

ԷկոԼուր
Ջերմուկում փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներն ընթանում են օրենքի խախտումներով, բայց խրախուսվում են Բնապահպանության նախարարության կողմից: Նախագծի վերաբերյալ հասարակական լսումներն անցկացվել են օգոստոսի 20-ին` այն բանից հետո, երբ արդեն սկսվել էր «Ջերմուկ Տուրբոշին» ընկերության կողմից «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Հուլիսի ընթացքում նախարարությունում ահազանգեր ստացվեցին տեղի բնակիչներից եւ հասարակական կազմակերպություններից, որ փոխվել է գետի հունը: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը հաստատում է (տես լուսանկարները), որ ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացրել հենց գետի վրա, նեղացրել է հունը, հենց գետում հարթեցնում է տարածք ՀԷԿ-ի ապագա օբյեկտների համար: Այնուամենայնիվ, նախարարությունը չի անցկացրել տեսչական ստուգումներ տվյալ ահազանգի վերաբերյալ, փոխարենը մասնակցել է 2012թ. օգոստոսի 20-ին Ջերմուկում տեղի ունեցած փոքր ՀԷԿ-ի կառուցման հասարակական լսումներին:
Այսինքն` փաստացիորեն մասնակցել է բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացին, որտեղ խախտվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Հիշեցնենք, որ հասարակական լսումները կազմակերպվում են նրա համար, որպեսզի պարզեն հասարակական կարծիքը ենթադրվող գործունեության վերաբերյալ, այլ ոչ նրա համար, որպեսզի օրինականացնեն առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության շինարարությունը:
Մոտ օրերս մենք կհրապարակեն տեսանյութ, որտեղ հասարակական լսումների իմիտացիոն բնույթ կրելու մասին կպատմեն լսումների մասնակիցները` Ջերմուկի բնակիչներ եւ տեղի ակտիվիստներ Մակեդոն Ալեքսանյանը, Նարեկ Միրզոյանը, Վազգեն Գալստյանը:
Լուսանկարները` Թեհմինե Ենոքյանի
Սեպտեմբեր 07, 2012 at 13:21





