Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ խնդրահարույց կանաչ գոտիները ուշադրության կենտրոնում են

Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ խնդրահարույց կանաչ գոտիները ուշադրության կենտրոնում են

ԷկոԼուր

Օգոստոսի 27-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:  Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել սերտորեն աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ:

«ԷկոԼուր»-ի կողմից ավելացնենք, որ խնդրահարույց կանաչ գոտիների` մասնավորապես Հրազդանի կիրճի պատշաճ վիճակ հնարավոր է ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք մաքրեն անօրինական կերպով կառուցված օբյեկտներից եւ վերականգնեն զավթված կանաչ տարածքները:

Օգոստոս 28, 2012 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր