

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը փորձում է նվազագույնի հասցնել օգոստոսի 20-ին տեղի ունեցած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի պատճառած վնասը: Այս մասին են վկայում մի շարք փաստեր:
- վթարից անմիջապես հետո Բնապհպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը հայտարարեց, որ պոչերը դուրս են թափվել 15-20 րոպեից ոչ ավելի: Այս պնդումը կասկածի տեղիք է տալիս, քանի որ տեսչության պետի հայտարարած ժամանակն իր մեջ ներառում է վթարի հայտնաբերումը, աշխատակիցների ժամանումը դեպքի վայր, վթարի վնասազերծման աշխատանքների իրականացումը:
- Վթարի ակնհայտ հետքերի մաքրումը կատարվել է հաջորդ օրը: Հետքերը, որոնցով կարելի է որոշել վնասի չափը, մաքրել են: Այսինքն, որեւէ քննչական գործողություն չպետք է իրականացվի: Սակայն, մեկ շաբաթ անց ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ դեռ ճշտվում են վնասի չափերը:
- Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը epress.am կայքին տված հարցազրությցում հայտարարեց. «Դա վթար չէր, դա փոքրիկ դեպք էր: Եվ հետևանքներն անմիջապես, մի քանի ժամվա ընթացքում վերացվել են մեր տեսչության կողմից: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, հաշվարկվել է վնասը, և պետք է լինի նաև վնասի հատուցում»:
ԶՊՄԿ-ի պոչատարը, մեր տվյալներով վերջին 2 տարում վթարվել է 3 անգամ: 2010թ. նոյեմբերին ԶՊՄԿ-ի պոչերը լցվեցին Ողջի գետ: Ընդորում, Բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ պոչերը արտանետվել են ընդհամենը 15 րոպե եւ վնասի չափը հաստատեց 650 հազար դրամ` տուգանք նշանակելով 100 000 դրամ: 2011թ. մայիսին ԶՊՄԿ-ի պոչերը լցվեցին կիրճ եւ կուտակվեցին Շղարշիկի տարածքում, որտեղ տեղի բնակիչը ձուկ էր բուծում: Տուգանքի եւ փոխհատուցման չափը մեզ հայտնի չէ: 2011թ. ամռանը Սյունիք գյուղի 5 մասնավոր տնտեսություններ բողոքեցին, որ ԶՊՄԿ-ի պոչերը ոչնչացրել են իրենց բերքը (տես «ԷկոԼուր»-ի նյութը), սակայն որեւէ արձագանք բնապահպանական տեսչությունից չեղավ:
Նշենք, որ այլ դեպքերում, երբ վնասի չափը գերազանցում է 400 000 դրամը, օրինակ` անօրինական ծառահատումների դեպքում, բնապահպանական պետական տեսչությունը գործը փոխանցում է իրավապահ մարմիններին:
Սեպտեմբեր 03, 2012 at 15:37
