Հրազդանի հանքավայրը եւ «Fortune recources» ընկերությունը, արդյոք տեսչական ստուգումներ կանցկացվե՞ն

Հրազդանի հանքավայրը եւ «Fortune recources» ընկերությունը, արդյոք տեսչական ստուգումներ կանցկացվե՞ն

ԷկոԼուր

«Առողջ Հրազդան» Բնապահպանության նախարարից պահանջում է տեսչական ստուգումներ անցկացնել Հրազդանի երկաթահանքում, որտեղ «Fortune recources» ՍՊԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ է անցկացնում: Նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակում ասված է.

«Հարգարժան պարոն Նախարար, 
Ի պատասխան մեր նամակի` կապված Հրազդանի երկաթահանքի տարածքում իրականացվող հորատման աշխատանքների խնդրին, նախարարության կողմից հղված պատասխանում փաստվել էր, որ «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն 2012թ.ապրիլի 19-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ստացել է ԵՀԹ – 29/008 համարի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն` երեք տարի ժամկետով:

Սույն իրողությունը «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամների մոտ հարուցել է մի շարք հարցեր.

ա. «Ֆորչն Ռիզորսիս »ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ուսումնասիրության թույլտվությունը ստացել է ընդամենը 2012թ-ի ապրիլին, այնինչ այդ ուսումնասիրությունները իրականացվում էին ամբողջ 2011թ-ի ընթացքում` դրանց անօրինական լինելու փաստով,ի պատասխան մեր բազմաթիվ ահազանգերին ,ինչու նախարարությունը չէր դադարեցնում նախքան համապատասխան թույլտվությունը իրականացվող ծավալուն աշխատանքները: 

բ. Մեզ հաջողվեց պարզել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հիշյալ թույլտվությունը տվել է բնապահպանության նախարարության «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի թևերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կատարվելիք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության լրամշակված աշխատանքային ծրագրի բնության և շրջակա միջավայրի վրա ադեցության նախնական գնահատման վերաբերյալ եզրակացության հիման վրա:Այս փաստաթուղթը սկսվում է.« ուսումնասիրության տարածքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից 1.5 կմ հյուսիս-արևելք», ինչն իրականության միտումնավոր խեղաթյուրում է, քանզի Հրազդան քաղաքի

• Միկրոշրջան թաղամասի աջափնյակ հատվածի բնակելի շենքերից հանքը գտնվում է մոտ 1 կմ հարավ:
• Վանատուր թաղամասի տներից մոտ 200-300 մ արևելք:
• Կենտրոն թաղամասի բնակելի շենքերից մինչև 1.2 կմ արևելք:
• Կոճոռ թաղամասի տներից մոտ 1 կմ հյուսիս:
• Հինգերորդ Բանավանից մոտ 1 կմ հյուսիս հյուսիս-արևելք:
• Երկաթուղայինների Բանավանից մոտ 500 մ արևելք:

Թվարկածից հետևում է, որ հանքը գտնվում է Հրազդան քաղաքի կենտրոնում, իսկ մոտակա բնակելի տները հանքի տարածքից ընդամենը 200-300 մ հեռավորության վրա:

գ. Բնապահպանական միջոցառումների ծրագրով ուսումնասիրման 
աշխատանքների առաջին փուլի համար նախատեսված են`(մեջբերված է բնապահպանության նախարարության տրամադրած եզրակացությունից)
• առուների անցման ընթացքում հանված բերրի/պոտենցիալ բերրի հողերի պահպանում հատուկ նախատեսված վայրերում:- Չի կատարվել 

• հանութային աշխատանքներից հետո առուների հետլցնում և ռեկուլտիվացում: բնականաբար չի կատարվի, որովհետև հողերը չեն հանվել
• 175.0 հազ. գումարի հատկացում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին` ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման նպատակով: 
դրամագլխի գոյության փաստն ու գումարի փոխանցման իրողությունը ճշտել չհաջողվեց
• սարքավորումների աշխատանք սարքին վիճակում`զտիչներով: 
չի կատարվել
• նավթամթերքի պահեստի տեղադրում դրենաժային համակարգով, բետոնապատ տարածքում: -
Չի կատարվել

• հողերի աղտոտումը կանխելու նպատակով տարեկան երկու անգամ նմուշառման իրականացում:- Չի կատարվել

• բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության իրականացում մեր կարծիքով չի իրականացվել

ինչն էլ հիմք ընդունելով, խնդրում ենք, 

1.« Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի թևերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կատարվելիք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության լրամշակված աշխատանքային ծրագրի բնության և շրջակա միջավայրի վրա ադեցության նախնական գնահատման վերաբերյալ եզրակացությունը համարել անվավեր:

2.Դիմել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը`սույն հիմքով ետ կանչելու ԵՀԹ – 29/008 համարի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը:

3.Հրահանգել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնին` կասեցնելու վերը բազմաթիվ խախտումներով իրականացվող հորատման աշխատանքները:

4.Քննարկել երկրաբանական ուսումնասիրության լրամշակված աշխատանքային ծրագրի բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման փաստաթղթում բացարձակ սխալ տեղեկություններ ներառելու կապակցությամբ աշխատանքային խմբի անդամներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Առողջ Հրազդան խումբ»
քաղաքացիական նախաձեռնություն»:

Նոյեմբեր 05, 2012 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր