

ԷկոԼուր
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Բնապահպաններն այդ օրը խոսեցին հիմնականում խնդիրների մասին: Ստորեւ ներկայացնում ենք «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մամուլի ասուլիսը, որը տեղի է ունեցել «Постскриптум» մամուլի ակումբում:
Սամվել Բալասանյանը հասկանու°մ է բնապահպանական խնդիրներից (Տեսանյութ)
Տաթեւ Հարությունյան, Առավոտ
Aravot.am-ի հետ զրույցում բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ նորընտիր խորհրդարանից՝ բնապահպանական խնդիրների լուծման առումով առանձնապես սպասելիքներ չունի և մանրամասնեց. «Իմ սպասելիքները կոնկրետ պատգամավորներից են, որոնք նախորդ գումարման խորհրդարանում մշտապես բարձրացրել են բնապահպանական հարցերը: Ուստի իմ հույսերը կապված են միայն անձերի հետ»:
Անդրադառնալով կոնկրետ ԱԺ այն հանձնաժողովի գործունեությանը, որը զբաղվելու է նաև բնապահպանական հարցերով, տիկին Զարաֆյանը թերահավատություն հայտնեց. «Կան կուսակցություններ, որոնք ընդհանրապես հաշվի չեն առնում բնապահպանական խնդիրները: Օրինակ՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը ղեկավարում է այն հանձնաժողովը, որը պիտի զբաղվի բնապահպանական հարցերով: Իհարկե, առաջին տեղը նա գյուղատնտեսությանն է տալիս, բայց քանի որ բնապահպանական հարցերը ևս այդ հանձնաժողովում պիտի քննարկվեն, առաջին հարցը, որ ինձ հետաքրքրում է՝ ընդհանրապես Սամվել Բալասանյանն իր գործունեության ընթացքում զբաղվե°լ է բնապահպանական հարցերով, ինչպե°ս է քվեարկել: Որքան ես գիտեմ, նա ուշադրության կենտրոնում չի ունեցել այդ հարցերը: Ուստի մենք պիտի նրանց ստիպենք, որ այդ հարցերով զբաղվեն, ուզեն թե՝ ոչ: Իսկ դա պետք է անել հասարակական ճնշումով: Եվ կարծում եմ, որ այս գումարման ԱԺ-ի պատգամավորները հանգիստ չեն ապրելու»:
Մեր այն դիտարկմանը, արդյոք հասարակական ճնշումը կարո՞ղ է շատ բան փոխել՝ նկատի ունենալով նաև Փակ շուկայի հետ կատարվածը, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Այդ դեպքում այդքան էլ հասարակական ճնշում չկար: Հասարակական ճնշումը ոչ թե մի քանի ակտիվիստների գործունեությունն է, այլ, որ նրանք իրենց շուրջը կարողանան հավաքել տարբեր մարդկանց, ինչպես եղավ Թռչկանի հարցով և այլն»:
Շրջակա միջավայրի պահպանության օրն է. մեր խնդիրները
Aysor.am
Այսօր շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է: Հայաստանի էկոլոգիական խնդիրների շուրջ այսօր լրագրողների հետ իր մտահոգությունները կիսեց «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Բնապահպանի հիմնական մտահոգությունը հանքարդյունաբերության բուռն զարգացումն է` իր բոլոր բացասական հետևանքներով: Ի. Զարաֆյանին հատկապես մտահոգել է վերջին ամիսներին կառավարության կողմից ընդունված հողերի կատեգորիայի փոփոխությունները, որով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան իջեցվում է ընդերքօգտագործման` ՀԷԿ-եր կառուցելու համար:
Նրա խոսքով, Հայաստանն արդեն իսկ քիչ հողային ռեսուրսներ ունի, գյուղնշանակության հողերը դժվարությամբ է օգտագործվում և, այս պարագայում, գյուղնշանակության հողերը կրճատվում են և այն հողերը չեն մշակվում, քանի որ մշակման համար պարզապես հնարավորություններ չկան:
