

ԷկոԼուր
Հայտնի հասարակական գործիչ Սիլվա Ադամյանին ազատել են աշխատանքից` «Հայռուսգազարդ»-ում վերահսկիչի պաշտոնից: Սիլվա Ադամյանը հայտնի է իր հրապարակային հայտարարություններով ի պաշտպան շրջակա միջավայրի, հանդիսանում է «Թռչունների սիրահարների հայկական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն և Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող: «Ինձ մի քանի անգամ զգուշացրել էին, որ ես չպետք է վարեմ ակտիվ հասարակական գործունեություն: Ասում էին, որ «Հայռուսգազարդ»-ի աշխատողները պետք է հանրապետականներ լինեն…և վերջապես ազատեցին»,-ասում է Սիլվա Ադամյանը:
Նա նաև չի բացառում, որ իր ակտիվ դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել ոչ միայն «Հայռուսգազարդ»-ում, այլ նաև կառավարությունում. «Ես չեմ կարող բացառել, որ «վերջին կաթիլը» դարձավ մեր կողմից անցկացրած հանրային մոնիտորինգը` «Հյուսիս-հարավ», որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկի միջոցով: Մենք պարզել էինք, որ իրականացրած աշխատանքների ծավալը չէր համապատասխանում նշված գումարին: Այդ տվյալները փոխանցվել էին ՀԿ ԱԶԲ-ի ֆոռում (միջազգային ցանց, որը զբաղվում է ԱԶԲ-ի գործունեության մոնիտորինգով)»,-ասեց Սիլվա Ադամյանը:
Նա հայտարարել է, որ մտադիր է նամակ գրել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին, որում հանդես կգա «Հայռուսգազարդ»-ում գերակշռող կամայական մթնոլորտի և աշխատանքային լիազորությունների չարաշահումների դեմ:
Հոկտեմբեր 12, 2012 at 16:00
