

ԷկոԼուր
Նոյեմբերի 22-ի կառավարության նիստում կքննարկվի ստորգետնյա ջրային հանքավայրերին վերաբերող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մշակած 2 որոշման նախագիծ: 2 նախագծերի նպատակ Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումն է: Մի որոշմամբ դասակարգվելու են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսները, մյուսով հաստատվելու է ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը:
Մի որոշմամբ կարգավորվելու են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը, ստորերկրյա ջրերի պաշարների հաստատմանը և ստորերկրյա ջրերի հանքավայրերի գնահատման հետ առնչվող հարաբերությունները: Մյուս որոշման ընդունմամբ կարգավորվելու են ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների իրականացման մեխանիզմները, ժամկետները, ջրի քանակական և որակական չափանիշների հետազոտմանը ներկայացվող պահանջները: Կկարգավորվի նաև ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի սանիտարական գոտիների ռեժիմների պահպանման մեխանիզմները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, մինչև այժմ ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումները ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու նպատակով իրականացվում էին տարերայնորեն, առանց որևէ իրավական նորմատիվային փաստաթղթի առկայության:
Նոյեմբեր 20, 2012 at 16:41
