Տիգրան Հակոբյան` հասարակությունն իրավունք ունի հանգստանալ եւ ուժ հավաքել

Տիգրան Հակոբյան` հասարակությունն իրավունք ունի հանգստանալ եւ ուժ հավաքել

ԷկոԼուր

Կանաչ շարժումը 80-ականներին եւ «կանաչ» շարժումը 2000-ականներին: Ինչ ընդհանրություններ կան, եւ ինչն է տարբերակում այս շարժումները: Այս մասին իր կարծիքը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնում է քաղաքական եւ հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը:

80-ականների մասին. «Իսկապես դա մաքուր կանաչ շարժում չէր, չեմ կարծում, որ Սովետական Միությունում մարդկանց շրջակա միջավայրի պաշտպանության, կամ էկոլոգիական դաստիարակություն էին տալիս, եւ նրանք մտահոգված էին բնության, շրջակա միջավայրի աղտոտմամբ: Խնդիրը քիմիական, ատոմային շատ վտանգավոր արտադրություններն էին` ատոմակայանը եւ Նաիրիտը: Եւ մարդիկ, պայքարելով այդ վտանգավոր արտադրությունների դեմ, նրանք, կարծում եմ, պայքարում էին միգուցե նույնիսկ բնազդաբար, որոնք քողարկվում էին կանաչ  կարգախոսներով, ազգապահպանման համար: Դա իսկապես քաղաքական շարժում էր, որովհետեւ նույն ատոմային էներգետիկան այսպիսի վտանգավոր, սեյսմիկ գոտում նույնպես շատ մեծ մարտահրավեր էր, որը վտանգում էր քո ազգային անվտանգությունը: Եւ մարդիկ, դա զգալով եւ ընտրելով պայքարի ամենափափուկ ձեւը՝ ոչ քաղաքական, կամաց-կամաց եկան քաղաքական լոզունգների: Այսինքն, ես կարծում եմ՝ «Փակենք ատոմակայանը», «Փակենք Նաիրիտը», դա ոչ միայն էկոլոգիական, այլեւ քաղաքական կարգախոս էր ի վերջո: Նա սկսեց Ղարաբաղի խնդիրները դնել, անկախ պետականության, ժողովրդավարական ռեֆորմների, եւ վերածվեց այն շարժման, որը պետք է Հայաստանը բերեր անկախության: Դա նորմալ տրանսֆորմացիա էր, որովհետեւ էկոլոգիական շարժումներով դու ոչ անկախություն կնվաճեիր, ոչ էլ Ղարաբաղ, բնական է»:

2000-ական թվականների շարժման մասին. «Գիտեք, շատ ողջունելի է, ես ուրախանում եմ, որ տեսնում եմ այդպիսի քաղաքացիական հասարակական  նախաձեռնությունների: Եւ այստեղ նորից, եթե մենք վերադառնանք 88 թվին, քանի որ տարբեր  երիտասարդ նախաձեռնությունները հետապնդում են զուտ քաղաքաշինական, էկոլոգիական, նույնիսկ եթե ուզում եք էսթիկական քաղաքական տեսքի խնդիրներ, նրանք տեսեք, թե ինչ քիչ քանակի համախոհներ եւ մարդիկ են հավաքում:  88թ-ին այդ այսպես կոչված չակերտավոր էկոլոգիական պահանջները, նույն ատոմակայանը հավաքում էին 100 անգամ ավել մարդիկ: Դա նշանակում է, որ մաքուր էկոլոգիական, քաղաքաշինական, էսթետիկական պրոբլեմները փոքր զանգվածի մարդկանց են հուզում Հայաստանում, եւ այդ զանգվածը մեծամասամբ կենտրոնացված է Երեւանում, բայց դա նորից ինչ-որ շարժման սկիզբ է, ինչ-որ 88 թվին: Ինձ թվում է` շատ գործոններ, մեկը չի,  եւ իսկապես առաջնորդների խնդիր կա եւ գաղափարների, որոնք ազգը համախմբում են: Ի վերջո ամեն ազգ ապրում է իր կարծրատիպային տիրույթում, եւ մեր կարծրատիպային տիրույթները շատ ժամանակ ապագայի խնդիրներ չեն դնում: Բոլոր մեր խնդիրները, որոնց համար ազգը համախմբվում է, անցյալում են կամ ներկայում: Դա եւ ցեղասպանությունն է, եւ Ղարաբաղի հարցն է: Ապագայի տեսլական, ապագայի խնդիր` այս ազգի այդ միասնական միտքը դեռ չի ձեւվավորել: Այսինքն՝ գործոններ կան, որոնք խանգարում են այդ շարժման կայացմանը, բայց նորից եմ կրկնում, ես գրեթե համոզված եմ, որ դա ժամանակի հարց է: Երկրորդը, մի կարեւոր խնդիր կա, որի վրա մենք շատ ժամանակ ուշադրություն չենք դարձնում եւ մեղադրում ենք հասարակությանը պասիվության մեջ, հասարակությունը պարբերաբար է շատ ակտիվ դառնում: Ժողովուրդն այն ժամանակ է ակտիվ դառնում, երբ ինքը պետք է լուծի իր համար ինչ-որ կենսական խնդիրներ: Դա եղավ 88-ին, դա եղավ 91-ից 95-ը, երբ որ պատերազմ էր: Եւ այս ժողովուրդն իրավունք ունի` մի քիչ հանգստանա, նորից հավաքի իր կենսական ուժերը: Այն, ինչ այսօր կատարվում է, այնքան վտանգավոր չէ, դա խորքային վտանգներ են, որոնք նորմալ իշխանության դեպքում մի քանի ամսվա մեջ կարող են լուծում ստանալ: Չնայած ես ֆատալիստ չեմ, բայց ես կարծում եմ, որ պետք է մի քիչ սպասել, ժողովրդին հանգստացնել: Նա՝ ինքը, ելնելով իր ինքնապաշտպանական բնազդներից, զգալով, որ այսպես ապրել հետագայում էլ չի կարելի, ինքը կհավաքի իր ուժերը, իր ռեսուրսը, եւ մենք կտեսնենք փայլուն քաղաքական եւ քաղաքացիական շարժում: Միգուցե այս տարբեր նախաձեռնությունները՝ կապված էկոլոգիայի, կրթության որակի, կաշառակերության, չգիտեմ, բանակում տիրող իրավիճակի, կամաց-կամաց բերեն մի մեծ շարժման՝ քաղաքացիական, քաղաքական, որը նպատակ ունենալով կարգ ու կանոն հաստատել Հայաստանում՝ տարբեր բնագավառներում, կդառնա մի մեծ հոսանք, որը ինչ-որ նպատակի կբերի, այսինքն՝ կփոխի այս քաղաքական, քաղաքացիական ռեժիմը»:



Հուլիս 09, 2012 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր