

ԷկոԼուր--www.mta.gov.am
ՀՀ փոխվարչապետ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:
ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը մասնավորապես անդրադարձավ ՊՈԱԿ-ի կողմից հարկային պարտավորությունների կատարմանը: Արձանագրվեց, որ գործընթացում նկատվել են թերություններ, որոնք պետք է վերացվեն: Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկեց պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:
Անդրադարձ եղավ նաեւ Սեւանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին: Արձանագրվեց, որ թեեւ տասնմեկ նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, եւ քննարկվեց առաջիկա տարիներին լողափերի թիվն ավելացնելու հնարավորությունը:
Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառհատումների վերաբերյալ: Նշվեց, որ ՊՈԱԿ-ի «Սեւան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:
Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվեց, որ մրցույթը նոր ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը:
Հոկտեմբեր 30, 2012 at 17:20
