

ԷկոԼուր
ԷկոԼուր-ը շարունակում է ընտրությունների մասին ռեպորտաժների շարքը էկոլոգիական թեժ կետերում: Դիտորդները պատմում են, թե ինչպես են կայացել ընտրությունները Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ):
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ճամբարակի տարածքային համակարգող` Իրինա Հովհաննիսյան.
«Ճամբարակը այն քաղաքներից մեկն է, որը աչքի է ընկնում իր բացառիկ ակտիվությամբ հենց ընտրությունների օրը, և այս ընտրությունների օրը արմատորեն տարբերվում է մնացած բոլոր ընտրությունների օրերից, որովհետև ակնհայտ պասիվություն է եղել: Մեր անձնական կարծիքը նա է, որ դժվար թե 20 տոկոսից ավել բնակչություն ներկայացած լինի ընտրություններին, և երբ լսեցինք, որ 50-ից ավելի բնակիչների մասնակցություն է եղել, մենք ուղղակի մնացինք զարմացած… Հիմնականում համայնքների մեծ մասում առաջադրված էր համայնքի ղեկավարի մեկ թեկնածու` դա գործող թեկնածուն է, արդյունքում ունեցանք, կարելի է ասել, անիմաստ ընտրություններ, անիմաստ քվեարկություն»:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող` Սաթիկ Բադեյան.
«Բոլոր համայնքներում էլ խախտումներ գրանցվել են. ցանկացած տիպի խախտումներ: Եղել են և’ կրկնակի քվեարկության դեպքեր, և’ երբ մեկը եկել է մի քանի անձնագրերով, անգամ ստանալով 4 քվեաթերթիկ, 4-ում էլ նշում է արել ու միայն, երբ քվեաթերթիկները պիտի գցեր արկղի մեջ, դիտորդն ու լրագրողը նկատել են, և հանձնաժողովի քարտուղարը աղմուկ է բարձրացրել և թույլ չի տվել, որ այդ քվեաթերթիկները լցվեն քվեատուփ: Այս ընտրությունների մասին է խոսքը: Ըստ օրենքի, պետք է այդ մարդուն անմիջապես տեղում ձերբակալել: Սա այն եզակի դեպքերից է, երբ ոստիկանները իրավունք ունեն մտնել տեղամասային կենտրոն և միանգամից կալանավորեն, սակայն ինքը հասցրեց փախնել, երևի իրեն այդ հնարավորությունը տվել են, հաշվի առնելով մեր ժողովրդի «մենթալիտետը»: Ոստիկաններն այդպես էլ չպարզեցին այդ մարդու ինքնությունը, և անգամ այն հանձնաժողովի անդամին չեն կարողացել պարզել, որ մեկ հոգու միանգամից տվել էր 4 քվեաթերթիկ»:
Իրինա Հովհաննիսյան.
«Ինձ ցույց են տվել մեր ընտրատարածքներից մեկում` Մշակույթի տան 22, 23 ընտրատարածք, կրկնակի գրպանով ծրարներ, իրենք ասեցին, որ դա խոտան է, և հանձնաժողովի նախագահն էր ցույց տվողը: Ասեց. «օրինակ` սա ոնց պետք է կիրառվի»:
Սաթիկ Բադեյան.
«Գաղտնի և թաքուն էր արվում, բայց տեղամասերից մեկում արել են դա բացահայտ` դիտորդին սպառնալով…Մենք ահազանգել ենք թե տարածքային ընտրական հանձնաժողովին, անգամ այդ համայնքի ղեկավարին ենք զգուշացրել, որից հետո սպառնալիքները դիտորդի հասցեին դադարեցվել են, բայց այդ կարգի անօրինականությունները շարունակվել են մինչև քվեարկության վերջը»:
Իրինա Հովհաննիսյան.
«Սպառնալիքը ասեմ. «Դե ջահել աղջիկ ես, չես մտածում` վաղը, մյուս օր ամուսնանալ կա», կամ «ջահել աղջիկ ես, չես վախենում` մի բան լինի»: Այս կարգի խոսակցություն եղել է…Մենք ուղղակի հարցի լուծումը գտանք այն կերպով, որ այդ դիտորդին տեղափոխեցինք այլ ընտրատարածք, և իր փոխարեն այլ ընտրատարածքից բերեցինք մեկ ուրիշին»:
Սաթիկ Բադեյան.
«Նման իրավիճակ էր նաև Թթուջուր համայնքում: Այնտեղ ավելի ծանր իրավիճակ էր: Դիտորդը դժվարանում էր անգամ ասել, որ վավեր ընտրություններ են տեղի ունեցել, որովհետև ամբողջ ընտրությունների ընթացում, հենց այն թեկնածուն, որը ընտրվեց, ներկա է եղել տեղամասում, և վերջում` քվեաթերթիկները հաշվելու պահին, պարզվեց, որ 2 քվեաթերթիկ պակաս է տեղամասում, այստեղից արդեն կռահեցին, որ հնարավոր է «կառուսել» մեթոդն է աշխատել քվեարկության ընթացքում»:
Իրինա Հովհաննիսյան.
«Երբ ընտրողներից ինչ-որ մեկը իր թերթիկը չի գցում քվեատուփի մեջ, մաքուր դուրս է բերում, նշելով իրենց համար ցանկալի թեկնածուի անունը, որից հետո, ամեն մեկն իր գրպանում անց է կացնում քվեախցիկ, գցում է դա` դուրս բերելով հաջորդ մաքուր քվեաթերթիկը»:
Սաթիկ Բադեյան.
«Միայն այս պահին էր, որ մյուս թեկնածուի վստահված անձիք և նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները դուրս եկան սպառնալով, որ կբողոքեն և նրանց դուրս գալուց հետո քվեաթերթիկները հայտնվել են տեղում` առանց անճշտությունների կազմվել է արձանագրություն…
Հենց մրցակցություն չլինելն արդեն խոսում է այն մասին, որ այդ հիմքը նախագահական ընտրությունների համար արդեն նախապատրաստված է»:
Հոկտեմբեր 08, 2012 at 18:35