«Մենք կորցնում ենք մեր գյուղնշանակության հողերը»,- շեշտեց Ինգա Զարաֆյանը և հավելեց, որ արդեն իսկ Հայաստանում ընթանում է անապատացման գործընթաց և անգամ հետագայում բարեփոխումների համար ուղղակի տեղ չի լինելու:
Նա նաև արձանագրեց, որ հատուկ պահպանվող տարածքների թիվն է ավելանում, սակայն հենց նույն տարածքների կողքին կառուցում են ՀԷԿ-եր կամ սկսում են հանքարդյունաբերությունը, որը անհամատեղելի է կանաչ տնտեսության գաղափարախոսության հետ, որը հայտարարված է այս տարի:
Սյունիքում երեխաների գլխի մազերի մեջ մկնդեղ ու սնդիկ է հայտնաբերվել
Lragir.am
Շրջակա միջավայրի պաշտպանության օրն այս տարի նշվում է «Կանաչ տնտեսություն, դու իր մասն ես» խորագրով: Բնապահպան Ինգա Զարաֆյանն օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ թեև Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ կանաչ տնտեսության կողմնակիցն է, սակայն իրականում այլ պատկեր է: Ըստ բնապահպանի` մեր երկրում տնտեսության զարգացման գործում մեծ տեղ է տրվում ընդերքի շահագործմանը: Ընդ որում, հանքարդյունաբերությունը գնալով ընդլայնում է տարածքները, իսկ հանքատերերը չեն հետևում կանոններին: «Այսպիսով ոչ միայն չենք աջակցում կանաչ տնտեսության ձևավորմանը, այլ հակառակ ուղղությամբ ենք գնում»,- արձանագրում է բնապահպանը:
Ինգա Զարաֆյանի խոսքով` այսօր Հայաստանում մշակովի հողերի կատոգորիաների փոփոխության գործընթաց է գնում: Այսպիսով, ամեն տարի մոտ 7-8 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող ենք կորցնում, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ աղետ է: Մասնագետի խոսքով` անապատացման գործընթացը Հայասատնում արագացել է: «Եթե այս փոքրիկ տարածքում նման տեմպերով հանքարդյուանբերություն զարգացնենք, մարդկանց բնակվելու և գործունեություն ծավալելու համար տեղ չի մնա»,- նշեց Զարաֆյանը:
Բնապահպաններին մտահոգում են Մազրայի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները: Ընդ որում, հանքավայրը նախատեսում են շահագործել բաց եղանակով: Այն գտնվում է Սյունքի մարզի Ծավ գյուղի և Շիկահողի արգելոցի շրջակայքում: Շիկահողը Հայաստանի կենասաբազմազանությամբ ամենահարուստ արրգելոցն է, և բնապահպանները մտահոգություն ունեն, որ հանքավայրի շահագործման արդյունքում կկրճատվի արգելոցի տարածքը: «Բաց հանքը դա նշանակում է պայթեցումներ, մեծ աղմուկ, էլ ով կման այնտեղ: Մենք կկորցնենք արգելոցի տարածի մի մասն ու կենսաբազմազանությունը»,- ահազանգեց Ինգա Զարաֆյանը: Նրա խոսքով` բնապահպանության նախարարությունն ընդհանրապես չպետք է ընդուներ և քննարկման դներ մեր օրենսդրությանը հակասող նման նախագիծ:
Հանքարդյունաբերության պատճառով այսօր հատկապես աղտոտված է Սյունիքի շրջակա միջավայրը: Ինգա Զարաֆյանի խոսքով` Սյունիքում երեխաների գլխի մազերի մեջ մկնդեղ ու սնդիկ է հայտնաբերվել: «Մենք եղանք մի գյուղում, որտեղ երեխաների ատամները սևացել էին: Մարդիկ չեն դիմում բուժօգնության, որովհետև գումար չունեն: Իսկ էկոլոգիական թեժ կետերի բնակչության բուժօգնության համար պետպատվերի ցանկ սահմանված չէ»,- նշեց նա: Բնապահպանը նաև նկատեց, որ բոլոր նորմալ երկրներում բնապահպանության նախարարն ընդդիմադիր կեցվածք է ընդունում և հասրակության հետ միասին պայքարում բնության ոչնչացման դեմ: «Իսկ Հայաստամում նախարարը իշխող կուսակցության անդամ է, ինչը խանգարում է գործել»,- ասաց նա:
