

Արթուր Հովհաննիսյան, www.hayatsk.am
Կարդալով ՀՀ ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ «Հետք» էլեկտրոնային պարբերականում ս. թ. հոկտեմբերի 26-ին «Դեմ եմ այն կարծիքին, որ բնապահպանության նախարարությունը կամ նախարարը չեն աշխատում» վերտառության ներքո հրապարակված հարցազրույցը, չեմ կարող չանդրադառնալ դրան, լռելու համար պետք է չափազանց անտարբեր լինել:
Տ. Վարդապետյանն օգտվելով լրագրողի առաջին հարցի` «Ձեր հանձնաժողովը երբևէ հետամուտ եղե՞լ է բարձրացված խնդիրների նկատմամբ» ձևակերպումից (պետք է լիներ` ձեր հանձնաժողովը հետամուտ եղե՞լ է բարձրացված բոլոր խնդիրներին), իր պատասխանում, կարծում եմ, խորամանկել է: Իհարկե, հանձնաժողովը մի քանի խնդիրների հետամուտ եղել է (այլ հարց է, որ հանձնաժողովի աշխատանքը ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ եղել), քանի որ ինչ-որ կերպ պետք է փորձեր իր գոյությունն արդարացնել: Սակայն եթե որևէ մեկը, այդ թվում նաև` Տաճատ Վարդապետյանը, հայտարարի, թե հանձնաժողովը հետամուտ է եղել ու լինում բնապահպանական բոլոր խնդիրներին, հոգուս պարտքն եմ համարելու նրան փաստերով ու հրապարակայնորեն մեղադրել ստախոսության մեջ:
Ըստ պարոն Վարդապետյանի, «խորհրդարանի բնապահպանության և գյուղատնտեսության մշտական հանձնաժողովը ականջալուր է այն խնդիրներին, որոնք առնչվում են մտահոգություններին, այդ թվում` բնապահպանական»: Հնարավոր է, որ ականջալուր են լինում, այսինքն` լսում են հնչող, հրապարակվող մտահոգությունները, բողոքները, ահազանգերը, բայց դա դեռ շատ քիչ է, քանի որ հարկավոր է բոլոր հիմնավոր մտահոգությունները փարատելու, բարձրացվող խնդիրները լուծելու ուղղությամբ գործ անել և արդյունքներ ունենալ:
Մեղմ ասած, չափազանց տարօրինակ է, որ հիշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ լինելով, նա չի կարողացել հիշել ու նշել մի քանի բնապահպանական խնդիրներ, որոնք իրեն մտահոգում են: «Հետք»-ի լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն, նա անհաջող կերպով խուսանավել է, թե «Այս պահին դժվարանում եմ այդ խնդիրների ամբողջ շարքը թվարկել, բայց իրականում կան խնդիրներ, որոնք պետք է ամենայն մանրամասնության քննության առնվեն»: Այս պատասխանից կարելի է եզրակացնել նաև, որ պարոն Վարդապետյանի համար չկան բնապահպանական խնդիրներ, որոնք իրեն մտահոգում են, այլապես գոնե 1-2-ը կնշեր: Ակնհայտ է, որ լրագրողը նրանից վերջինիս մտահոգող բնապահպանական բոլոր խնդիրների մասին չի հարցրել, այլ դրանցից ընդամենը մի քանիսի, իսկ Տ. Վարդապետյանն իր չպատասխանելը փորձել է պատճառաբանել խնդիրների ամբողջ շարքը թվարկելու հարցում դժվարանալով: Սա առնվազն ազնիվ չէ: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքի մյուս մասն էլ` «...բայց իրականում կան խնդիրներ, որոնք պետք է ամենայն մանրամասնության քննության առնվեն», հազար և ավելի անգամ ասված շաբլոն մի խոսք է, որ կարող է նույնիսկ, ասենք, 7-րդ դասարանցին ասել: Կարդալով դա, դժվար թե որևէ մեկն ասի, թե հանձնաժողովի փոխնախագահը գիտակ ու սրտացավ պաշտոնյա է:
