Մենք պարտքով ենք ապրում, եւ բերքով ենք վճարում դրա դիմաց (Լուսանկարներ)

Մենք պարտքով ենք ապրում, եւ բերքով ենք վճարում դրա դիմաց (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մեղրիի մոտակա համայնքներում այգիները ջրում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոններով: «Արաքսի ջուրը գալիս է, ջրում ենք, վերջում կամ մոլիբդենի աստատկա ա, կամ մոլիբդենի ավազ ա սպիտակ, չգիտենք` ինչ նյութ ա:  Մոլիբդենի բասեին կա էնտեղ: Էնտեղից ջուրը լցվում է Արաքսը: Դա էլ իբր թե պահեստավորում են, որ հետագայում հանքը փակվի, զտեն նորից, իսկ էն ջուրը գնում է, թափվում է Արաքսը: Էդ ջուրը` ոռոգման ջուր, տալիս են մեզ»,- ասում է Շվանիձորի բնակիչ Ռաֆիկ Հայրապետյանը:

Շվանիձորի բնակչուհի Հասմիկ Վանեսյան. «Մենք էս փոքր այգուց մի տոննա նուռ էինք հավաքում, հիմա 200 կիլո նուռ չեմ հավաքում էստեղից: Որ ջուր չի տալիս, չորանում է»:

Գյուղի ընտրությունը մեծ չէ: Կամ օգտվիր աղբյուրների սահմանափակ քանակությամբ ջրից, կամ ոռոգիր արդյունաբերական թափոններով: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է լուծել թափոնների խնդիրը, պարզարան է կառուցում: Բայց թե ինչ է լինելու իրականում, հայտնի չէ: Չի եղել որեւէ այլընտրանք եւ այդ նախագծի անկախ քննարկում: Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյան. «Մեղրին Ագարակի պոչամբարի թափոններից ջրի տեսքով, որ կեղտոտում է ավազանը, էդպիսի խնդիր չունի:  Այդ խնդիրն Ագարակն ունի: Հիմա արդեն դա չի լինի, որովհետեւ պարզարանը ստեղծելուց հետո Արաքս գետ չի թափվի: Էն մարդիկ, էն գյուղացիները խնդիր ունեն, ովքեր Արաքս գետից պոմպերով իրենց հողերը ոռոգում են»:

Մարդիկ պարտքով են ապրում: «Ներկա մոմենտում 100 հազար պարտք ունենք մենք: Ինչով տամ, խաղողին նայի, չորացած է, բան չկա վրան, նուռն էլ չորացել է»,- ասում է Հասմիկ Վանեսյանը:

Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյան. «Ճիշտն ասած, բոլոր բողոքները չի, որ ճիշտ է, տեղին է: Էսօր մեր բնակիչները մի քիչ էլ ծուլացել են աշխատանքի մեջ: …Ուղիղ 12 տարի է, կառավարությունը մասնավոր պոմպակայաններին գումարը մուծում է, բայց մարդիկ կան, իրենց հղամասերը չորացել են, խողովակները կտրտել, վաճառել են…Գիտեն, որ էսօր աշխատանք չկա, հողդ մշակի, ապրի: …Էդ սննդամթերք եւ այլն, ինչ-որ գնում են, Երեւանից բերում են այստեղ, որ վաճառեն, ապրեն, լավ կլինի, պահեստներ լինի այստեղ, բերած ապրանքների մի մասը պահեն, որ մեղրեցին գնի: Պատկերացնում եք, 800 կիլոմեր է դառնում, 400 գնալ, 400 գալ, ինչքան ծախս է անում, որ ասենք կանֆետ, պեսոկ, մակարոն բերի, այստեղ վաճառի: Ի՞նչ գնով պիտի վաճառի: Քաղաքի գների հետ համեմատում ես, Մեղրիում ահագին թանկ է: Եթե ներմուծող ապրանքների մի մասը մնա Մեղրիում, Մեղրիի, տարածքն էլ կօգտվի, Քաջարանն էլ»:

«Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Սուրեն Հովհաննիսյան. «Մոտ 4-5 հազար մետր ես հող ունեմ, իմ հողը որ տենաք, կզարմանաք, ուղիղ տեղ չի, սարերի վրա, բայց գիշերվա 12-1-ը լինի, ես իմ այգին ջրում եմ, որ առավոտը ես գնամ հիմնարկ: Բայց չարչարվում եմ ինչի համար, ինձ համար, իմ երեխու համար, որ չգնամ խնդրեմ: Շատ մարդ կա,  չի ուզում անի, չեն էլ ուզում վաճառեն: Մեղրիի հողերը, որ նայում եմ, ափսոսում  եմ: Լավ հող է, 5-10  տարի, որ չմշակեցիր, վեր է ածվելու անապատի, կիսաանապատի»:



Օգոստոս 24, 2012 at 12:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր