Էրեբունու մանկական կանաչ այգին գնել է «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» ընկերությունը

Էրեբունու մանկական կանաչ այգին գնել է «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» ընկերությունը

ԷկոԼուր

Էրեբունի համայնքի Նոր Արեշ 50 հասցեում գտնվող հանրային տարածքը` մանկական կանաչ այգին, գնել է «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ բնապահպանության  նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը  այգու կառուցապատման վերաբերյալ ահազանգել էր Բնապահպանության նախարարություն եւ Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տեսչական ստուգումներ իրականացնել Էրեբունի համայնքի 50-րդ փողոցում եւ տրամադրել փաստաթղթեր, որոնց հիման վրա հանրային տարածքում իրականացվում է օբյեկտների շինարարություն:

«Հայտնում եմ, որ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի կողմից տեղում ուսումնասիրվել են Ձեր կողմից նշված տարածքի օգտագործման օրինականությունը:

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 28022012-01-0055 վկայականի նշված տարածքը, առքուվաճառքի 22.02.2012թ-ին կնքված թիվ 918 պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է «ՋՏ-ԱՐ ԳՐՈՒՊ» ընկերությանը»,- նշված է նամակում:  Տարածքը 2012թ. փետրվարի 28-ին գրանցվել է Անշարժ գույքի պետական կադաստրում: Գրանցման վկայականից պարզ է դառնում, որ տարածքը գրանցվել է կադաստրում թիվ 1556 առք ու վաճառքի պայմանագրի, Երեւանի քաղաքապետի (Երվանդ Զախարյան) 14.012.2006թ. որոշման հիման վրա: Սակայն հասկանալի չէ, թե ինչպես է օտարվել հանրային տարածքը, եւ ինչու է կանաչ գոտին կառուցապատվում:

Նշենք, որ պետական մարմիններին խնդրի առնչությամբ ահազանգել էին նաեւ տեղի բնակիչները: Տեղաբնակ Վարդան Համբարձումյանի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սեւադա Հայրապետյանը տեղեկացրել է. «Տեղազննմամբ պարզվել է, որ Երեւանի Նոր Արեշ 50 փողոցի վերջնամասում քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»:

Օգոստոս 20, 2012 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր