Սեւանը համաժողովրդական սեփականություն է, բայց տեր չունի

Սեւանը համաժողովրդական սեփականություն է, բայց տեր չունի

ԷկոԼուր

«Սեւանա լճի մասին» օրենքով Սեւանը հայտարարված է համաժողովրդական սեփականություն, սակայն տեր չունի: Այսպես է կարծում «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղափյանը: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նա մի շարք հարցեր բարձրացրեց. «Կառավարությունը հիմա իր սուղ պայմաններից գումարներ հատկացնում է: Մենք հասկանում ենք, որ բոլոր ուղղություններում աշխատանքներ կան, սակայն այդ աշխատանքներն ավարտին հասցնելու համար հարկավոր են լուծել ավելի արմատական խնդիրներ: …Երբ մենք խոսում ենք անտառների մաքրման մասին, որոնք ջրածածկվում են եւ լուրջ հարված են հասցնում Սեւանի էկոհամակարգին, ապա մենք տեսնում ենք, որ ջուրն ավելի արագ է բարձրանում, քան հասցնում են մաքրել անտառները, դրան ավելացրած նաեւ այն շինությունները, որոնք ջրածածկվում են: Լուրջ խնդիր է հատուկ պահպանվող տարածքների խնդիրը, որոնք ընդգրկում են հազարավոր հեկտարներ, որոնք պահանջում են պահպանություն, ցանկապատում: … Հաջորդ խնդիրը անտառների վերարտադրության խնդիրն է: Եթե տարեկան ասենք 2-3 հազար հեկտար անտառ ջրածածկ է լինում, կամ կտրվում է մաքրվելու համար, 3 000 հա անտառ հաստատ չի տնկվում: Այդ խնդիրը լուծում են բնակիչները, բերեմ Ծովինար գյուղի օրինակը: Հերոս են այդ մարդիկ ուղղակի, իրենք արտադրում են տնկիներ, այնպիսի տնկիներ, որոնք 20 տարի առաջ մեր մարզի կլիմային անսովոր էին` խոսքը վերաբերում է ծիրանին, կեռասին, դեղձին, ընկույզին: …Կուզեի Վերին Գետաշեն համայնքի օրինակը բերել, գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը ծովի մակարդակից մոտ 2500 մ բարձրության վրա ստեղծել է անտառ եւ այսօր էլ պահպանում է այն:

…Եթե վերհիշեմ 1970-1990 թվականները, երբ մեր լեռներն էին անտառապատվում, եւ դա իրականացնում էր «Հայանտառ»-ը, հիացմունքով եմ ես հիշում այդ տարիները:  «Հայանտառ»-ը` ինքը, արտադրում էր այդ ծառը, տնկում էր, պլանավորում էր` ինչքան պիտի հատվի:  Այսօր մի տեսակ զարմանալի է, որ կառավարման խնդիրն է, որ ինքը չի հստակեցվում:

Հաջորդ լուրջ խնդիրը ձկան վերարտադրությունն է: Ձկան վերարտադրության խնդիրը լուծում էին մեր Սեւանի ավազանի 4 ձկնաբուծարանները` Սեւանի, Գավառի, Լիճքի եւ Կարճաղբյուրի: Այս ամբողջ համալիրը 90 թ-ից սկսած ոչնչացվեց:  Էնդեմ ձկնատեսակների վերարտադրության մասին երբ մենք խոսում ենք, մենք պիտի մի բան ի նկատի ունենանք, որ այդ բոլորը պիտի տեղի ունենա այն գետակների վրա, որոնք մշտահոս են եւ թափվում են Սեւանա լիճ: Սակայն բերվում են մանրաձկներ Արարատի մարզից, Ջերմուկից եւ լցվում են լիճ: Ես կխնդրեմ, մի հատ այցելեք Լճավան գյուղ, այնտեղ մի ձկնաբույծ Արշակ կա, որը առանց մեկ դրամ ներդնելու ստեղծել է իր ձկնաբուծարանը եւ հսկայական քանակի ձուկ է ստանում: Մանրաձուկ ունի, սակայն ոչ ոք իրենից չի գնում, որ բաց թողնի լիճ: Կարճաղբյուրի ձկնաբուծարանը եւ Լճավանի լիճը, որտեղ ժամանակին բուծվել է իշխանի մի քանի տեսակների մայրական կազմերը, այսօր այդ հսկայական համալիրը անգործության է մատնված:

…Խորհրդային միությունը փլուզվեց, որովհետեւ տեր չուներ, «Սեւանի մասին» օրենքով Սեւանը հայտարարված է համաժողովրդական սեփականություն, եւ տեր չունի: Այդպես կշարունակվի, ինչ օրենք ուզում եք գրեք: Ես գտնում եմ, որ Սեւանը պետք է սեփականաշնորվի մեկ մարդու, եւ նա Սեւանը կպահի իր բոլոր կողմերով, բոլոր գծերով: Պետք է ստեղծվի այնպիսի մի կառույց, որ բոլոր գլոբալ խնդիրները իրենք մեկտեղեն, որ մեկ կառույցը լուծի այդ խնդիրները բոլոր առումներով, եւ օրենքը պիտի կիրառվի ամենայն խստությամբ… »:



Դեկտեմբեր 14, 2012 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր