

ԷկոԼուր
Շատին համայնքի (Վայոց Ձորի մարզ) ընդհանուր ժողովը դեմ է արտահայտվել փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Սակայն ՀԷԿ-ը կառուցվում է ակտիվ տեմպով: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը ահազանգ ստացավ մարզպետարանից, որտեղ բնակիչները եկել էին «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ի դեմ բողոքով: Մեզ ծանոթացրեցին մի նամակի հետ, որտեղ համաձայնութուն է տրված ՀԷԿ-ի կառուցմանը: Նամակի տակ մոտ 300 ստորագրություն կա: Սակայն Շատին գյուղի բնակիչ Ա. Սմբատյանը հատուկ եկել էր գյուղից մարզպետարան, որպեսզի հայտարարի, որ ստորագրությունները կեղծ են: «Նայեք, տարբեր ազգանուններ են, բայց ստորագրությունները նույնն են: Իսկ այդ մարդիկ գյուղում չեն, նրանք Ռուսաստանում են: Ահա, նորից միանման ստորագրություններ»,- ասում է Սմբատյանը:
Մենք մեզ վրա պատասխանատվություն չվերցրեցինք, որպեսզի այդ ստորագրությունները ճանաչենք իրական կամ ոչ: Բայց մեկնեցինք Շատին գյուղ, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին: «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ն ՀԷԿ է կառուցում Եղեգիս գետի վրա, որը հոսում է գյուղի տարածքով: Մեքենաները ավազը եւ մանրախիճը լցնում են ուղիղ գետի մեջ` փակելով գետի հունը:
Մի քանի բնակիչներ աշխատում են շինարարության վրա: Նրանք անկասկած կողմ են ՀԷԿ-ին: «Մենք չենք տա մեր աշխատատեղերը»,- ասում են նրանք` դեռ երկու տարի աշխատանք ունենալու ակնկալիքով: Նրանք, ովքեր հողեր ունեն, կատեգորիկ դեմ են: Օգոստոսի 18-ին գյուղում ընդհանուր ժողով է անցկացվել: Ժողովի արձանագրության մեջ մասնավորապես գրված է. «… Մեր նախնիները այս գյուղում բնակություն են հաստատել հիմնականում գյուղով հոսող գետի պատճառով, քանի որ գյուղը չունի հողային ռեսուրսներ: ՀԷԿ-ը կառուցելու արդյունքում հիմնովին խախտվում է տարածքի էկոլոգիան, կցամաքեն աղբյուրները, կվերանա կենդանական աշխարհը, բնությունը, կստեղծվի սանիտարահիգենիկ վատթար վիճակ, եւ մենք մեր սերունդներին կթողնենք անապատացված գյուղ: Գյուղացու ապրուստի միակ միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է` քանզի համայնքի հողատարածքները ոռոգվում են, իսկ անասունները ջուրը խմում են այդ գետից: Բացի այդ, համայնքի տարածքից ՀԷԿ-ի անցկացման խողովակները վտանգ են ներկայացնում բնակիչներին, և ցանկացած վթար կավարտվի վիթխարի վնաս պատճառելով և մարդկային զոհերով: Բնակիչները նշեցին նաև, որ, նախորդ ՀԷԿ-երը կառուցելիս, մեզ խոստացել են պահպանել ՀԷԿ կառուցելու բոլոր նորմերը, սակայն ոչ մի նորմ էլ չի պահպանվել, որի արդյունքում համայնքում օդի միջին ջերմաստիճանը բարձացել է 3-4 աստիճանով, ամառվա սեզոնին համայնքում սկսում է անհնար դառնալ ապրելը: Այսօր խմելու ջուրը չի բավարարում համայնքին, եւ փոխարենը ջուրը օգտագործվի խմելու եւ ոռոգման նպատակով ամբողջ համայնքի շահի համար, այլ այն օգտագործում են անհատներ սեփական շահի, ՀԷԿ կառուցելու համար` վնասելով մի ամբողջ համայնք: Գետը եւ ջուրը միակ միջոցն է, որ համայնքի բնակիչները ապրում են այս համայնքում, հակառակ դեպքում կթողնեն եւ կհեռանան համայնքից: Համայնքի ճակատագիրը չպետք է որոշեն անհատները, որ հետո պատասխան տան գյուղացիները: Կառավարությունն էլ իր հերթին թույլ տալուց առաջ պետք է հաշվի առնի մեզ պատճառվելիք վնասը, չէ որ մենք մի ամբողջական համայնք ենք, պետության մի մասը կազմող ժողովուրդ: Վնաս պատճառել համայնքին նշանակում է վնասել պետությանը, ժողովրդին, քանզի պետությունը սկսվում է գյուղից: Թվացյալ օգուտը միայն անհատինն է, իսկ վնասը համայնքին: Թողնելով անապատացված համայնք` չենք կարող պատասխան տալ մեր սերունդներին, ուստի միակ տարբերակը համայնքից թողնել հեռանալն է: Եթե չեն անտեսում գյուղը եւ գյուղացուն , ապա պետք է աջակցել մեզ` արգելելով վիթխարի վնաս պատճառող ՀԷԿ-ի կառուցումը եւ մարդ բնություն հարաբերությունները ներդաշնակեցնել»:
Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի
Սեպտեմբեր 13, 2012 at 12:10
