

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, կրկնօրինակը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` առաջարկելով հանրային քննարկում կազմակերպել մայրաքաղաքի վրա 29 բաց հանքերի ազդեցության վերաբերյալ: Նամակում ասված է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` «Օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների մասին առ 01.10.2012թ. դրությամբ» տեղեկանքի համաձայն` Երեւանում օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված է 29 հանքային իրավունք: Հանքերը ոչ մետաղական են` գիպսատար կավի, բազալտի, տուֆի, գտնվում են հիմնականում Սարի թաղում, Ջրվեժում, Սպանդարյանում, Աջափնյակում, Նորքում, Վարդաշենում, Ողջաբերդում: Երեւանի հանքեր շահագործող ընկերություններն են «Կվարց» ԱԿ-ն, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, «Վարդաշենի հանք» ՍՊԸ-ն, «Երեւանյան բազալտ» ՍՊԸ-ն, «Իքս-Իգրեկ» ՍՊԸ-ն, «Հազրավարդ» ԱԿ-ն, «Շինֆորում» ՍՊԸ-ն, «Գիկար» ՍՊԸ-ն, «Մաժեստիկ» ՍՊԸ-ն «Գաջեգործ» ՓԲԸ-ն, «Գաջ» ՓԲԸ-ն, «Գյուղշինսպասարկում» ՍՊԸ-ն, «Հանքարդ» ՍՊԸ-ն, «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ն, «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն, «Դելտա Ֆրագմենտ» ՍՊԸ-ն, «Արդիբաշ» ՍՊԸ-ն, «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ն, «Ամելիա մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն:
Հաշվի առնելով Երեւանում հանքարդյունաբերության ընդլայնման միտումները` առաջարկում ենք, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկում կազմակերպի Երեւանում կատարվող հանքարդյունաբերության վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի` Երեւանի քաղաքապետարանի, Բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, Երեւանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների, լրատվամիջոցների մասնակցությամբ` քննարկելու հետեւյալ հարցերը.
- Երեւանում շահագործվող բաց հանքերը որքա՞ն հեկտար տարածք են զբաղեցնում, եւ հանքարդյունաբերության համար հատկացված տարածքները որքանո՞վ կավելանան բնապահպանական փորձաքննությանը ներկայացված նոր նախագծերի հաշվին
- ի՞նչ է շահում Երեւանը հանքարդյունաբերությունից
- ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվում Երեւանի հանքարդյունաբերության նկատմամբ
- որքանո՞վ են երեւանցիները տեղեկացված, որ իրենց համայնքում հանք են շահագործում եւ այն մասին, թե դրանք ինչ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա
- ի՞նչ միջոցառումներ են նախատեսված բնապահպանական ռիսկերը կրճատելու եւ տարածքները վերականգնելու համար»:
Նոյեմբեր 06, 2012 at 15:52
