

ԷկոԼուր
2012թ. Հունիսի 2-ից Էդգար Ղազարյանը զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը: «ԷկոԼուր»-ի պատրաստած տեսանյութն այն մասին է, թե ինչ սոցիալ-էկոլոգիական խնդիրներ են հայտնաբերվել այս երեք ամիսների ընթացքում, թե ինչ հեռանկարներ կան:
Էդգար Ղազարյան. «Ես ճիշտն ասած,երբ որ ստանձնեցի իմ պաշտոնը, զարմանք եմ ապրել, իմանալով որ այս փոքր մարզային տարածքում որքան մեծ թվով փոքր հիդրոէլեկտրակայաններ են տեղաբաշխված, եւ դեռ նախատեսվում են, ունեն համապատասխան թույլտվություններ, որպեսզի տեղաբաշխվեն: Դա ինձ ոչ միայն զարմացրել է, այլեւ որոշ դեպքերում անհանգստություն է պատճառել, որովհետեւ ինքս այցելելով բազմաթիվ համայնքներ նկատել եմ, որ այն գետերով, որտեղով պետք է հոսի ակնհայտորեն ավելի մեծ ծավալի ջուր, որ համապատասխան կենսական միջավայր ձեւավորվի, ակնհայտ այնտեղ ջրի լուրջ սահմանափակումներ գոյություն ունեն, եւ դրանց պատճառը պարզ է, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն են: Ես հանձնարարական եմ տվել մեր մարզում բնապահպանական տեսչության մեր գործընկերներին, որպեսզի նրանք ավելի հետեւողական լինեն պարզելու համար, թե որքանով են այդ հիդրոէլեկտրակայանները պահպանում ջրոգտագործման թույլտվությամբ սահմանված նորմատիվները, որովհետեւ չի բացառվում, որ մասնավոր ընկերությունները, որոնք շահույթ ստանալու միտվածություն ունեն, համապատասխան վերահսկողության բացակայության պատճառով շահադիտված կերպով նաեւ խախտեն այդ ծավալները եւ բնությանը թողնեն սանիտարական քիչ քանակի ջուր, քան նախատեսված է ջրօգտագործման թույլտվություններով: Այդ խնդիրը հիմա գտնվում է իմ անմիջական ուշադրության կենտրոնում, ես իմ պաշտոնավարման շրջանում փոքր ՀԷԿ-ի կառուցման ոչ մի թույլտվություն չեմ տրամադրել եւ շատ զգուշավոր եմ լինելու այդ հարցում: Այսինքն, դա կլինի միայն այն դեպքում, երբ կան բոլոր տեսակի հիմնավորումները, որ այս կամ այն կայանի կառուցումը, շահագործումը բնությանը վնաս չի հասցնելու, որովհետեւ բնությանը հասցվող ռիսկերը կրկնակի են: Մենք պատասխանատվություն ենք կրում մեր հասարակության առջեւ, ինքներս ենք մտահոգ բնապահպանական խնդիրներով եւ որեւէ սկզբունքային առարկություն չունենք, որ եթե բնական բարիքը, ռեսուրսը՝ տվյալ դեպքում ջուրը, կարող է էլեկտրաէներգիա արտադրել, որը նույնպես բարիք է ծառայում նաեւ հանրությանը, եթե դա հնարավոր է օգտագործել, անշուշտ դա պետք է օգտագործել, բայց ոչ մի դեպքում դա չպետք է անել բնության հաշվին»:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչպես կարող է լուծվել տեղական ԶԼՄ-ի հարցը (մարզում չկա հեռուստառադիոընկերություն), Է. Ղազարյանը պատասխանեց. «Դուք մեր ամենացավոտ խնդիրներն եք արծարծում, այդ թվում նաեւ տեղական լրատվամիջոց ունենալու խնդիրը: Իսկապես մենք մարզային մակարդակով չունենք ոչ ռադիո, ոչ հեռուստաընկերություն, ոչ նույնիսկ կանոնավոր պարբերականությամբ լույս տեսնող օրաթերթեր: Օրենքը նախատեսում է, որ լինեն մարզային հեռուստաընկերություններ, բայց որքան որ ինձ է հայտնի, պարզվել է, որ մեր մարզում առանձին հեռուստաընկերություն ունենալու հայտ ներկայացվել է մի ընկերության կողմից, բայց հայտը հետ է վերցվել: Ճիշտն ասած, հիմա ուսումնասիրում եմ եւ փորձում եմ գտնել գործընկեր հեռուստաընկերություններ, որոնք մեզ հնարավորության սահմաններում եթերաժամ կտրամադրեն…»:
Այն հարցին, թե ինչպես է հնարավոր փոքր տարածքում համատեղել տուրիզմի եւ հանքարդյունաբերության համատեղումը, մարզպետը պատասխանեց. «Մեր մարզի պարագայում կառավարությունը հաստատել է Վայոց ձորի մարզի 2011-2015թթ-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: Այդ ծրագրով սահմանվում են զարգացման այն ուղղությունները, որով պետք է զարգանա տվյալ տարածաշրջանը, տվյալ մարզը: Դուք էլ եք ասում, որ չկան շահագործվող հանքավայրեր, եթե չկա շահագործվող հանքավայրեր, հետեւաբար, մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը որեւէ կերպ չի առնչվում հանքարդյունաբերության հետ: Եթե լինեն նոր թույլատրություններ, նոր շահագործումներ, ուրեմն այդ ժամանակ պետք է դա քննարկել մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում, նոր հասկանալ, թե դրանք ինչ դերակատարում ունեն, ինչքանով կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Զարգացման հիմնական ուղղությունը իմ պատկերացմամբ. ակնհայտ է՝ գյուղատնտեսությունն է, որովհետեւ մեր մարզը գյուղատնտեսական մարզ է, գյուղատնտեսական արտադրանքը բավական մեծ կշիռ ունի ընդհանուր համախառն արտադրանքի կառուցվածքում: Բացի այդ, մարզի բնակչության մի զգալի մասը գյուղաբնակ են, այսինքն, այն մարդիկ են, ովքեր ապրում են գյուղական համայնքներում եւ առավելապես զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ: Հետեւաբար, գյուղատնտեսության զարգացումն ունի թե որպես տնտեսական զարգացման իմաստով ուղղվածություն, եւ թե սոցիալական խնդիրները լուծելու: Մյուս զարգացման ուղղությունն անշուշտ զբոսաշրջությունն է, զբոսաշրջության համար մեր հիմնական թիրախային կետը, որը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ ամենամեծ ծավալի ներուժն ունի, Ջերմուկ քաղաքն է, որը ունի որպես միութենական համբավով կուրորտի ավանդույթներ, ունի բավարար ենթակառուցվածքներ, եւ այդ իմաստով էլ կառավարությունը մի հատուկ կարգավիճակ է տվել Ջերմուկ քաղաքին: 2008թ. կառավարության որոշմամբ Ջերմուկը համարվում է տուրիզմի կենտրոն, եւ մշակվել ու հաստատվել է շվեցարացի փորձագետների ներգրավմամբ, միջազգային աջակցությամբ Ջերմուկի զարգացման ռազմավարական ծրագիրը, որով նպատակ է դրվում Ջերմուկը դարձնել միջազգային համբավ ունեցող առողջարանային եւ հանգստի գոտի: Բայց բացի Ջերմուկ քաղաքից զբոսաշրջային լուրջ ներուժ ունեն նաեւ մեր մյուս տարածաշրջանները, մասնավորապես Եղեգիսի կիրճը, որը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, բնական հուշարձաններով եւ պատմամշակութային հուշարձաններով, նաեւ Արփա գետի կիրճը, որտեղ նորից կան պատմամշակութային եւ բնական հուշարձաններ»:
Սեպտեմբեր 17, 2012 at 15:34
