Պարենի համաշխարհային օր. արդյո՞ք քաղցողների թիվն ավելանում է աշխարհում Հայաստանի հաշվին

Պարենի համաշխարհային օր. արդյո՞ք քաղցողների թիվն ավելանում է աշխարհում Հայաստանի հաշվին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում աննկատ անցավ Պարենի համաշխարհային օրը, որը կոչված է ուշադրություն հրավիրելու պարենային անվտանգության վրա: Սակայն Հայաստանի համար այդ հարցն ամենաակտուալնեից է, քանի որ մենք շարունակում ենք զրկվել մեր բնական ռեսուրսներից, որոնք օգնում են կերակրել երկիրը: Տարեկան 7-8 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք տրվում է հանքադյունաբերության եւ էներգետիկ կարիքների համար: Մնացած հողերը վերագնվում են օլիգարխների կողմից որպես էժան ձեռք բերված կապիտալ: Այդ հողերը չեն օգտագործվում իրենց նշանակությամբ, նրանք զրկվում են բերքատվությունից, սկսվում է դեգրադացման գործընթաց, հողերն աղակալվում են: Արարատի Օրհուս կենտրոնի տվյալներով` Արարատի եւ Արմավիրի մազերում աղակալված է 30 հազար հա հող:

Քաղցրահամ ջուրը, որը պարենային անվտանգության հիմնական գործոնն է, աղտոտվում է արդյունաբերական թափոններով եւ կոյուղաջրերով: Արդյունաբերական թափոններով աղտոտվող գետերի եւ ջրամբարների թիվն ավելանում է: Նախորդ տարում աղտոտված Ախթալա, Դեբեդ, Ողջի, Կարճեւան, Հրազդան, Աղստեւ գետերի ցուցակում կարելի է ընդգրկել Ձորագետը, որտեղ թափվում են Արմանիսի հարստացուցիչ կոմբինատի թափոնները, ինչպես նաեւ Սեւանի ավազանի Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք աղտոտվում են Սոտքի ոսկու հանքավայրի արդյունաբերական թափոններով:   

Սեւանա լճում արդյունագործական ձկնապաշարներ չկան, որոնք 90-ական թվականներին օգնեցին լուծել պարենային բազայի խնդիրը եւ կերակրեցին երկրի ողջ բնակչությանը: Այդ պաշարները չկան նաեւ Հայաստանի գետերում, որտեղ կառուցված ՀԷԿ-երը ամբողջ ջուրը վերցնում են խողովակների մեջ` հնարավորություն չթողնելով եւ ձկների համար, եւ նաեւ մարդկանց համար, որոնք զրկվել են իրենց հողերի ոռոգման ջրից:  Փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայով պետք է կառուցվի 300 փոքր ՀԷԿ:

Իշխանությունների քաղաքականությունը խրախուսում է օլիգարխներին, որոնք ներկրում են ապրանքներ: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի տվյալներով` պարենամթերքի 85%-ը ներկրվում է:  Հայ արտադրողները կարող են ավելի բարձր որակի արտադրանք մատակարարել բնակչությանը, բայց նրանց ոչ ոք չի խրախուսում: Ընդհակառակը, մենք ամբողջ ժամանակ կառավարությունից լսում ենք մեծ բավարարվածություն այն բանից, որ հողագործները իրենց եւ քաղաքը կերակրելու փոխարեն հերթական հանքում սեւագործ են դարձել եւ 8-10 տարվա ընթացքում ստանալու են 30-ից մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչ է լինելու դրանից հետո, այդ մասին կառավարությունը լռում է: 

Հիշեցնենք, որ FAO-ի գնահատականով աշխարհում քաղցում է 870 միլիոն մարդ: Ռիսկը, որ այդ թիվը կարող է աճել Հայաստանի հաշվին, մեծ է:

Հոկտեմբեր 18, 2012 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր