

ԷկոԼուր
Ինչպես հայտնի է, «Բամո մեթալս» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Կապան քաղաքի ջրահավաք ավազանում` ոսկի հայտնաբերելու նպատակով: Կապանի հասարակայնությունը արդեն մի քանի անգամ ահազանգել է, որ ակտիվ հորատման եւ հողային աշխատանքների արդյունքում Կապանի խմելու ջուրն աղտոտվել է: Դա զարմանալի չէ, քանի որ Կապանը մաքրման կայան չունի: Ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջրի որակի պատասխանատվությունը կրում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Կապանի մեր գործընկեր «Սյունյաց երկիր» թերթը Կապանում հանդիպման ժամանակ այս հարցի առնչությամբ դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Մեջբերումբներ լրագրող Աղավնի Նավասարդյանի «Մի օտարականի մասին, ով գռեհկորեն ծաղրում է կապանցիներին» հոդվածից: Պատրիկ Լորեն. «Ինչ վերաբերում է այդ ընկերությանը, որը պատրաստվում է այդտեղ հանք շահագործել, պետք է ասեմ, որ արտոնագիրը տրվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից: Մենք ոչ մի կապ չունենք դրա հետ, թույլտվություն տալու իրավասություն մենք չունենք: Ցավոք, այդ արտոնագիրը տրամադրելիս, հավանաբար, մոռացել են, որ տվյալ տարածքում ջրընդունիչ կա: Այցիս նպատակն այն էր նաեւ, որ անձամբ տեսնեի եւ համոզվեի, թե այդ ընկերությունն ինչ գործունեություն է իրականացնում: Պարզվեց, որ մոտակա երկու տարում նրանք կիրականացնեն միայն հետազոտական աշխատանքներ: Եվ դա ջրի համար ռեալ վտանգ չի կարող լինել: Խնդիրն ի հայտ կգա հանքի շահագործման ժամանակ միայն: Հետագայում ջրօգտագործողների շահերը պաշտպանելու համար մենք նշված ընկերության հետ փոխհամաձայնագիր կկնքենք, որպեսզի այն երկու տարի հետո չաղտոտի ջուրը: Մի քանի գաղափարներ կան, թե ինչպես խուսափենք աղտոտումից: Դրանից մեկը, օրինակ, ջրընդունիչ կայանի տեղափոխումը եւ մեկ այլ աղբյուրից ջուր վերցնելն է: Պայմանագիրը, որը պատրաստվում ենք ստորագրել, նրան կպարտավորեցնի կատարել մեր ընկերության կողմից առաջարկվող պայմանները: Իսկ ջրի պղտորությունը նորություն չի, միշտ էլ Կապանում եղել է այդ խնդիրը: Այն աշխատանքը, որ այդ ընկերությունն է իրականացնում, ոչ մի կերպ պղտորման պատճառ չէր կարող լինել: Ուղղակի այնտեղ երկու հատվածում ճանապարհ է անցկացվել: Ավելի շատ պղտորմանը նպաստում է անձրեւը, ինքս մի քանի անգամ անձրեւներից հետո այցելել եմ այնտեղ, համոզվել: Հուսով ենք, որ մաքրման կայանի վերանորոգումից հետո կմաքրվի ջուրը: Այս պահին այդ հետազոտական աշխատանքներից Կապանի ջրին ոչ մի վտանգ չի սպառնում»: Լրագրող. « Մենք եւ կապանցիների մեծամասնությունը, իհարկե, այդ կարծիքին չենք: Բայց հարկ ենք համարում մի քանի դիտարկում հայտնել "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի "արդարացի" դիրքորոշման վերաբերյալ: Նախ` զարմանալի մի հանգամանք. հանդիպման ողջ ընթացքում նա ոչ մի անգամ չտվեց "ԲԱՄՕ Մետալ" ընկերության անունը, միայն ասում էր` այդ ընկերությունը: Միգուցե Պատրիկ Լորենը չգիտի՞ անգամ, թե որ ընկերությունն է այդ աշխատանքներն իրականացնում: Երկրորդ` ինչպե՞ս կարող է նա համոզված լինել, որ երկու տարի հետո ոչ մի վտանգ չի սպառնա Կապանի խմելու ջրին: Պայմանագիրն էլ դեռեւս չի ստորագրվել ու միգուցե չստորագրվի էլ: Հնարավոր է` սա էլ հերթական խաղ է` Կապանում ստեղծված իրավիճակը սաստելու եւ բողոքի ալիքը մեղմելու համար»: Հոդվածում նաեւ գրված է. «… Ջրի կորստի ցուցանիշը` 80%-ը, էլ ավելի ապշեցուցիչ է դառնում, երբ հիշում ենք, որ անցած մեկ-երկու տարում Կապանի ներքին ջրատար ցանցի վերակառուցման համար ներդրվել է մոտ 400 մլն դրամ: Եվ հարց է ծագում` այդ ինչպե՞ս է վերակառուցվել ու վերանորոգվել ներքին ցանցը, երբ նույն այդ ցանցում խմելու ջրի կորուստը շարունակում է կազմել 80%»:
Մենք եւս մեկ անգամ ուշադրություն ենք դարձնում նրա վրա, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից երկրարաբանահետախուզական աշխատանքների համար տրվող լիցենզիաները չեն անցնումբնապահպանական փորձաքննության գործընթաց, եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը ոչ մի կերպ չի կարգավորվում: Արդյունքում ընկերությունները գործում են սեփական հայեցողությամբ, իրավական պատասխանատվություն չեն կրում:
Օգոստոս 29, 2012 at 12:53
