

ԷկոԼուր
Հարցը, թե արդյոք Բնապահպանության նախարարությունը գիտի, թե չգիտի` ինչ իրավական ուժ ունի նախարարի հանձնարարականը, մնում է բաց: «ԷկոԼուր»-ը հունիսի 4-ին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որում մասնավորապես ասված է. «ի՞նչ իրավական հիմք ունի 2012թ. ապրիլի 18-ի Ձեր հանձնարարականը` Ամուլսարի նախագծի վերաբերյալ Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելու մասին, արդյոք կարծո՞ւմ եք, որ Ջերմուկը պետք է պաշտոնապես ճանաչվի Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված Ամուլսարի նախագծի փաստաթղթերի մեջ կներառվե՞ն Ձեր հանձնարարությամբ ստեղծված բոլոր արձանագրությունները եւ փորձագիտական գնահատականները: Հիշեցնենք, որ դրանք երեքն էին`
- Սեւանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի եզրակացություն
- Ջերմուկ քաղաքում անցկացվելիք հասարակական լսումների արձանագրություն
- անկախ փորձագիտական գնահատականներ»:
«ԷկոԼուր»-ին ուղղված ՀՀ Բնապահպանության նախարարության պատասխան նամակում (թիվ 5/33/51476, 12.06.2012թ.) գրված է. «Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 04.06.2012թ հարցման` կապված Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծի փորձաքննության հետ, հայտնում եմ, որ ս.թ. ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարի մոտ Ամուլսարի խնդիրներին նվիրված քննարկման իրավական հիմքը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 3-րդ մասն է, համաձայն որի` Լիազոր մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում իրականացնել գործող օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ, որոնք անհարժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար:
Ինչ վերաբերում է Ամուլսարի նախագծի փաստաթղթերի մեջ Ձեր գրությունում նշված նյութերը ներառելուն, հայտնում եմ, որ փաստաթղթերի փաթեթի մեջ կներառվեն Ամուլսարի նախագծի փորձաքննությանն առնչվող բոլոր եզրակացություններն, արձանագրությունները, կարծիքները, գնահատականները, դիտողություններն ու առաջարկությունները»:
Հունիս 13, 2012 at 18:54