Միանշանակ համաձայն չլինելով մի խումբ բնապահպան ակտիվիստների և ոլորտով զբաղվող ՀԿ-ների այն տեսակետին, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ոլորտին չի տիրապետում և երբեմն բնապահպանության դեմ է գործում, Տաճատ Վարդապետյանն ասել է. «Որպես բնապահպանական հանձնաժողովի փոխնախագահ տեսնում եմ բնապահպանության նախարարության ակտիվ աշխատանքը»: Անկեղծ ասած, կզարմանայի, եթե նա, լինելով ՀՀԿ անդամ, բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքին հակառակ գնահատականը տար: Սակայն սա դեռ մի կողմ: Հանձնաժողովի փոխնախագահին, կարծում եմ, պետք է հայտնի լինի, որ նախարարի աշխատանքի մասին կարող է խոսք լինել այնքանով, որքանով կա այդ աշխատանքի արդյունքը, բայց քանի որ այդ արդյունքը հիմնականում չկա, նրա աշխատանքի մասին կարող է խոսք լինել միայն չափազանց մեծ վերապահումով:
Լրագրողն իր հարցում նշում է մի խումբ բնապահպան ակտիվիստների և ոլորտով զբաղվող ՀԿ-ների կողմից բնապահպանության նախարարի հրաժարականի պահանջի մասին, իսկ հանձնաժողովի փոխնախագահը թերևս պատասխանում նշել է, որ «դա բնապահպանների և մի խումբ մարդկանց որոշելիքը չէ»: Չարաչար սխալվում է պարոն Վարդապետյանը, եթե պահանջը նկատի ունի: Բնապահպան ակտիվիստները և ոլորտով զբաղվող ՀԿ-ները հիմքեր և իրավունք ունեն բնապահպանության նախարարի առնվազն հրաժարականը պահանջելու: Ինչ վերաբերում է որոշելիքին, դա ՀՀ նախագահի որոշելիքն է, և որքան շուտ որոշի, այնքան լավ իր իսկ հեղինակությանը, ՀՀԿ-ի հեղինակությանը, բնությանը, Հայաստանին ու մեզ բոլորիս: Ի գիտություն հանձնաժողովի փոխնախագահի ասեմ նաև, որ ոլորտով զբաղվող ՀԿ-ները մի խումբ մարդիկ չեն, ինչպես իր խոսքում նշել է նա:
Ըստ Տ. Վարդապետյանի, հանձնաժողովը դրական եզրակացություն տվել է, որ այլևս Սևան թափվող գետերի վրա արգելվի ՀԷԿ-երի կառուցումը, և դա դրական քայլ է, որ կանխեն Սևանի ձկնապաշարների վերացումը: Անշուշտ, դրական է, բայց Սևան լցվող գետերի կարմրախայտի և իշխանի չնչին մնացորդների պահպանման առումով, ցավոք, շատ ուշ կատարված քայլ է: Բացի այդ, հանձնաժողովի փոխնախագահը ի պաշտոնե պետք է իմանար, որ այդ քայլով Սևանա լճի սիգի և կարասի պաշարների ոչնչացումը չի կանխվում, քանզի սիգը ձվադրման համար գետեր չի մտնում, իսկ կարասը գետաբերանից վերև չի բարձրանում, համենայն դեպս, չի հասնում ՀԷԿ-երին: Ի վերջո, Սևանա լճում վաղուցվանից, առնվազն խորհրդային վերջին տարիներից միայն սիգի և կարասի արդյունագործական պաշարներն էին մնացել, որոնք ձկնապաշարների ագահ, գիշատչային որսի, որսագողության, կոռուպցիայի և բնապահպանության ներկա ու նախկին նախարարների հանցավոր անգործության հետևանքով արդեն իսկ ոչնչացված են: Պարզվում է, ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի փոխնախագահը տեղյակ չէ այս ամենին (կամ էլ ձևացնում է...) ու դեռ խոսում է Սևանի ձկնապաշարների վերացումը կանխելու մասին` դրանով իսկ վկայելով, որ տվյալ պաշտոնը բախտի բերմամբ թե պատահմամբ է զբաղեցրել:
Նոյեմբեր 02, 2012 at 18:31
