

ԷկոԼուր
Մի խումբ քաջարանցիներ պատասխանել են «Իմ մոտ աշխատեն, ուրիշին ընտրեն» «Ա1+»-ի կայքում հրապարակված հարցազրույցին, որը լրագրող Մարինե Խառատյանն անցկացրել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի հետ: Քաջարանցիների նամակում նշված է. «Վերոհիշյալ հարցազրույցի տրամաբանությամբ կարող էր միայն մտածել 3 անգամ պատգամավոր դարձած, սակայն ոչ թե ժողովրդի կողմից արդար ընտրված Վահե Հակոբյանը: Նա, ինչպես և շատերը Հայաստանում, պատգամավորի իր մանդատի համար պարտական է ոչ թե իր արժանիքներին, թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդից ստացված ձայներին, այլ՝ ընտրակեղծիքներին, անձնական կապերին և «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատից» ստացված փողերին: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, հանդիսանում է «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենը, իսկ Վահե Հակոբյանը ոչ բանակում է ծառայել, ոչ էլ որևէ տեղ աշխատել է: Երկուսն էլ՝ հայր և որդի, ոչ մի հեղինակություն չունեն մարզում:
Հոդվածի տրամաբանությունից բխում է, որ Վահե Հակոբյանը կամ տեղյակ չէ իր իսկ մարզի Քաջարանց գյուղում տիրող իրավիճակից, կամ էլ ձևացնում է, թե գյուղի տեղահանման հետ կապված գյուղացիների շրջանում խնդիր չկա: Ինչպես միշտ հարցերը փորձում են լուծել «գեղական կարգով»՝ կաշառելով և առնելով մի քանի խեղճ ու կրակ գյուղացու: Սակայն գյուղացիների զգալի մասը կտրականապես դեմ է տեղահանմանը: Նրանք, առաջնորդվելով իրենց սահմանադրական իրավունքներով, սկզբունքորեն տեր է կանգնելու գյուղին և պայքարելու է մինչև վերջ: Խորհուրդ ենք տալիս Վահե Հակոբյանին այսուհետ Քաջարանց գյուղի բնակիչների հասցեին վիրավորական խոսքեր չհնչեցնել և չգերազանցել օրենքով սահմանված իր լիազորությունները: Հիշեցնում ենք, որ պատգամավորը պարտավոր է ծառայել ժողովրդի, ոչ թե՝ մի քանի օլիգարխի բիզնես շահերին:
Հարցազրույցում Վահե Հակոբյանի անհարգալից խոսքը բնապանպանների մասին ևս մեկ անգամ ընդգծում է նրա ապիկարությունն իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու հարցում: Բնապահպան ակտիվիստները բազմիցս ապացուցել են, որ գործում են բացառապես օրենքի տառով և ծառայում են հանրային շահին: Դրա վառ ապացույցն են Թռչկանի և Մաշտոցի պուրակի հաղթանակները: Նրանք Քաջարանց գյուղի բնակիչների հետ շարունակելու են պայքարել տեղահանման չարաբաստիկ որոշման դեմ: Նախիջևանի սահմանից չորս կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի հողերի օտարումը և գյուղացիների տարհանումը, գերեզմանոցի և գյուղի տարածքում գտնվող դարավոր հուշարձանների քանդումը, հանքարդյունաբերության ընդլայնման հետևանքով սպառնացող էկոլոգիական վնասները անընդունելի են թե գյուղացիների, թե բնապահպան ակտիվիստների համար»: Ստորեւ ներկայացնում ենք պատգամավոր Վահե Հակոբյանի հետ հարցազրույցը:
«Իմ մոտ աշխատեն, ուրիշի՞ն ընտրեն»
Ա1+
Այս տրամաբանությամբ է առաջնորդվում Քաջարանի պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի տղան, ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը, ով մեծամասնականով պատգամավոր է վերընտրվել Սյունիքում: Քաջարան գյուղի համար բնապահպանների պայքարը կոմբինատի տնօրենի տղան համարում է «մի երկու կանաչի շոու »: Ներկայացնում ենք Վահե Հակոբյանի հետ մեր զրույցը :
-Եթե ձեր հայրը պղնձամոլիբդենայինի տնօրենը չլիներ, Դուք քանի՞ ձայն կհավաքեիք Սյունիքում:
- Ինչ կապ ունի գործարանը : Մենակ իմ հայրն էնտեղ գործարան չունի , իմ եղբայրն էլ գործարարն ունի, իմ հորեղբոր տղան էլ գործարան ունի : Դա ի ՞նչ նշանակություն ունի :
- Իսկ ինչի՞ համար են Ձեզ ընտրել սյունեցիները, Ձեր հատկապես ո ՞ր գործի համար :
- Կարծում եմ, եթե իմ նախորդ տարիների աշխատանքը վերցնեք եւ իմ ծրագրերը, կտեսնեք :
- Ի՞նչ եք արել Սյունիքի համար, ԱԺ-ում էլ ակտիվ չեք եղել :
- Դուք ոչ մի բանից տեղյակ չեք : Ընտրողը կասի ավելի շուտ' ինչի համար է ինձ ընտրել :
-Ձեր հայրը հայտնի է որպես պղնձամոլիբդենայինում Ռոբերտ Քոչարյանի հետ համասեփականատեր : Ձեզ համար դժվար չի՞ լինի կողմնորոշվել ներկա քաղաքական իրավիճակում :
- Բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն հնչեցվել է պղնձամոլիբդենայինի բաժնետիրական կառուցվածքը : Բաժնետերերի անունները հրապարակային են, բաց են, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին : Ես զարմանում եմ' ինչու եք փորձում տարբեր անուններ հնչեցնել : Նման բան չկա :
- Իսկ կուզենա ՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում:
- Դուք հոռետեսական հարցեր եք տալիս:
-Ինչո՞ւ:
- Ես խոսում եմ որպես ՀՀԿ-ական պատգամավոր, ունենք կուսակցության նախագահ, որն այսօր գործող նախագահ է եւ 2013 թվականին էլ առաջադրվելու է :
- Քաջարան գյուղի բնակչությունը շարունակում է պայքարել գյուղի գոյության համար եւ Ձեր հոր ղեկավարած կոմբինատը սպառնալիք է այդ գյուղի համար : Ի վերջո' զիջում լինելո՞ւ է այդ հարցում, թե՞ ոչ :
- Որեւէ մեկը չի ուզում քանդել գյուղը,կառավարության որոշումը տվյալ գյուղի հետ կապ չունի, այդ տարածքը բավական հեռու է : Պաշարների համաչափ արդյունահանման համար, կարծում եմ, դա անհրաժեշտ նախապայման է, որ սերունդներին հետագայում կարողանանք ինչ որ բաներ թողնել : Էնպես որ սիրողական մակարդակով մի- երկու կանաչ հավաքվել են, չգիտես էլ կյանքում Հայաստանում են ծնվել, թե որտեղ են ծնվել, փորձում են ինչ-որ շոուներ սարքել : Կարծում եմ' ժամանակը էտ ամեն ինչը տեղը կդնի :
- Գյուղացիներն էլ չե՞ն հասկանում' ինչ է կատարվում, որ շարունակում են պայքարել :
- Գյուղացիները փայլուն են հասկանում, բոլորն էլ կողմ են : Էնտեղ գյուղում կա երկու մարդ, որ իրենց անձանական, ընտանեկան խնդիրներն ապահովելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, փորձում են աքլորի նման կանչել, որը որ արդյունք չի տա : Մնացած գյուղացիները նորմալ, առողջ մտածողության տեր մարդիկ են :
- Ուզում եք ասել' գյուղացիները համաձա՞յն են գյուղը կորցնել :
- Ոչ : Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ գյուղացիների սրտով լինի :
- Պատրաստ ենք այնպիսի փոխհատուցումներ անել, որ մի քանի անգամ ավելի է, քան օրենքով նախատեսված է : Եւ էսօր դա արվում է հանքի հետագա շահագործման նպատակներից ելնելով, որ չհարստահարենք ընդերքը, կարողանանք արդյունավետ կառավարել պաշարները:
- Իսկ Դուք ի՞նչ եք անելու ԱԺ-ում այս խնդրի հետ կապված :
- Ի՞նչ պիտի անեմ, մեր պետության շահերն եմ պաշտպանելու եւ ժողովրդի :
- Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ եք տանելու ԱԺ :
- Բազմաթիվ : Եթե դուք ակնկալում եք, որ ես առանձին ինչ-որ եզակի, բացառիկ օրենքի մասին խոսեմ, դա ծիծաղ կառաջացնի : Մենք ապագա մեր 5 տարվա անելիքները, մեր ծրագրերն իրականացնելու համար օրենսդրական բազան համապատասխանեցնելու ենք, որ կարողանանք ավելի նպատակային իրականացնել մեր գործառույթները:
- Կոնկրետ կարո՞ղ եք ասել, որ ընտրողն իմանա :
- Մինիմում 2-3 օր ա պետք լինելու, որ ես իմ տեսակետը ներկայացնեմ' ապագա տարիների ընթացքում ինչպիսի անելիքներ կան:
- Ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետին հնարավոր է տեղափոխեն եւ այլ մարզպետ նշանակվի մարզում :
- Կյանքը դինամիկ պրոցես է : Ես չեմ կարծում, որ ինչ որ մի բան ստատիկ, կանգնած վիճակում է : Կյանքում ցակնացած պահի, ցանկացած պրոսեց կարող է տեղի ունենալ :
- Ասել է թե' այնքան էլ դեմ չե՞ք, որ Սուրեն Խաչատրյանը տեղափոխվի Սյունիքից:
- Չեմ հասկանում ձեր հարցը : Ինչի՞ պիտի դեմ կամ կողմ լինեմ : Եթե պիտի պաշտոնի բարձրացում լինի, կողմ եմ : Եթե ինքն իրեն պիտի ավելի լավ զգա, կողմ եմ :
Զրուցեց Մարինե Խառատյանը
Հունիս 12, 2012 at 16:51
