Մանվել Սարգսյան. ինքնորոշված քաղաքացու ժամանակն է եկել

Մանվել Սարգսյան. ինքնորոշված քաղաքացու ժամանակն է եկել

Դիանա Սահակյան, «ԷկոԼուր»-ի համար

Հայաստանյան պայքարների մեջ ի հայտ է եկել նոր երևույթ` ինքնորոշված քաղաքացու ժամանակը: Այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:

Մանվել Սարգսյանը Մաշտոցի այգու ապամոնտայվող բրիգադի անդամ էր և մասնակցում էր այգու տարածքը հասարակությանը վերադարձնելու գործընթացին:

«Մաշտոցի այգին շատ ընդհանուր պայքար էր, որը սկսել էին երիտասարդ բնապահպանները, և հարցը շատ կոնկրետ էր դրված: Կար տարածք, որտեղ մարդիկ անօրինականություն էին ֆիքսել և որոշել էին չթույլատրել:  Գաղափարները հստակեցված չէին, ընդամենը կոնկրետ դիմադրության ակցիա էր: Պայքարի ընթացքում սկսվում են գաղափարներ ձևավորվել: Առաջին հետաքրքիր գաղափարը եղել է ինքնորոշված քաղաքացու ժամանակը, դա նոր երևույթ է հայաստանյան պայքարների մեջ: Երկրորդ գաղափարը քաղաքացիական-քաղաքական պայքարի դիսկուսիան էր:  Այսինքն սկսվել է գաղափարական հստակեցում: Եվ ինչ-որ մի պահ, երբ  դադարեցվեց շինարարությունը, սկսվեց մի նոր էտապ: Սկսվեց բնապահպանների և ոստիկանության դեմ առ դեմ պայքար, և դրա արդյունքում ստեղծվեց ինքնաբուխ իրավական վեճի հարթակ:  Բնապահպանները ունեին կարևոր լոզունգ` «Այգին մերն է», այսինքն` դա հասարակական սեփականություն է, հանրային սեփականություն, և մենք ենք հանրությունը: Հստակեցվում է իրավական վեճը, այսինքն` արդեն իսկ հանրային սեփականության խնդիր է մեջտեղ գալիս»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումը 

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարություն է արել, որտեղ նա ասել է. «Եկեք հարգենք սեփականությունը, սա մասնավոր սեփականություն է, և եթե  մենք չհարգենք մասնավոր սեփականությունը, մենք պետություն չենք դառնա»: Եվ արդյունքում իրավական վեճը դրվեց հստակ շրջանակների մեջ: Այսինքն` ոստիկանները ոչ թե կարգն էին պաշտպանում, այլ մասնավոր սեփականությունը հանրային տարածքում»:

Իշխանությունների արձագանքը

«Շատ էական էր, թե ինչպես են այս ամենին նայում երկրի իշխանությունները: Իշխանությունները չգիտեին, նրանք երբևէ չէին տեսել այսպիսի պայքար, նրանք ընդհանրապես չգիտեին թե մենք ինչ ենք ուզում, թե ինչի դեմ էր մեր պայքարը:

 Չնայած այս ամենը չի տարածվել հեռուստատեսությամբ, սակայն ունեցել է լայնածավալ տարածում, քանի որ ոչ միայն իշխանությունները, այլ հասարակությունն էլ չէր կարող հասկանալ` սա իրականություն էր, թե` շոու: Շատ կարևոր էր «Facebook»-ի դերը, քանի որ նրա մեծ հնարավորությունների շնորհիվ ստեղծել է երկու խոշոր խումբ, յուրաքանչյուրում` մինչև 5000 հոգի, ինչն արդեն բավականին մեծ աուդիտորիա է»:

 Կուսակցությունների վերաբերմունքը

«Շատերն անտաբեր էին, քանի որ կար բարոյական աջակցություն, սակայն չկար քաղաքական աջակցություն: Կուսակցությունները չէին խառնվում այս ամենին, ինչն էլ հիմնական թեզերից մեկն էր, որ պետք չէ կուսակցականացնել այս ամենը: Կուսակցություններն իրենց կողմից սկսել էին ինդիվիսական վերաբերմունք ցույց տալ, որ դուք սխալ եք, եկեք միացեք մեր պայքարին, քանի որ  մինչև այս երկրում իշխանությունը չփոխվի, հնարավոր չէ ոչ մի խնդիր լուծել: Արդյունքում վեճ առաջացավ նաև կուսակցությունների և ակտիվիստների միչև»:  

Լուսանկարը` Դիանա Սահակյանի

Հուլիս 23, 2012 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր