

ԷկոԼուր
Մաշտոցի այգուց հետո, որտեղ քաղաքացիական նախաձեռնությունները պաշտպանեցին հանրային շահը, միայն ծույլ մարդն իրեն հարց չտվեց` արդյոք սա նոր քաղաքական գործընթա՞ց է, եւ ի՞նչ կարող է այս շարժումից ձեւավորվել:
Այս հարցի առնչությամբ քաղաքացիական նախաձեռնությունների ներսում միակարծություն նույնպես չկա: Մենք դիմեցինք Թեղուտի պաշտպանների նախաձեռնող խմբին, որը ամենաակտիվ մասնակցությունն ուներ Մաշտոցի այգու պայքարում: Զրույցին մասնակցեցին Հրայր Սավզյանը, Լենա Նազարյանը եւ Արթուր Գրիգորյանը: Նրանք տարբեր կազմակերպություններից են, բայց խնդրեցին իրենց ներկայացնել որպես Թեղուտի պաշտպաններ:
Հրայր Սավզյան. “Ես տեսնում եմ, որ կոնկրետ բնապահպանական նախաձեռնությունները լավագույն դեպքում լուծում են մեկ լոկալ խնդիր: Մաշտոցի դեպքում մի այգու մի հատված փրկվեց: Հա, ուրախացանք, հաղթանակ էր, բայց միեւնույն ժամանակ նույն Երեւան քաղաքի բազմաթիվ այգիներ շարունակում են ինտենսիվ կառուցապատվել, ու հարց է առաջանում, որ այդ այգիները չպաշտպանվեցին, ոչ ոք չկար, որ պաշտպաներ: … Նույնն էլ այլ ոլորտներում, օրինակ՝ հանքարդյունաբերության մեջ մենք ֆոկուս ենք ընտրել Թեղուտը` արդեն 6-7 տարի է: Իհարկե, լուծում չի ստանում ի օգուտ էկոլոգների: Տեսնում ենք, որ շատ էկոլոգիական խնդիրներ` հանքարդյունաբերության ոլորտից, կամ ընդհանրապես չեն արծարծվում, կամ շատ քիչ են արծարծվում, կամ չկան նախաձեռնություններ, որոնք հետեւողականորեն գոնե փորձ կկատարեն այդ խնդիրները լուծելու: Այ շատ լավ կլիներ, որ ստեղծվեին այնքան նախաձեռնություններ, որ գոնե ամենաթեժ էկոլոգիական խնդիրներով զբաղվեին: Ասենք, էկոլոգիական նախաձեռնությունների ցանց լիներ` Երեւանի այգիներով զբաղվող, կամ բնության համար ամենավտանգավոր հանքերով զբաղվող նախաձեռնությունների ցանց: …Պետք է շատ ինտենսիվ շփվել իրար հետ, հանդիպել, միասին ժամանակ անցկացնել, զրուցել, կիսվել գիտելիքներով, իդեաներով”:
Արթուր Գրիգորյան. “Ես այս պրոցեսի մեջ այնքանով եմ, որքանով որ այնտեղ կա բովանդակություն: Ինձ համար էական չէ, թե այստեղ ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցում: Ես վստահ եմ, որ այն ուղղակի չի կարող դառնալ քաղաքական ուժ: Եթե այն դարձավ քաղաքական ուժ, այն կբզկտվի, որովհետեւ այնքան շատ են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ այս շարժումների մեջ, որ այն կբզկտվի, կջլատվի եւ չի դառնա մեկ միասնական միավոր: Այս պրոցեսը դեռեւս շարժում չէ, այն նախաձեռնություն է ընդամենը: Ես վստահ եմ, որ այն չի դառնա քաղաքական ուժ, որովհետեւ այստեղ կան մարդիկ, ովքեր այս ամենը շատ խորապես գիտակցում են, եւ իրենք էլ թույլ չեն տա, մենք էլ թույլ չենք տա: Ոչ թե այստեղ դուրս գալու խնդիր կա, որ դարձավ քաղաքական ուժ, դուրս կգաս, այլ ուղղակի չի դառնա քաղաքական ուժ: Այնտեղից կարող են ինչ-որ կտորներ անջատվել եւ դառնալ քաղաքական միավորներ, բայց որպես այդպիսին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, մյուս բնապահպանական նախաձեռնությունները՝ դրանք, քաղաքական մեկ միավոր չեն դառնա, ես վստահ եմ դրանում: … Ավելի նախընտրելի է այս պահի դրությամբ աշխատել քաղաքական միավորների հետ, այսինքն՝ կան տարբեր ուժեր, կան տարբեր բեւեռներ, որոնք մրցակցում են միմյանց դեմ: Ավելի նպատակահարմար եմ ես գտնում եւ կարծում եմ, որ խմբի մեծ մասը եւս, համագործակցել նրանց, այդ թվում նաեւ պետական տարբեր կառույցների, Օմբութսմենի գասենյակի հետ եւ այլն, որպեսզի դու կարողանաս քո օրակարգը մտցնել քաղաքական օրակարգ: Սա այս պահի դրությամբ ավելի ձեռնտու սցենար է, քան ձեւավորել ինչ-որ քաղաքական ուժ եւ մտնել այդ կեղտոտ խաղի մեջ, որը կոչվում է քաղաքականություն”:
Լենա Նազարյան. “Կարեւոր չէ՝ դա բնապահպանական թեմաներով կլինի, նախաձեռնությունների մոտ ավելի շատ կզարգանա քննադատական վերլուծությունը, քննադատական միտքը, ինչ-որ բան նախաձեռնելու ձգտումը: Այս միտումը ես հիմա տեսնում եմ, եւ ես հատկապես դրանով եմ պայմանավորում բարեփոխումների ալիքը, այսինքն՝ դա շատ կարեւոր է, որ մարդիկ հանդիպեն եւ խոսեն”:
Հուլիս 30, 2012 at 02:13
