

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությունը այդպես էլ չհամարձակվեց որոշել, թե ինչպիսի գործունեություն է Սոտքում ջարդող-տեսակավորող տեղամասի գործունեությունը` արդեն իրականացված, թե նախատեսվող: Թեպետ նախագիծը ջարդող-տեսակավորող տեղամասի հատվածի հետ միասին ներկայացվել է 2012թ-ին, բայց այդ տեղամասը կառուցվել է դեռ 2011թ-ին: Խոսքը «Սոտքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ի մասին է, որը «GeoProMining Gold» ՍՊԸ-ն ներկայացրել է բնապահպանության փորձաքննության եզրակացության ստացման համար:
«ԷկոԼուր»-ը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղ նշված է, որ ջարդող-տեսակավորող տեղամասը կառուցվել է դեռ 2011թ. եւ աշխատում է առանց թույլատրող փատաթղթերի: Նամակում նշված է, որ նախագծի` ջարդող-տեսակավորող տեղամասին վերաբերող հատվածը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքին, որն ասում է, որ եզրակացությունը տրվում է նախատեսվող, այլ ոչ թե իրականացված գործունեության համար: Հետեւաբար, տվյալ հատվածի դիտարկումը նախագծում օրենքի կոպիտ խախտում է: Ապա «ԷկոԼուր»-ը պահանջել է մերժել նախագիծը, տեսչական ստուգումներ անցկացնել, տուգանել «GeoProMining Gold» ՍՊԸ-ին, ապամոնտաժել անօրինական շինությունը:
Բնապահպանական փորձաքննության պատասխանում, մասնավորապես, ասված է. «…ս.թ. 22.06.12 բնապահպանական փորձաքննության «ԳեոպրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է «Սոտք ոսկու բացահանքի ՇՄԱԳ» նախագիծը համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի 12.01.2012 թ 5-Ա հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի 30.03.12 թ-ի նախագծի որոշման պահանջի:
Տեղեկացնեմ, որ վերը նշված նախագծի փորձաքննական գործընթացը դեռ ավարտված չէ:
Համաձայն «Սոտքի ոսկու բացահանք ՇՄԱԳ» նախագծի փորձաքննության է ներկայացվել ոչ թե Սոտքի ոսկու բացահանքի շահագործման նախագիծը, այլ արդեն իսկ իրականացվող գործունեության նախատեսվող վերազինումը և համապատասխան հիմնավորումները:
Ուստի Ձեր կողմից ներկայացված գրության պահանջները «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի իրավասությունից դուրս են»:
Կարծում ենք, որ բնապահպանական փորձաքննության պատասխանն անորոշ է, գլխավոր հարցից` վերամշակող արտադրությունից` ջարդող-տեսակավորող տեղամասից, ուշադրություն շեղող:
Բնապահպանական փորձաքննության նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում նրա անկողմնակալությունը, ինչը, վերջին հաշվով, վտանգներ է պարունակում Սեւանա լճի էկոհամակրգի պահպանման համար:
Օգոստոս 23, 2012 at 16:19
