

ԷկոԼուր
Արմանիսի ոսկու հանքավայրի թափոնները լցված են Արմանիսի դպրոցի բակում, որոնց հետ խաղում են երեխաները: Այս մասին ահազանգում է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը` որպես ասվածի ապացույց ներկայացնելով լուսանկարները: Հիշեցնենք, որ հանքավայրը շահագործում է «Սագամար» ընկերությունը եւ ընկերության գործունեության հետեւանքով հասարակական տարածքի աղտոտումը ծանր մետաղներ եւ տոքսիկ նյութեր պարունակող թափոններով միակ խնդիրը չէ: Մանյա Մելիքջանյանը բազմիցս ահազանգել է, որ ընկերությունն իր արդյունաբերական թափոնները լցնում է Ձորագետ, որի ջրերում լողում են երեխաները, եւ որով ոռոգվում են այգիները: Ձորագետի աղտոտման առնչությամբ ստեղծվել է «Ձորագետի փրկման նախաձեռնող խումբ», որը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով պատասխանատվության կանչել «Սագամար» ՓԲԸ-ին: ՀՀ դատախազությունը դիմումը փոխանցել է Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ.Մ. Շահբազյանին:
Հիշեցնենք, որ այս խնդրի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությանը «ԷկոԼուր»-ի կողմից ուղարկված ահազանգին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, որ «Սագամար» ՍՊ ընկերությունը ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկի մեջ:
Լուսանկարները` Մանյա Մելիքջանյանի
Սեպտեմբեր 07, 2012 at 17:33


