Պլանային հատումներով ոչնչացվում են Հայաստանի անտառները

Պլանային հատումներով ոչնչացվում են Հայաստանի անտառները

ԷկոԼուր

Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը, ի պատասխան անտառահատումների մասին ահազանգի, ստուգումներ է անցկացրել Ջիլիզայի, Լալվարի եւ Դսեղի անտառտնտեսություններում: Պաշտոնական պատասխանի համաձայն`  Ջիլիզայի անտառտնտեսությունում հատումները կատարվել են Ջիլիզայի դպրոցին վառելափայտ հատկացնելու համար: Մյուս դեպքում քաղաքացի Հարությունյանի կողմից ինքնապատրաստման եղանակով դուրս է գրվել 5,0 խմ վառելափայտ: Մի դեպքում էլ Լոռու մարզի Աքորի համայնքի բնակիչ Ա. Սարգսյանին բաց է թողնվել 4,0 խմ անվճար թափուկ վառելափայտ: Լալվարի անտառտնտեսությունում լրագրողներին ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են անտառահատումների օրինականությունը:

Ինչ վերաբերվում է Դսեղի անտառտնտեսությանը, ապա Մոտկորի մոտակայքում սանիտարական հատումներ են իրականացվել: Հատման համար նշվել է թվով 163 ծառ` ընդհանուր 409,98խմ ծավալով: «Մեր կողմից ընտրանքային կարգով կատարվեց 21 ծառերի չափագրումներ և ծավալները համեմատվեցին հատատեղի հաշվեգնահատման ցուցակի հետ, որի արդյունքում պարզվեց, որ տարբերությունը կազմում է 6%, ինչը թույլատրելի շեղում է: … սակայն կային որոշակի թերություններ կապված ծառերի և տեղանքի ընտրության հետ»,- ասված է Կենտրոնի պատասխանում:

Ստուգումների մասին զեկուցվել է Գյուղատնտեսության նախարարին:

«Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյան, ով հնչեցրել է ահազանգը, կարծում է, որ այսպես կոչված պլանային հատումները կհանգեցնեն ամբողջությամբ անտառի վերացմանը: «Նայեք հատված ծառերին: Մի՞թե դրանք ենթակա են հատման: Ի՞նչ է լինելու հետո: Անտառամերձ համայնքներն իրենց ողջ պատմության ընթացքում օգտվել են անտառից եւ չեն ոչնչացրել այն: Իսկ այժմ «պլանային հատումների» անվան տակ անտառը ոչնչացվում է: Ի՞նչ անել, որպեսզի վերջ տրվի այս ամենին»,- ասում է նա:

Լուսանկարները Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի

Նոյեմբեր 07, 2012 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր