եւ հանձնվում էին փաթեթները` նյութերը, փաստաթղթերը: Այդտեղ ահավոր վիճակ էր` կապված իրենց չիմացության հետ: Դա էլ այն դեպքում, երբ բացի այն ուղեցույցները, որոնք իրենք ունեցել են իրենց ձեռքի տակ, նաեւ առանձին տպված էր ու բոլորին տրված էր, թե որ փաստաթուղթը որ պարկի մեջ պիտի լինի, ինչը պիտի պարկից դուրս բերվի: Այդքանից հետո նման խառնաշփոթ, որ այստեղ հերթը գոյացել էր, ու տարածքային հանձնաժողովը չէր հասցնում ընդունել այդ փաստաթղթերը: Ասենք, բերում էին բոլոր փաստաթղթերը մի պարկի մեջ, մյուսը` դատարկ, թեւի տակ դրած: Ասում է` այդքան օրենքը կարդացի, չհասկացա` երկրորդ պարկն ինչի համար են ինձ տվել: Մեծամասնականի պարկը բերում էին դատարկ: Կամ հանձնաժողովի նախագահն ասում է` լավ, ուր էր այդտեղ փաստաթուղթ, որ ես երկրորդ պարկը օգտագործեի: Խնայողություն էր արել: Բերում էին կնիքը պարկի մեջ, հանձնաժողովի անդամների կնիքները պարկից դուրս: Այդ նույն պատկերը ներկայացնում են մեր դիտորդները տեղամասերում` քվեարկության ժամանակ: Ինչի համար էին ոգեւորված դիտորդները, որ իրենք հստակ զգացել են իրենց առավելությունը, իրենց պատրաստվածության մակարդակը հանձնաժողովի համեմատ: Տեղամասեր կար, որ գնում էինք դիտորդին փոխելու, հաջորդ հերթափոխը որ մնա այնտեղ, խնդրում էր հանձնաժողովի նախագահը, որ մեր դիտորդին չտանենք, որովհետեւ իրենք էին օգնում, ուղորդում ու ասում, որ գործն ինչպես պիտի արվի»:



Մայիս 15, 2012 at 15:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր