

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
«Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է Սեւանա լճում հիմնած ձկնաբուծարանի ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն: Այս մասին տեղեկացնմում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի մոտ տեղի է ունեցել քննարկումը, նվիրված` Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ:
«Էմի ֆրութ» ընկերության տնօրենը տեղեկացրել է, որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական ԲիոՄար ընկերությունը: ԲիոՄար խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրներում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր:
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ այս ծրագիրը փորձնական է և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիտորինգի շնորհիվ, պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ, առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով:
Օգոստոս 17, 2012 at 16:09
