Հրանտ Բագրատյան`ես վստահ չեմ, որ Համաշխարհային բանկը կամ EBRD-ն խնդիր են դրել ինչ-որ բան լավացնելու

Հրանտ Բագրատյան`ես վստահ չեմ, որ Համաշխարհային բանկը կամ EBRD-ն խնդիր են դրել ինչ-որ բան լավացնելու

ԷկոԼուր

Հայաստանում ընդերքօգտագործման սեկտորը մեծ կոռուպցիոն ռիսկեր ունի: Մայիսի 12-ին` Երեւանում, Եվրոպական լիբերալ-դեմոկրատական կուսակցության (European Liberal Democrat and Reform Party) հավաքում այս մասին խոսեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ-ի ընտրացուցակի 8-րդ համարով ներկայացված Հրանտ Բագրատյանը:

Ներկայացնում ենք «ԷկոԼուր»-ի կարճ հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ:

«ԷկոԼուր».

- Ինչպե՞ս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն ընդերքօգտագործման ոլորտում:

Հրանտ Բագրատյան.

- Կան հարցի տարբեր ասպեկտներ`քաղաքական, սոցիալական, իրավական եւ այլն: Բայց կա հիմնական տնտեսական հարց, առանց որը լուծելու չենք մոտենա խնդրին: Առաջինը պետք է ռեսուրսի ճիշտ գին սահմանվի, եւ մարդիկ պիտի վճարեն այդ ռեսուրսն օգտագործելու գինը:

«ԷկոԼուր».

-Դուք կո՞ղմ եք սեփականաշնորհմանը, այդ թվում ընդերքի:

Հրանտ Բագրատյան.

- Դա այդպես չէ: Հանքերը ոչ մի տեղ, ոչ մի երկրում չեն սեփականաշնորհվում, ընդհակառակը` հիմա են սեփականաշնորհված` առանց դրա իրավունքն ունենալու: Կա Սահմանադրության 105 հոդվածը, որը ես եմ գրել, հանքերը պատկանում են պետությանը եւ համայնքներին:

«ԷկոԼուր».

-Դուք կիսո՞ւմ եք այն միտքը, որ ընդերքը պատկանում է նաեւ ժողովրդին:

Հրանտ Բագրատյան.

-Այստեղ պետք է սահմանադրորեն ինտերպրիտացիա անել համայնքի եւ պետության միջեւ, որովհետեւ յուրաքանչյուր հանք, յուրաքանչյուր սար, յուրաքանչյուր քար գտնվում է ինչ-որ համայնքի տարածքում: Մեր օրենսդրությունն այսօրվա վիճակով չի բաժանել դա պետության եւ համայնքի միջեւ:

«ԷկոԼուր».

- Կարո՞ղ ենք եզրակացություն անել, որ ամբողջ Հայաստանը կարող է հանդիսանալ որպես համայնք:

Հրանտ Բագրատյան.

- Չէ, չենք կարող. համայնքը եւ պետությունը տարբեր մարմիններ են: Այսինքն, չենք կարող սահմանադրորեն. դա առանձնացված է Սահմանադրության մեջ: Որ ասում եմ չենք կարող, նկատի չունեմ, թե ես ինչ եմ մտածում, ասում եմ` այդպես չէ այսօր:

«ԷկոԼուր».

- Իսկ ի՞նչ եք Դուք այդ մասին մտածում:

Հրանտ Բագրատյան.

-Համայնքի հարցը շատ բարդ հարց է: Ես կարծում եմ, որ համայնքի եւ պետության հարաբերությունների հարցը, ինքնակառավարման ու պետական կառավարման փոխհարաբերությունների հարցը մեզ մոտ օրենդրորեն լուծված չէ: Սկսած Սահմանադրությունից մենք օրենսդրական բաց ունենք:

«ԷկոԼուր».

- Իսկ ի՞նչ եք Դուք առաջարկում:

Հրանտ Բագրատյան.

- Ես այս հարաբերություններում գտնում եմ, որ ընդերքի հարցում պետւթյունը եւ համայնքը պիտի բաժանեն` ընդերքի որ տեսակներն են գտնվում  համայնքի բացառիկ իրավասության տակ, որ տեսակները` պետության: Այ, պետք է նայել, նայած ինչ հանքի մասին է: Գուցե պետք է գնալ մետաղական եւ ոչ մետաղական հանքերով, գուցե եւ պետք է գնալ հանքերի մեծությամբ եւ նշանակությամբ:

«ԷկոԼուր».

- Վերջին շրջանում նկատելի է, որ զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտները ինտերվենցիա են կատարում ընդերքօգտագործման ոլորտում: Պնդում են, թե հետեւում են միջազգային ստանդարտներին, սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվություն են ցուցաբերում: Բայց հենց խնդիրներ են առաջանում, պատասխանում են` դիմեք ձեր կառավարությանը: Այդ դեպքում մենք ի՞նչ կարող ենք նրանցից պահանջել, ի՞նչ զարգացում:

 Հրանտ Բագրատյան.

- Չգիտեմ: Ես նման կարգի կազմակերպությունների ազդեցությանը վերաբերվում եմ ոչ դրական: Ես չգիտեմ, ինչ կարող են իրենք անել եւ ընդհանրապես ուզում են որեւէ լավ բան անել, թե չէ: Սկզբունքորեն ինձ իրենց մոտեցումը չի հետաքրքրւմ, ինձ հետաքրքրում է հայերի մոտեցումն իրենց երկրում: Ես վստահ չեմ, որ Համաշխարհային բանկը կամ EBRD-ն հենց խնդիր են դրել ինչ-որ բան լավացնելու: Ինձ մեկ է իրենց վերաբերմունքը: Ինձ հետաքրքրում է մեր ժողովուրդը: Իրենք գործ չունեն մեր պետության հետ: 

Մայիս 16, 2012 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր