

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես եկավ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Հայտարարությանը միացան դաշինքի 48 անդամ կազմակերպություններ բացի «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանից և «Բուրգ» ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանից:
Դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Էկոլոգիական հասարակական դաշինքը Խոսրովի արգելոցում որսագողության փաստի առընչությամբ հայտնում է իր վրդովմունքը և զայրույթը բնապահպանության նախարարության անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ: Դեռ մեկ ամիս առաջ Բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանը մեր իսկ ներկայությամբ բանավոր հրաման տվեց ոչ մեկի թույլ չտալ այցելել արգելոցի տարածք առանց իր անձնական թույտվության, սակայն չանցած մեկ ամիս մենք առնչվեցինք որսագողության այս հանցավոր դեպքին: Հաշվի առնելով վերը նշված փաստերը` Էկոլոգիական հասարակական դաշինքն իր անվստահությունն է հայտնում Բնապահպանության նախարար պարոն Ա.Հարությունյանին և պահանջում նրա հրաժարականը: Դաշինքը նաև ներկայացնում է իր մտահոգությունները և առաջարկները նոր բնապահպանության նախարարի ընտրության խնդրում:
Հաշվի առնելով Հայաստանում ներկա միտումը` կայացնել էկոլոգիապես կարևոր որոշումներ քաղաքական ճնշման տակ, Բնապահպանության նախարարության առաքելությունից բխող, այն պետք է լինի ինչ-որ տեղ ընդիմադիր այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը պետք է`
- պահպանի շրջակա միջավայրը և բնական պաշարները, որոնք պատկանում են ժողովրդին
- կատարի վերահսկիչ գործառույթներ այն գործունեության նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ թույլ են տվել
- ներկայացնի որոշիչ փորձաքննություն այն նախագծերի նկատմամբ, որոնց այլ նախարարություններ և գերատեսչություններ համաձայնություն են տվել
- կատարի Օրհուսի կոնվենցիայի դրույթները, որոնք ապահովում են հանրության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացմանը
- ՀՀ բնապահպանության նախարարը պետք է լինի անկուսակցական, ունենա մասնագիտական պատրաստվածություն և լինի փորձառու շրջակա միջավայրի պահպանման գործում: Բնապահպանության նախարարի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվի հասարակական կարծիքը»:
Հոկտեմբեր 12, 2012 at 18:47
