

ԷկոԼուր
«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` կոչ անելով կանգնեցնել դեկտեմբեր ամսին անցկացվող հանքարդյունաբերական նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների շքերթը: Նամակում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում կանգնեցնել ոչնչով չհիմնավորված հանքարդյունաբերական նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների շքերթը, չնպաստել հանքարդյունաբերական ընկերությունների ոչ թափանցիկ գործունեությանը եւ հանքարդյունաբերական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
Հանքարդյունաբերական ընկերությունները, Բնապահպանության նախարարության հետ համաձայնության գալով, դեկտեմբերի վերջին սկսել են հասարակական լսումների շարք: Մենք դիտավորություն ենք տեսնում ընկերությունների եւ Բնապահպանության նախարարության գործողություններում: Դեկտեմբերի 5-ից մինչեւ 21-ը, նշանակված են 10 նախագծերի լսումներ, իսկ դեկտեմբերի 18-ին լսումներն անցկացվում են միանգամից 3 նախագծերի վերաբերյալ` Սոտքի («GeoProMining Gold» ընկերության նախագիծ) Lիճքի եւ Այգեձորի («Թաթսթոն» ՍՊԸ-ի նախագծեր):
Նախագծերի մեծամասնությունը բարձր ռիսկեր են պարունակում մարդկանց առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի համար: Լսումներն անցկացվում են գյուղերում, որոնց բնակիչները չեն պատկերացնում այդ ռիսկերը եւ ստիպված կողմնորոշվում են ընկերությունների կամ նախագծողների տված բացատրություններով: Մեր փորձի համաձայն` հաճախ նախածողները եւ ընկերությունները ապատեղեկացնում են տեղի բնակչությանը` ընդհուպ մինչեւ խեղաթյուրելով նախագծային տվյալները: Այլընտրանքային տեղեկատվության միակ աղբյուրն անկախ փորձագետներն են եւ ակտիվ հասարակայնությունը: Սակայն լսումների անցկացման այս տեմպերի պայմաններում հասարակայնությունը զրկված է լիարժեք մասնակցության իրավունքից եւ չի հասցնում ուսումնասիրել նախագծային փաստաթղթերը: Իսկ այն դեպքում, երբ մեկ օրում նշանակվում են միանգամից 3 հասարակական լսումներ, հասարակայնությունը ֆիզիկապես չի կարող մասնակցել այդ լսումներին: Եզրակացությունը հետեւյալն է, որ Բնապահպանության նախարարությունը, որի հետ ընկերությունները համաձայնեցնում են հասարակական լսումների անցկացման ժամկետը, անտարբերություն է ցուցաբերում որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության իրավունքի ապահովման նկատմամբ, այսինքն` խախտում է Օրհուսի կոնվենցիան: Վերոնշյալ քայլերով նախարարությունը նպաստում է հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության թափանցիկության բացակայությանը եւ հանքարդյունաբերական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
Դիմում ենք Բնապահպանության նախարարութանը` պահանջելով ապահովել հասարակայնության լիարժեք մասնակցությունը հասարակական լսումներին, որն է`
- ընկերություններից պահանջել փորձագետների մասնակցությամբ հասարակական լսումներ անցկացնել Երեւանում` «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ցիանային արտադրության նախագծի, «GeoProMining Gold» ընկերության Սոտքի հանքավայրի փոփոխված նախագծի, «Թաթսոն» ընկերության կողմից Լիճքի պղնձի հանքավայրի եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի նախագծերի, «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի նախագծի, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի նախագծի վերաբերյալ
- մինչեւ դեկտեմբերի վերջ բնապահպանական փորձաքննությանը ներկայացված որեւէ նախագծի վերաբերյալ նոր հասարակական լսումներ չկազմակերպել եւ հասարակայնությանը հնարավորություն տալ ծանոթանալ նախագծերին
- Օրհուսի կոնվենցիայի համաձայն` հասարական քննարկման ենթակա բոլոր նախագծերի վերաբերյալ ապահովել էկոլոգիական տեղեկատվություն, տեղադրել նախագծերը Բնապահպանության նախարարության կայքում կամ ընկերությունների կայքերում, որոնք ներկայացնում են նախագիծը եւ տրամադրել հղումը այդ նախագծերի վրա, եթե ընկերությունը չունի սեփական ինտերնետային կայք, կամ հրաժարվում է հրապարակել նախագծի էլեկտրոնային տարբերակը, ապա այդ դեպքում համարել, որ ընկերությունը չի ապահովում իր գործունեության թափանցիկությունը, շահագրգիռ հասարակայնությունից թաքցնում է տեղեկատվությունը, եւ մերժել նախագիծն այնքան ժամանակ, մինչեւ կապահովվի հասարակայնության կողմից պահանջված տեղեկատվության տրամադրումը»:
Դեկտեմբեր 18, 2012 at 15:50