Նորմալ երկրներում բնապահպանության նախարարն ընդդիմությունից է լինում
1lur.am
Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, ինչպես նաև բնապահպանի օրն է: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց բնապահպան Ինգա Զարաֆյանը: Բնապահպանն ասաց, որ այսօր իհարկե, բնապահպանի օրն է, բոլորը շնորհավորում են բնապահպաններին, սակայն այսօր տոն չէ, ուղղակի շրջակա միջավայրի պահպանման օրն է և հենց այսօր պետք է ամփոփել արդյունքները: Այս տարի շրջակա միջավարի օրը կրում է «կանաչ տնտեսություն, դու նրա մա՞սն ես» խորագիրը:
Այս առումով Երևանում վիճակը բավական վատ է, նույնիսկ անմխիթար: Եթե նման կերպ շարունակվի, ապա նույնիսկ բարեփոխումները չեն կարող փրկել վիճակը:
Հայաստանում սխալ մոտեցում կա. բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների մեկնաբանությունների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բոլոր գործարարներն, ովքեր ցանկություն են ունենում, կարողանում են իրենց ցանկացած կառույցներն կառուցել իրենց պատկանող կանաչ տարածքներում:
«Բոլոր նորմալ երկրներում բնապահպանությունը պետք է ընդդիմություն լինի, սակայն մեզ մոտ հակառակն է»,-ընդգծեց բանախոսը: Նախարարն իշխող համակարգի մասն է կազմում, և սա արդեն վատ է՝ ըստ բանախոսի:
Ամեն տարի մենք 7-8 հազար հեկտար տնտեսական նշանակություն ունեցող հող ենք կորցնում, սա աղետ է
Haynews.am
Բնապահպանական տեսանկյունից այս օրը շատ կարևոր է: Այս տարի այս օրվա կարգախոսն է «Կանաչ տնտեսություն, դու իր մասն ես»:
Շրջական միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Վերջինիս խոսքով` երբ ուսումնասիրում ենք 2008-2012 թվականների կառավարության ծրագրերը, տեսնում ենք, որ մեր տնտեսության զարգացման առաջնությունը համարվում է ընդերքի շահագործումն ու դրա ընդլայնումը. «Ամեն տարի մենք 7-8 հազար հեկտար տնտեսական նշանակություն ունեցող հող ենք կորցնում, սա աղետ է: Մենք կորցնում ենք նաև գյուղատնտեսական հողերը: Շատ արագ տեմպերեով աճում է անապատացման գործընթացը»:
Բնապահպանը նաև նկատեց, որ հատուկ պահպանման տարածքների թիվն աճել է, բայց դրանք ևս զավթում են. «Սյունիքում 2 ՀԷԿ են կառուցելու, որոնք մտնելու են «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ: Բնապահպանության նախարարությունը նման ծրագիր չպետք է ընդուներ: Մենք կրճատում ենք արգելոցների տարածքներն, այն էլ ոչ օրինական ձևով»:
Ըստ Ինգա Զառաֆյանի` մենք իրավունք չունենք շրջանցել առողջապահական խնդիրները. «Քաջարանում աղտոտվածությունն այնքան է շատացել, որ երեխաների մազերի մեջ սնդիկ ենք հայտնաբերում, կամ Գեղանուշ գյուղում երեխաների ատամները սևացել են: Մարդիկ էլ բժշկի չեն դիմում, ասելով` «հո չե՞նք մեռնում»: Մենք նոր ԱԺ-ից պետք է պահանջենք, որ այս խնդիրները պահեն ուշադրության կենտրոնում»:
Խոսելով կանաչ տարածքների կրճատման խնդրից` Զառաֆյանը նկատեց, որ այսօր ով հնարավորություն ունի շինարարական աշխատանքեր կատարելու, դա անում է կանաչ տարածքի հաշվին:
«Բոլոր նորմալ զարգացած երկրներում բնապահպանության նախարարությունը ընդդիմության դերն է ստանձնում: Մեզ մոտ նման բան չկա. նախարարը իշխող համակարգի մի մասն է կազմում»,- հավելեց Զառաֆյանը:
Տեսանյութը` «Առավոտ»-ի
Հունիս 06, 2012 at 16:20
