

ԷկոԼուր
Շուտով Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը, ստուգումներ կատարելիս, կառաջնորդվի նոր մեթոդաբանությամբ: ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչությանը`
1) վերլուծել և դասակարգել վերահսկման օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների,
2) ձևավորել տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և վերահսկվող օբյեկտների,
3) մշակել և ներդնել ստուգումների առավել օպտիմալ և արդյունավետ մեխանիզմներ,
4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխել առկա ռեսուրսները:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում բնության և շրջակա միջավայրի համար ռիսկային են համարվում`ջրային ռեսուրսների օգտագործումն ու պահպանությունը, մթնոլորտային օդի պահպանությունը, ընդերքօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահպանումը, հողերի օգտագործումն ու պահպանությունը, կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն ու պահպանությունը, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումն ու պահպանությունը, թափոնների գործածությունը, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունը:
Ներկայումս բնապահպանական պետական տեսչությունը տարեկան իրականացնում է ստուգումներ 2000-2500 տնտեսվարող սուբյեկտներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Նոյեմբեր 20, 2012 at 14:34
